ԿարևորՏնտեսական

ԱՄՀ- ն նախատեսում է կիրառել գնաճի կառավարման հայաստանյան փորձը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

2013 թվական մուտք ենք գործում տնտեսական բարձր ակտիվությամբ, ցածր եւ կայուն գնաճային միջավայրով, ֆինանսական կայուն վիճակում: Գնաճը հաջողվել է պահել կանխատեսվածի շրջանակներում` 3.2 տոկոս:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ամփոփելով անցնող տարին հպարտությամբ նշեց, որ որ Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է գնաճի կառավարման հայաստանյան փորձը կիրառել որպես օրինակ զարգացող երկրների համար:
Ջավադյանին հպարտանալու առիթ են տալիս նաեւ բանկերի ցուցանիշերը: Ունենք կենսունակ եւ կայուն բանկային համակարգ. հայտարարեց գլխավոր դրամատան ղեկավարը:
Նաեւ Ջավադյանի դիտարկումները հիմք ընդունելով` Կենտրոնական բանկի տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը 2012-ը գնահատեց որպես հաջողված տարի:
Տարվա վերջին հանրապետության նախագահն արձանագրում է, որ  2012-ին հաջողվեց ցրել բոլոր հոռետեսական տրամադրություններն ու փարատել մտահոգությունները:
Կենտրոնական բանկի տարեկան աշխատանքները մանրամասնելով` հանրապետության գլխավոր դրամատան ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ եկող տարիներին հանրապետությունում սպասվելիք խոշոր փոփոխություններից մեկին` կենսաթոշակային բարեփոխումներին ընդառաջ իրենք բանակցություններ են վարում օտարերկրյա հեղինակավոր ակտիվների կառավարիչների հետ:
2014-ից սկսած աշխատողները պետք է սկսեն իրենց ամսական աշխատավարձերից մասհանում կատարեն կենսաթոշակային ֆոնդերին` այդ գումարը ծերության օրոք որպես կենսաթոշակ ստանալու համար:
Կուտակվող այդ գումարները վստահելի ձեռքերի պահ տալու նպատակով քայլեր են ձեռնարկվում՝ ներգրավելու կենսաթոշակային ֆոնդերի կառավարման փորձ ունեցող վստահելի կազմակերպությունների:
Ջավադյանին ուրախացնում է նաեւ հասարակության ֆինանսական գրագիտության ավելացումը եւ այն, որ հաջողվել է տնտեսության տարբեր ճյուղերի եւ հասարակության տարբեր խմբերի շուկայականից ցածր տոկոսադրույքնենորվ վարկեր տրամադրել:
Էժան վարկեր ուղղվեցին գյուղատնտեսության ոլորտին, տարբեր մասնագիտության տեր երիտասարդ ընտանիքներին: Գերմանական KFW բանկի հետ արդեն կնքվել են գյուղատնտեսության եւ էներգետիկայի զարգացման վարկավորման նոր ծրագրեր: Կենտրոնական բանկը 2012-ն ամփոփում է դրական ցուցանիշերով` մաղթելով, որ տարին սկսենք լավ եւ ավարտենք ավելի լավ:

Թողնել պատասխան

Back to top button