Հասարակություն

Գուրգեն Մարգարյանի եղբորդ՝ Վահրամի առաջադրված մեղադրանքը փոխվել է

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ սպանություն կատարելու եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու համար Վ. Մարգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է եւ հոկտեմբերի 19-ի դատական նիստում նրան ներկայացվել է նոր մեղադրանք, հայտնում են գլխավոր դատախազությունից:
2011թ. օգոստոսի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանի սպանության դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Վ.Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել` չպարզված հանգամանքներում ապօրինաբար ռազմամթերք հանդիսացող նռնակ, նռնակի պայթուցիչ ձեռք բերելու եւ իր բնակարանում պահելու, Բ. Հակոբյանի օժանդակությամբ եւ վերջինիս կողմից տրամադրված հրազեն հանդիսացող Մակարով տեսակի ատրճանակի գործադրմամբ Խ. Գալոյանին սպանելու համար:

Իսկ Բ. Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել` սպանությանն օժանդակելու եւ ապօրինի կերպով զենք պահելու համար: 2012թ. ապրիլի 4-ին քրեական գործն ուղարկվել էր Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Քրեական գործի դատաքննության փուլում հետազոտվել են ինչպես մեղադրական եզրակացությամբ վկայակոչված բոլոր ապացույցները, այնպես էլ դատարանում մեղադրանքը պաշտպանողի եւ դատապաշտպանի միջնորդությամբ վկայակոչված նոր ապացույցները:
Առաջադրված մեղադրանքում Վահրամ Մարգարանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ հորաքրոջ տանից հայտնաբերված ռազմամթերքից տեղյակ չէ, Խաչիկ Գալոյանին չի սպանել, նրա սպանությանը որևէ առնչություն չի ունեցել և միայն հեռուստատեսությամբ է տեղեկացել, որ վերջինիս սպանել է Բորիս Հակոբյանը:
Բորիս Հակոբյանն առաջադրված մեղադրանքում իրեն ևս մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ որդու` Տիգրանի սպանությունից հետո մեկնել է ՌԴ Տուապսե քաղաք և փորձել է սեփական միջոցներով պարզել որդու սպանությունը կատարած անձանց:
Խաչիկ Գալոյանի, ինչպես նաև այլ անձանց հետ ունեցած զրույցներից իր մոտ համոզմունք է առաջացել, որ սպանությունը կազմակերպել է Խաչիկ Գալոյանը, սակայն իր համոզմունքի մասին ոչ նրան, ոչ էլ որևէ այլ անձի չի հայտնել, այլ նպատակադրվել է հարմար առիթի դեպքում սպանել նրան և լուծել որդու վրեժը:
2011թ. ամռանը Բորիս Հակոբյանը, տեղեկանալով Խաչիկ Գալոյանի` Հայաստան մեկնելու մասին, առանց որևէ մեկին տեղեկացնելու, ինքը նույնպես ժամանել է Հայաստան: Երևանում գտնվելու ժամանակ 2 օր հետևել է Խաչիկ Գալոյանին, ապա 02.08.2011թ.` ժամը 21:00-ի սահմաններում, Զաքյան փողոցում մոտենալով նրան` հանգուցյալ հորից իրեն փոխանցված ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել Խաչիկ Գալոյանի մարմնի տարբեր մասերին, իսկ դեպքից օրեր անց կամավոր ներկայացել է ոստիկանություն և հանձնել հանցագործության գործիքը:
Դատարանում հարցաքննված վկաները` Բորիս Հակոբյանի կինը` Լուսիկ Պողոսյանը, որդին` Սարգիս Հակոբյանը, ինչպես նաև բարեկամը` Վարուժան Ստեփանյանը, գրեթե նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել։

Վարդան Սահակյանը և Նունե Ղազախեցյանը, ովքեր հանցագործության դեպքի վայրում տեսել են հանցանք կատարած անձին փախուստի դիմելիս, թեև նախաքննության ընթացքում հարցաքննվել էին, սակայն իրենց ցուցմունքներով անձի ճանաչման գործողություն կատարելու համար բավարար տվյալներ չէին ներկայացրել, որի արդյունքում վկայակոչված քննչական գործողությունը չէր կատարվել:
Մինչդեռ դատաքննության ընթացքում Վարդան Սահակյանը և Նունե Ղազախեցյանը ցուցմունքներ տվեցին այն մասին, որ ամբաստանյալ Վահրամ Մարգարյանը ոչ հասակով, ոչ կազմվածքով ընդհանրապես նման չէ այն անձին, որին տեսել են դեպքի վայրում, փոխարենը նշեցին, որ ամբաստնյալ Բորիս Հակոբյանը թե հասակով, թե տարիքով և թե կազմվածքով համապատասխանում է դեպքի վայրում իրենց կողմից նկատված անձին:
Այսպիով՝ մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազի՝ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի գնահատմամբ դատաքննության ընթացքում ի հայտ են եկել այնպիսի տվյալներ, որոնք նախաքննական մարմնին հայտնի չեն եղել:

Թողնել պատասխան

Back to top button