ԿարևորՏնտեսական

Կանաչ լույս՝ ընդերքօգտագործողների համար. բնապահպանները չեն հաշտվում «Ընդերքի մասին» օրենսգրքում կատարված փոփոխությունների հետ

Բնապահպաններն ու իրավապաշտպանները շարունակում են պայքարել «Ընդերքի մասին» օրենսգրքում արդեն կատարված փոփոխությունների դեմ։ Նախագահը վերջերս ստորագրեց այն՝ հիմք ընդունելով  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության եզրակացությունը, թե փոփոխությունների նախագիծը Սահմանադրությանը հակասող հոդվածներ և կետեր չունի: Բնապահպաններն  ու քաղհասարակության ներկայացուցիչները, սակայն, հակառակ կարծիքին են․ փոփոխությունները ոչ միայն խնդրահարույց են, այլև Սահմանադրությանը հակասող։

Բնապահպանական շրջանակներում դժգոհ են նախագահի քայլից. ստորագրելով  «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը՝ նախագահը կանաչ լույս վառեց ընդերքօգտագործողների համար, փոխարենն արգելակեց ժողովրդավարական գործիքների ու մեխանիզմների կիրառման հնարավորությունը: «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի պնդմամբ՝ օրենքը հակասահմանադրական մի շարք կետեր է պարունակում: Ափսոսում է, որ  նախագահն  անտեսեց քննարկումների վերաբերյալ տասնյակից ավելի ՀԿ-ների և անհատների առաջարկը:

Մասնավորեցնում է բնապահպան-իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը․ «Տվյալ օրենքը 4 տարվա հետադարձ ուժ ունի, սա Հայաստանում վերջին տարիներին միայն Ամուսլարի դեպքն է, երբ մարդիկ պայքարել են և խոչընդոտվել է ընկերության գործունեությունը: Այս տարի լրանում է 4 տարին, միգուցե  արդեն գործընթաց սկսած լինեն, որ իրենց ընդերքօգտագործման իրավունքը վերականգնեն՝ ըստ նոր հաստատված օրենքի:  Ո՞նց կարելի է քաղաքացիական պայքարն անվանել անհնազանդություն և ո՞նց կարելի է համայնքի սեփական իրավունքների համար պայքարն օրենքի ուժով դարձնել անիմաստ: Ասում է՝ դու ինչքան ուզում ես պայքարի, ճանապարհ փակի, 5 ամիս փակեցիր, ընդերքօգտագործողը 5 ամիս երկար կաշխատի»:  

Բնապահպան Լևոն Գալստյանի կարծիքով՝ նման փոփոխությունները  ճնշումների կամ շահերի բախման հետևանք են:  Կիսում է կարծիքը,  որ վերջին շրջանում պետություն-քաղհասակություն ոլորտային քննարկումները բովանդակային առումով անիմաստ են դարձել: Որպես փաստաթուղթ օրենքը շատ խոցելի է համարում՝ հենց միայն հետադարձ ուժի դրույթների առումով: 

Լևոն Գալստյան, բնապահպան․ «էկոլոգիայի, հանքարդյունաբերության հետ կապված ժողովրդավարության հետքայլն արդեն 2019 թվականի սկզբից էր ակնհայտ: Սա խայտառակ դրույթներ պարունակող օրինագիծ է, որի մասին չէինք կարող երազել անգամ նախորդ ավտորիտար ռեժիմների ժամանակ: Ես չգիտեմ կա՞ նման նախադեպ միջազգային պրակտիկայում, որ օրենքի որևէ դրույթ ընդունվի և ունենա հետադարձ ուժ՝ նախորդ 4 տարվա համար»:

 «Ընդերքի մասին» օրենսգիրքը լրացվել է նոր՝ 55-րդ հոդվածով, որ նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում՝ անհաղթահարելի ուժի հիմքով: Անհաղթահարելի ուժ են համարվում նաև քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Եթե, օրինակ, ֆորս-մաժորային, այսինքն՝ անհաղթահարելի ուժի պատճառով ընկերությունը չի կարողացել աշխատել, ու դա տեղի է ունեցել վերջին 4 տարում, թույլտվության ժամկետը երկարացվում է ճիշտ այդքան՝ առանց լրացուցիչ փորձաքննության իրականացման: Օրենքը հակասում է ոչ միայն Սահմանադրությանն ու տեղական օրենսդրությանը, այլև Օրհուսի և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիաներին՝  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց բնապահպան Ինգա Զարաֆյանը։

 «Մեր կարծիքով՝ ողջ օրենսդրությունը փոխվում է լրիվ անհասկանալի ներդրողների համար, որոնք իսկական շահագործող չեն: Իսկական շահագործողները վաղուց շահագործում են իրենց հանքը և պետությունը ստանում է շատ փոքր շահույթ՝ 4 % ՀՆԱ-ի: Եթե նման անհասկանալի ներդրողներին տալիս է կանաչ լույս, պարզ չէ, ինչի համար է տալիս՝ լրիվ ոչնչացնելով և՛ հասարակության կարծիքը, և՛ տեղի բնակչության կարծիքը:  Եվ՛ սեփականության իրավունքը, և՛ ազատ խոսքի, և՛ բողոքի ակցիայի իրավունքը, սահմանադրական իրավունքն են, լրիվ հակասահմանադրական է, վտանգավոր»:

Տարիներ շարունակ բնապահպանական ոլորտն ու հատկապես Ամուլսարի խնդիրները լուսաբանած լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանի  կարծիքով՝ պետություն -ՀԿ սեկտոր քննարկումները  ձևական են դարձել: Պետությունը հաշվի չի նստում քաղհասարակության կարծիքի հետ՝ երկրի համար կարևոր քաղաքականության մշակման հարցում։ Օրենքի հապշտապ ստորագրումը Ենոքյանը նաև Ամուլսարի շահագործման հետ է կապում:

Լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյան․«Այո, մենք գտնում ենք, որ այս օրենքի ընդունումը կոնկրետ կապված է Ամուլսարի խնդրի հետ և իրենք դա անցկացնում են, որ ընկերությունը չունենա շահագործման համար նոր թույլտվություն ստանալու իրավունք, հին իրավունքները ուժի մեջ լինեն»:

Բնապահպանները պատահական չեն համարում նաև այն, որ այժմ Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ մշակման փուլում է  ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարությունը, որով կառավարությանն առաջարկվում է  սահմանել նաև իրավական հետևանքների ընթացակարգ՝ հանրային լսումների տապալման համար:  Մինչ օրենսդիրը ոլորտի փոփոխությունները վստահելի ներդրումային միջավայրի ձևավորմանը միտված քայլ է որակում,  հակառակն է ստացվել՝ ասում են բնապահպանները. ավելի են խորացել կասկածներն ու  վիճահարույց կետերը: Ոչ մի օրենք չի կարող կասեցնել համայնքի բնակչի պայքարը՝ հանուն իր սեփականության ու շատ այլ իրավունքների: Առաջիկայում պատրաստվում են դիմել Համաշխարհային բանկին։

Ինգա Զարաֆյան․«Դիմելու ենք Համաշխարհային Բանկին և պահանջենք, որ հետ կանչի կամ ֆինանսավորումը, կամ դիրքորոշում հայտնի այդ ամենի նկատմամբ»: 

Հունիսի վերջին  մայրաքաղաքում «Ամուլսար. Մարդու իրավունքների խախտումներ եւ շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունք ոսկու որոնման գործընթացում» նոր զեկույցի ներկայացմանը «ՍԻԻ Բանկուոչ Նեթուորք» («CEE Bankwatch Network»)  ՀԿ-ների միջազգային ցանցի ՎԶԵԲ-ի քաղաքականության պատասխանատու Ֆիդանկա Բաչեվա-Մաք Գրեյթը մտահոգություն է հայտնել ընդունված օրենքի առթիվ: Միանալով մի շարք կոնվենցիաների Հայաստանը պարտավորվել է հարգել իր քաղաքացիների իրավունքները, մինչդեռ հանքարդյունաբերության ոլորտի վերջին փոփոխությունները վտանգում են ժողովրդավարությունն ու սահմանադրական իրավունքը Հայաստանում:


Back to top button