

Քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը սահմանադրական բարեփոխումներն են, շատ պատասխանատու մի շրջան է, եւ կարեւոր է հասարակության մասնակցությունը, որ տեղեկացված լինի ու ձեւավորի գիտակցված որոշում, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասել է Ազգային ժողովի ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
Նույն թեմային անդրադառնալով՝ Փաստաբանների պալատի անդամ Նորայր Նորիկյանը կարծիք է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումների անհրաշտություն մեր երկրում այս պահին չկա եւ, ըստ էության, նոր Սահմանադրության տեքստը խոսում է նրա մասին, որ իշխանությունը հատել է հոգեբանական այն կարմիր գիծը, որն առկա է հասարակության մեջ այն առումով, որ երկրի գործող նախագահը պետք է հանձնի իշխանությունը և գնա թոշակի: Այս սահմանադրական փոփոխություններով հայտ է ներկայացվել ջարդելու այդ ընկալումը, շեշտել է Փաստաբանական պալատի անդամը:
Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումները քաղաքական օրակարգի թիվ մեկ թեման է, չափազանց պատասխանատու մի շրջան է եւ այդ ամենին հասարակության մասնակցությունը շատ կարևոր է, քանի որ հասարակությունը պետք է տեղեկացված լինի կատարվող իրադարձություններից: Անկախ նրանից, թե քաղաքական ուժերն ինչ դիրքորոշում կունենան, ի վերջո, հասարակությունն է որոշում կայացնողը:
«Իհարկե՝ չափազանց կարևոր է, որ հասարակությունն առավել քան տեղեկացված լինի այն գաղափարներին, որոնք իրենց հետ բերում են այս փոփոխությունները: Չափազանց կարեւոր է, որ քաղաքացին փորձի պատկերացումներ ձեւավորել իր համար, որովհետեւ չափազանց կարեւոր է, որ որոշումը լինի գիտակցված»:
Գագիկ Մինասյանի խոսքով՝ սահմանադրությունը որքան էլ լինի կարևոր, այն ունի իր առանձնահատկությունները՝ լինելով փոքր փաստաթուղթ, այն շատ կարևոր մեկնաբանության և ընկալման անհրաժեշտություն ունի:
«Այս նախագծի կարևորագույն առավելություններից մեկը համարում եմ այն, որ, ըստ էության, նշանակումների հարցում խորհրդարանական մեծամասնությունը ինքնուրույն ոչինչ որոշել չի կարող: Անհրաժեշտ որոշում կայացնելու համար պետք է 60 տոկոս եւ նման պարագայում մեծամասնությունն անպայման պետք է գնա կոմպրոմիսների: Ես կարծում եմ, որ սա առաջարկվող սահմանադրության ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, որով խորհրդարանական մեծամասնությանը պարտադրվում է անպայման համագործակցել խորհրդարանական փոքրամասնության հետ»:
Փաստաբանների պալատի անդամ Նորայր Նորիկյանի գնահատմամբ, սակայն, մի շարք անհեթեթություններ ու հակասություններ կան սահմանադրությունում: Մասնավորապես՝ կուսակցությունների սահմանադրական կարգի բռնի տապալման վերաբերյալ 45-րդ հոդվածի 4-րդ կետը, նրա համոզմամբ, դառնալու է «մահակ մրցակից կուսակցություններին լիկվիդացնելու համար»:
Իրավաբանի կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների պահանջ, անհրաշտություն մեր երկրում այս պահին չկա եւ հարցը արհեստականորեն է բերվել օրակարգ: «Հրապարակ է բերվել մի օրակարգ, որը արդիական չէ, որը այս պահին չի լուծելու այն խնդիրները, որոնք կան: Այլ կերպ՝ գործող Սահմանադրությունն այն վատ գործիքը չէ, որով հնարավոր չլինի լուծելու այսօր Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած խնդիրները: Հետեւաբար, ես կարծում եմ, որ արհեստականորեն օրակարգ բերված հարցը պետք է հանվի օրակարգից»:




