

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը Սահմանադրական բարեփոխումներին կողմ է, սակայն, կարծում է, որ այսօր ներկայացված նախագծով Հայաստանը չի կարող լինել իրավական պետություն: Քաղաքագետ, իրավաբան Էդվարդ Մամիկոնյանի գնահատմամբ՝ Սահմանադրական բարեփոխումների ներկայացված նախագիծն ուղղակիորեն Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարում է նշանակում, իսկ դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ՝ նման սահմանադրությամբ համակարգ չի կարող փոխվել:
ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը կողմ է սահմանադրական բարեփոխումներին: Եթե իր հայրենիքում հայն ամենավատն է ապրում, նշանակում է պատճառներ կան, իսկ ամենալուրջ պատճառը Սահմանադրությունն է՝ բարեփոխումներին կողմ լինելը հիմնավորեց նա:
«Մեր Սահմանադրությունը չի ապահովում մեր հայրենիքի բարգավաճումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը, տնտեսության հզորացումը եւ այլն: Դրա պատճառով ես մտածում եմ, որ անպայման անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումներ կատարել»։
Սակայն այն, ինչ առաջարկվել է, ըստ Ազատ Արշակյանի, բավականին թերի է, անհեթեթություններով լեցուն: Նրա խոսքով, առաջին հերթին շատ վատ է, որ չկա անգամ ընտրության հնարավորություն, այսինքն՝ եթե չես համաձայնում բարեփոխումների հետ, նշանակում է ընտրում ես մեր կյանքն այսպիսին դարձնող հին, անկատար Սահմանադրությունը, որին նույնպես դեմ է։
«Պետք է երկու տարբերակ առաջարկեին: Դա կլիներ ընտրություն: Դա մեկ թերություն, որ բարեփոխված հինը չունենք մենք, ունենք միայն սա կամ շատ հինը»,- ասում է։
Գերագույն խորհրդի պատգամավորը նաեւ դժգոհեց, որ Սահմանադրության նախագիծն ամբողջությամբ չի ներկայացվել, ներկայացվել է միայն 7 գլուխը, իսկ այդպես լինել չի կարող: Ամբողջ փաթեթի առկայությամբ է հնարավոր միայն քննարկելը: «Ինչ-որ բանի վրա անընդհատ հղումներ են արվում ու մենք չգիտենք, թե դա ինչ է»:
Քաղաքագետ-իրավաբան Էդվարդ Մամիկոնյանը նույնպես կարծում է, որ գործող Սահմանադրությունն ունի փոփոխության կարիք, սակայն ոչ այն փոփոխությունների, որոնք առաջարկվել են: «Նախեւառաջ, ինձ համար պարզ չէ, թե ինչու սկսվեց այս բարեփոխումները եւ այս ձեւով։ Այսինքն՝ ինչ խնդիրներ են առաջացել Հայաստանում, որոնք հին Սահմանադրությունը ի վիճակի չէ լուծելու եւ այս նորը կլուծի»:
Քաղաքագետ-իրավաբանի գնահատմամբ՝ կան շատ հարցեր, մտահոգություններ: Ամենագլխավորներից մեկը՝ շարադրման լեզուն վայել չէ Սահմանադրությանը: Եթե լեզվի խնդիրը հնարավոր է լուծել խմբագրական աշխատանքներով, ապա՝ մեկ այլ մտահոգություն է բովանդակությունը: « Ես կարծում եմ, որ այս սահմանադրության տեքստն ուղղակիորեն պաշտոնապես հրաժարվում է Հայաստանի սուվերենիտետից՝ ինքնիշխանությունից»։
Բանախոսը մատնանշեց երկու հոդված՝ 5-րդ հոդվածի երկրորդ կետը եւ 81-րդ հոդվածի երկրորդ կետը, որոնց համաձայն Հայաստանում գերակայություն են ունենում միջազգային ընդհանուր իրավունքի այնպիսի նորմեր, որոնց անգամ Հայաստանը չի միացել: Քաղաքագետ-իրավաբանը մտավախություն ունի. «Դա շատ լուրջ խնդիր է; եթե երկիրը չունի իրավական անկախություն՝ սուվերենիտետ, ուրեմն նա չի ունենա սուվերենիտետ ընդհանրապես, որեւէ այլ հարցում»։
Բանախոսի գնահատմամբ՝ ներկայացված նախագծով նաեւ անհասկանալի ու շատ տարօրինակ է իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը, նոր նախագծով ստեղծվում է, նրա ձեւակերպմամբ, «միակուսակցական կառույց իր պոլիտբյուրոյով»:
Ինչ վերաբերում է տնտեսությանը՝ չկա պետական սեփականություն, ինչը նշանակում է, որ ամեն ինչն է անցնելու մասնավորին պարտադիր ձեւով ու պետությունը չի կարողանալու գոնե որոշ չափով կարգավորումներ անել՝ ասենք անտառների ու ընդերքի:
Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ մտահոգությունները շատ են, անհեթեթությունները՝ նույնպես եւ նման ձեւով քննարկում կազմակերպելն անիմաստ է: «Մեր կուսակցության դիրքորոշումը հստակ է՝ հետ վերադարձնել այս նախագիծ կոչվածը հանձնաժողովին, քանի որ լուրջ խմբագրական անհրաժեշտություն կա: Մինչեւ այդ ամենը չլինի մենք փաստաթղթի քննարկմանը չենք անդրադառնալու»:
Արամ Սարգսյանը նաեւ շեշտեց, որ իր կուսակցության համար խորհրդարանական կառավարումն ի սկզբանե ընդունելի է, սակայն, աշխարհում կան դրա կիրառման տարբերակներ եւ հեծանիվ հորինելու անհրաժեշտություն չկա:




