
Ախթալայում բնկավող կանայք ու Ուրցաձորի երեխաները կարող են Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների համար ուղենիշ դառնալ: Կարծիքը՝ Պորտուգալիայի սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ջիովանի Ալեգրետիին է: Նա և մի քանի այլ միջազգային փորձագետներ այս օրերին մասնակցում են «Քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում» թեմայով մարզային համաժողովներին,որոնց նպատակն է բարձրացնելով քաղաքացիների իրազեկվածության աստիճանը, նրանց հնարավորինս ներգրավել տեղական ինքնակառավարման մարմինների կայացրած որոշումներում: Համաժողովներից հետո մշակվելու է «Քաղաքացիների մասնակցության ուղեցույց»: Մարզային համաժողովներն անցկացվում են Եվրոպայի Խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի աջակցությամբ, ֆինանսավորվում են Դանիայի կառավարության կողմից՝ «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում: Եղեգնաձորում կազմակերպված համաժողովին մասնակցել են հարավային մարզերի 100 համայնքների ղեկավարներ, հուլիսի 16-ին Աղվերանում նույն համաժողովին կմասնակցեն հյուսիսային մարզերի 100 համայնքների ղեկավարները:
Հիմնական «թիրախը» փոքր համայնքներն են, նպատակն էլ նրանց բնակիչներին համայնքային խնդիրներին վերաբերող որոշումներին ու հարցերին մոտեցնելն է: Հենց այս հարցն է, որն ամենաշատն է մտահոգում տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուներին: Մեր երկրում անգամ օրենսդրական փոփոխություններն այս հարցում դեռ դրական տարրեր չեն պարունակում:
2013թ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին, որտեղ որպես պարտադիր հետևյալ նորմերը սահմանվեցին , և ավագանին ու համայնքի ղեկավարը պարտավոր են լսել բնակիչներին: Կախված բնակչության թվից՝ մինչև հազար բնակիչ ունեցող համայնքների չորս տոկոսը, մինչև տասը հազար բնակիչ ունեցող համայնքներում՝ երկու տոկոսը, և տասը հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքների մեկ տոկոսը կարող են խումբ ձևավորել և ավագանու նիստի օրակարգ ներառել իրենց հուզող հարցը: Ի դեպ, նիստի օրակարգ ներառելը օրենքի տարր է, ժամկետն էլ ՝ մեկ ամիս: Տարածքային կառավարման ու արտակագր իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանին խնդրեցինք թեկուզ մեկ համայնք մատնանշել, որտեղ բնակիչները խումբ են կազմել, հարց են բարձրացրել ու ավագանու նիստի օրակարգ մտցրել:
Ահա թե ինչ պարզվեց. «2014թ մոնիտորինգ եմ արել, որևէ համայնքում բնակիչների խումբ խնդիր չի ներկայացրել ավագանու նիստի քննարկմանը: 2015թ տվյալները չկան: Պատճառը նախ օրենքից բնակիչները տեղյակ չեն, նրանք չգիտեն, որ կարող են խումբ կազմել ու հարց բարձրացնել ավագանու նիստին ներառելու համար»:
Թե տեղական պաշտոնյան, և թե միջազգային փորձագետ, Պորտուգալիայում սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատո Ջիովանի Ալեգրետտին համակարծիք են՝ մեր երկրում բնակիչները թերահավատորեն են մոտենում տեղական իշխանությանը: Ի դեպ, սա միայն հայաստանցիներիս բնորոշ չէ: Նույնն է նաև Իտալիայում, Պորտուգալիայում: Պատճառը միջազգային փորձագետը հետևյալ կերպ է մեկնաբանում՝ կոռուպցիոն բնույթի սկանդալները շատ են, բացի այդ, պատերազմից հետո, երբ սկսվեցին բարեփոխումների տարբեր գործընթացներ, տեղական ժողովրդակավարական գործընթացը կարծես մի կողմ դրվեց: Ալեգրետտին կարծում է, որ Հայաստանում մասնակցությունն ապահովելու տարբեր եղանակներ կան: Ի դեպ, միջազգային փորձագետի դիտարկմամբ, հայերը իրենց հնարամտությամբ կարող են նաև օրինակ դառնալ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների համար:
«Օրինակ՝ երբ մենք Ախթալայում էինք, հանդիպումներ ունեցանք կանանց հետ, որոնք այս ուղղությամբ էին աշխատում, իրենք գնում և տեղերում աշխատում էին մարդկանց հետ, որովհետև մասնակցային ժողովրդավարությունը միայն մարդկանց հրավիրելը չէ, այլ ինքդ գնալը: Ուրցաձորում քննարկվում էր տեղական մարզադաշտ կառուցելու խնդիրը, սակայն, այդ խնդիրը բովանդակային առումով մի օրինակ էր, թե ինչպես որոշումներ կայացնեն, թե տվյալ պահին ինչ է պետք համայնքին: Իրենց թիրախը երեխաներն են, նրանց զբաղվածությունը սպորտային միջոցառումներին մասնակցելը, երեխաներին համայնքներում պահելը, որպեսզի իրենք այդ միջոցառումների համար չգնան այլ տեղեր, չլքեն իրենց հայրենի մարզը»:
Ռաֆիկ Անդրեասյանը միջազգային փորձագետի մատնանշած Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավարն է 1999թ: Համայքնի ղեկավարը վստահ է՝ հաջող աշխատելու գրավականը գյուղացիների հետ անմիջական շփում ունենալն է: Անդրեասյանը նաև դժգոհությունների ու առաջարկների հատուկ գրատախտակ ունի: Այստեղ են ամփոփվում գյուղացիների մտահոգությունները. «Գրատախտակի վրա հավաքված կարևոր խնդիրները՝ ոռոգման ցանցի բարելավումն է, կիսախողոկաների անցկացումը, խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցումը, որը վթարային վիճակում է, և խմելու ջրի ջրատարների վերակառուցումը: Մշակույթի տունը վերանորոգել ենք, ունենք մանկապարտեզի շենքի վերակառուցման խնդիր: Քայլ առ քայլ փորձում ենք լուծումները գտնել»:
Միջազգային ու ոչ միայն փորձագետները վստահ են, որ եթե բնակիչներն ավելի ակտիվ ներգրավեն համայնքների կառավարման գործընթացում, ապա դա նաև հենց իրենց՝ համայնքների ղեավարների օգտին կլինի: Իսկ բնկաչության մասնակցությամբ իրականացվելիք գործընթացները պետք է ճկուն լինեն՝ առանց բյուրոկրատական քաշքշուկների:




