

2015 թվականի հուլիսի 8- 12-ը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կհյուրընկալի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության « 20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագրով 12-րդ գիտաժողովը։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ և Հոլոքոստի ու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակները: Գիտաժողովին մասնակցելու են երեք տասնյակ երկրներից մոտ 130 ցեղասպանագետներ։
1994 թվականին ձևավորված Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը վաղն առաջին անգամ կհյուրընկալվի Երևանում: Երկու տարին մեկ իր համաժողովները կազմակերպող ընկերակցությունը հնգօրյա գիտաժողով կկազմակերպի Երևանում: Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն, գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը կարևորում է ցեղասպանությունների և մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող կառույցի երևանյան համաժողովն ու նշում՝ մեծ և ներկայացուցչական գիտաժողով է լինելու:
Հայաստան են ժամանելու հարյուրավոր հեղինակավոր գիտնականներ և երիտասարդ մասնագետներ, որոնց մասնակցությունն այս գիտաժողովին լավ հնարավորություն է ընձեռելու Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին ավելի խորքային պատկերացումներ կազմելու համար:
20- րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծությունները խորագրով Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողովին մասնակից երկրների աշխարհագրությունը մեծ է՝ Ավստրալիայից մինչև Ճապոնիա, Արգենտինայից ու Բրազիլիայից մինչև Բանգլադեշ…
Հայկ Դեմոյանի խոսքով՝ մեծաքանակ դիմում-հայտերից գիտաժողովին ներկայացնելու համար ընտրվել է 130-ը: Գիտնականների ուսումնասիրությունների կենտրոնում են եղել տարբեր ցեղասպանությունների նմանություններն ու տարբերությունները:
Ցեղասպանագետ Փիթեր Բալաքյանն էլ իր հերթին կարևորեց և՛ ցեղասպանագետների երևանյան համաժողովը, և՛ այն, որ Հայոց ցեղասպանության հարցը քննարկվելու է համեմատական վերլուծության շրջանակներում: «Մենք կարևորում ենք գիտակ ցեղասպանագետների մասնակցությամբ ցեղասպանությունների ուսումնասիրությունների վերաբերյալ համապարփակ մոտեցումը: Պատմությունը թեև լայն տեղեկություն է տալիս Հայոց ցեղասպանության մասին, սակայն այն պետք է համեմատել այլ ցեղասպանությունների հետ ևս»:
Իսկ գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Դոննա Լի Ֆրիզն էլ վստահ է, որ բարձր մակարդակի համաժողով է սպասվում և Հայոց ցեղասպանության ճանաչման գործում տարբեր երկրների մասնակցությամբ նման միջոցառումները կարող են ունենալ մեծ ազդեցություն:




