

Հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արձագանքը շուտով կհրապարակվի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Նա տեղեկացրել է, որ սպասում է ոստիկանության սպառիչ ու բավարար պատասխանին: Մինչև երկուշաբթի, եթե չստացվի այն, մարդու իրավունքների պաշտպանի որոշումը կլինի առանց ոստիկանության պատասխանի:
«Օրենքի պահանջն է ողջամտության ժամկետում սպասել պետական մարմնի դիրքորոշմանը»,- պարզաբանել է օմբուդսմենը: Կարեն Անդրեասյանը ոստիկանապետի պահվածքի վերաբերյալ հրաժարվել է գնահատականներ հնչեցնելուց՝ «անհատական գնահատականներ չեմ տալիս» հիմնավորմամբ: Մինչ այժմ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններից Անդրեասյանն ամենամտահոգիչը համարում է հենց հունիսի 23-ին տեղի ունեցած միջադեպերը: Հիշեցնենք, հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան ցրել էր հատուկ միջոցներով ու ջրցան մեքենաներով:
Այս օրերին էլ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները հերթապահում են Բաղրամյան պողոտայում, դիտարկումներ են կատարում, իսկ թե ինչ են նրանք արձարանգրել, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է ներկայացնում.
«Այսօր ցուցարարներից ստացվող բողոքները հիմնականում երկու խմբի են բաժանվում: Կան սադրիչներ, որոնց աշխատանքը, ցավո սրտի, կարող են ստվերել թե ցուցարարների, թե ոստիկանության այսքան համբերատար ճանապարհը, որ իրենք անցել են: Իմ հորդորն այս պահին կլինի, որպեսզի ոստիկանությունը հնարավորինս զգույշ և հնարավորինս ուշադիր լինի հենց այդ սադրիչների նկատմամբ: Այս պահին մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը գործում է հանդուրժողականության մթնոլորտում, պարբերաբար զգուշացնում է , հայտնում իր պատկերացումենրը խաղաղ հավաքի ժամնանակագրության վերաբերյալ, ներկայացնում է նաև իր օրենսդրական պատկերացումները: Ցանկացած աննշան սպառնալիքի դեպքում իմ ներկայացուցիչները հայտնվում են տեղում, որպեզի նվազագույնը ֆիքսեն, թե ինչ է այնտեղ կատարվում, և կտանք մեր իրավական գնահատականը»:




