
Հունիսի 5-8-ը Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով, «Երաժշտության հայկական տարրերը» խորագիրը կրող հայեցակարգով մասնակցել է ՄԻԴԵՄ միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին:
Որպես ՄԻԴԵՄ-2015 փառատոնի Հայաստանի խորհրդանիշ ընտրվել էր ՆՈՒՌ-ը, որը պատկերված է չորս գույնով` խորհրդանշող չորս տարերքները` հողը, օդը, ջուրը և կրակը:
Հատուկ ՄԻԴԵՄ-2015 փառատոնի համար պատրաստվել էր «Մենք հայ ենք» խորագրով տեսահոլովակը, որը մշտապես ցուցադրվում էր տաղավարում և բացօթյա տարածքներում:
Հունիսի 6-ին, «Պալե դե ֆեստիվալի» հիմնական ցուցադրության հատվածում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը:
Փառատոնային օրերի ընթացքում ելույթ են ունեցել «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ ու «Կատուներ» համույթները, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, «Ամբասադոր», «Դորիանս» և «Ակուստիկ հոլլ» խմբերը, Հովեր պետական կամերային երգչախումբը: Վերջինիս համերգին ներկա էր լեհ անվանի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, որի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Սաղմոս 3» ստեղծագործությունը կատարվեց երգչախմբի կողմից: «Դեբյուսի» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ: Համերգը հեռարձակվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով, զուգահեռաբար, ցուցադրվել Կասկադ համալիրում տեղադրված մեծ էկրաններին:
Այս օրերին «Պալե դե ֆեստիվալի» սրահներից մեկում անցկացվել են դասախոսություններ՝ նվիրված հայկական երաժշտարվեստին:
Կաննում Հայաստանը լիարժեք ներկայացված էր նաև վիզուալ առումով. այդ օրերին քաղաքը զարդարված էր հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակներն ազդարարում էին հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված էր Հայաստանին:
ՄԻԴԵՄ երաժշտական ինդուստրիայի միջազգային փառատոնը հիմնադրվել է 1966 թ. Կաննում և համարվում է ոլորտում առաջատար փառատոներից մեկը: Փառատոնին մասնակցում են աշխարհի ձայնագրման հեղինակավոր ֆիրմաները, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյուսերական կենտրոններ, երաժշտական հրատարակչություններ, հայտնի մենակատարներ և երաժշտական խմբեր:




