
Էրդողանի զուգարանակոնքը շարունակում է մնալ Թուրքիայի ներքաղաքական օրակարգում: Նախագահը պարտրաստվում է դատական հայց ներկայացնել երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ: Ռեջեբ Թաիփ Էրդողանի փաստաբան Ալի Օզքայան հայտնել է, որ դատարան է դիմելու՝ Քըլըչդարօղլուից պահանջելով բարոյական փոխհատուցում նախագահական նստավայրի մասին հայտարարությունների համար:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն օրերս մեղադրել էր Էրդողանին պետական միջոցները վատնելու մեջ և հայտարարել էր, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարների համար կառուցվում են պալատներ, գնվում են ինքնաթիռներ, շքեղ ավտոմեքենաներ և ոսկյա զուգարանակոնքեր: Թուրքիայի նախագահը նախօրեին հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե նախագահական պալատում ոսկյա զուգարանակոնք գտնեն:
Հիշեցնենք, Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները կայանալու են առաջիկա կիրակի:




