

Տեղանուններով Թուրքիայի տարածքում հայերին գտնելը չափազանց դժվար է, բայց կա մի բան, որով կարելի է նրանց շատ արագ հայտնաբերել: Դա նրանց այգիներն են: «Հայերը առավել մեծ ջանք ու սեր են նվիրում հողին, որը ներծծված է նրանց նախնիների արյամբ: Տիրոջ գիտակցումը նրանց մեջ ավելի հզոր է»,-«Ռադիոլուրի»հետ զրույցում պատմել է Գևորգ Խաչատրյանը: Նախնիների արյան կանչը տարիներ առաջ նրան տարավ Արևմտյան Հայաստան, որտեղ հայտնաբերեց ոչ միայն պապական տունը, այլև բազմաթիվ գաղտնիքներ:
Գևորգ Խաչատրյանը մասնագիտությամբ միջազգայնագետ է, սակայն սեփական ազգի, մասնավորապես գերդաստանի պատմության բացահայտումը միշտ առաջնային է համարել: 2007-ին, երբ առաջին անգամ մեկնեց Արևմտյան Հայաստան, ձեռքի տակ կոնկրետ հասցե ուներ՝ Խնուսի Հարամիկ գյուղ: Որոշել էր գնալ հայրական պապի գերդաստանի հետքերով: Գնացել ու հայտնաբերել էր պապի հայրական տունը, որն ի զարմանս նրա, դեռ կանգուն էր:
Ինչպես զուցակցիս պատմել էր քուրդ տան տերը, պապն անգամ ստիպել էր երդվել, որ տան տերերի վերադարձի դեպքում նրանց համար գառ կմորթի, գինիով կամ օղիով կհյուրասիրի, ինչպես ընդունված է քրիստոնյաների մոտ, հետո էլ հոժարությամբ տունը կհանձնի նրանց: Ասածը գուցե անհավատալի է, բայց Գևորգը վստահեցնում է, որ տեղի քրդերի շրջանում այս մոտեցումը տարածված է: Նախկինում հայերին պատկանող տներում ապրող քրդերի մեծ մասն իրեն զգում է ժամանակավոր կենվորի կարգավիճակում: «Ընդամենը մի քանի տասնամյակ ու հազարամյակներ այս հողում ապրողների միջև տարբերությունը նրանք հասկանում են»,-ասում է զրուցակիցս:
Մշեցի հայազգի ընկերների տվյալներով այստեղ յուրաքանչյուր երրորդը հայ է: Ըստ այդմ Մուշի 75 հազար բնակիչների 1/3-ը հայեր են՝ հիմնականում ցեղասպանության տարիներին քարանձավներում պատսպարված, քրդերի օգնությամբ նաև փրկված մշեցիների ու սասունցիների ժառանգները: «Հայի սերմն իր հողում կրկին ծիլ է տվել ու բազմանում է: Հայերը մեծ թվով երեխաներ են ունենում, ամենաքիչը յոթ երեխա: Ու ամեն ինչ անում են, որպեսզի պահպանեն իրենց տեսակը»,-ասում է զրուցակիցս:
Տեղանուններով Թուրքիայի տարածքում հայերին գտնելը չափազանց դժվար է, բայց կա մի բան, որով կարելի է նրանց շատ արագ հայտնաբերել: Դա նրանց այգիներն են: «Հայերը առավել մեծ ջանք ու սեր են նվիրում հողին, որը ներծծված է նրանց նախնիների արյամբ: Տիրոջ գիտակցումը նրանց մեջ ավելի հզոր է»,-ասում է Գևորգ Խաչատրյանը:




