

«Այս օրերին քաղաքակիրթ մարդկությունը աշխարհի տարբեր կետերում հարգանքի տուրք է մատուցում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ դատապարտելով այդ մարդկության դեմ իրականացրած հրեշավոր հանցագործությունը», — կառավարության նիստում հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ խորհրդանշական համարելով Հայաստանի և Ուրուգվայի միջև համագործակցության մասին շրջանակային համաձայնագրին հատկապես այս օրերին հավանություն տալը:
Շավարշ Քոչարյանը հիշեցրել է, որ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը ուղիղ հիսուն տարի առաջ ճանաչել է Հայոց Ցեցեղասպանությունը: Վարչապետ Հովիկ Աբրահամյան.« Իրոք, մենք պարտական ենք Ուրուգվային և նրա ժողովրդին, Հայոց ցեղասպանության հարցի գնահատականի համար: Ուրուգվայն առաջին երկիրն է, որը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը»:
Ի դեպ, համաձայնագրի նպատակն է երկու պետությունների միջև ամրապնդել և առավել զարգացնել համագործակցային հարաբերությունները, ինչպես նաև խթանել համագործակցությունը երկու պետությունների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում: Համաձայնագրի շրջանակում իրականացվող համագործակցությունը կընդգրկի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, այդ թվում` տնտեսական, առևտրական, ֆինանսական, արդյունաբերական, գյուղատնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցության, ինչպես նաև Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` այլ ոլորտներ:




