Ցեղասպանություն 100

«Մենք դեռ գալու ենք». գրական-երաժշտական երեկո՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին

karenghazaryan
«Զորավար» հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ հիմնադրամը նախաձեռնել եւ ապրիլի 28-ին կանցկացնի «Մենք դեռ գալու ենք» խորագիրը կրող գրական-երաժշտական երեկո՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կազմակերպությունը նաեւ հիմնադրել է  «Սողոմոն Թելերյան» հուշամեդալ, որը տրվելու է հայ վրիժառուներին, նաեւ նրանց, ովքեր ցեղասպանությունից ի վեր, տարբեր ժամանակահատվածներում ստիպեցին աշխարհին չմոռանալ Հայոց ցեղասպանությունը եւ կրկին անդրադառնալ հայոց մեծ ցավին ու պահանջատիրությանը: Այդ նվիրյալների անձնուրաց պայքարի արդյունքում էր, որ աշխարհում սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, որի առաջամարտիկը դարձավ Ուրուգվայը:

Տիգրան Պետրոսյանցի փոխանցմամբ՝ «Նեմեսիս» գործողության մասնակիցներին տրվող մեդալը ի պահ կդրվի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, որտեղ կցուցադրվեն 15 հայորդիների մասին պատմող նյութերը: «Սողոմոն Թեհլերյան» մեդալներ կտրվեն նաեւ 1983 թվականի Լիզբոնի թուրքական դեսպանատան գրավման հայտնի գործողության մասնակից Հայ Հեղափոխական բանակի 5 նահատակներին: Այս մեդալները նույնպես ի պահ կտրվեն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: «Սողոմոն Թեհլերյան» մեդալներ կտրվեն նաեւ ԱՍԱԼԱ-ի 41 մարտիկների, այդ թվում նաեւ նրանց, ովքեր այսօր ապրում են մեր կողքին: «Ես կարծում եմ, որ մենք սրանով արժանին ենք մատուցում նրանց, որովհետեւ նրանց հիշել են, բայց բոլոր դեպքերում նաեւ չեն արժեւորել»,-նշել է նախաձեռնության հեղինակ, «Զորավար» հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:

Back to top button