
ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունն Օսմանյան կայսրությունում հայերի հետապնդումները համարում է «վայրագ սպանություններ», սակայն չի շտապում դրանք «ցեղասպանություն» որակել՝ կոչ անելով շարունակել համագործակցությունը 100- տարի առաջ տեղի ունեցածի փաստերը հաստատելու ուղղությամբ։ Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի տեսակետը լրագրողներին փոխանցել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ- ում «ի գիտություն» են ընդունել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը։ Դյուժարիկը նշել է, որ գլխավոր քարտուղարը «շատ լավ հիշում է, որ ապրիլի 24- ին Հայաստանում եւ այլ երկրներում նշելու են 1915- ի ողբերգական իրադարձությունների 100- ամյակը, ինչպես նաեւ հասկանում «տեղի ունեցածը որակելու հետ կապված նրբությունը»։
«Գլխավոր քարտուղարը խորապես համոզված է, որ այդ տարեթվի ոգեկոչումը, 1915- ի ողբերգական իրադարձությունների հիշատակումը, ինչպես նաեւ տեղի ունեցածի փաստերի հաստատման նպատակով համագործակցության շարունակությունը պետք է ամրապնդեն ընդհանուր ձգտումը՝ ապագայում կանխելու նման վայրագ հանցագործությունների կրկնությունը»,- հայտնել է Պան Կի Մունի պաշտոնական ներկայացուցիչը։




