
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս ելույթ է ունեցել սբ. Պետրոսի տաճարում: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
«Ձերդ սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Աստծո ողորմած կամքով վերստին այցելում ենք Հռոմ: Եկել ենք ՀՀ նախագահ Տեար Սերժ Սարգսյանի, մեր հոգեւոր եղբոր Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի, հայ եկեղեցու եպիսկոպոսաց դասի եւ աշխարհասփյուռ մեր հավատավոր ներկայացուցիչների հետ:
Սուրբ Հարության խնդությունը մեր հոգում՝ եղբայրական մեր ողջույնն ենք բերելու Ձերդ սրբությանը եւ մեր աղոթքներով մասնակից լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Ձեր կողմից մատուցված սրբազան պատարագին Սուրբ Պետրոսի տաճարում: Մեր քույր եկեղեցիների բարեկամությունը վկայող սրբազան այս արարողության ընթացքին, ի գոհունակություն մեզ եւ մեր ժողովրդի, հայ եկեղեցու հայրերից Սուրբ Գրիգոր Նարեկացին Ձերս սրբության կողմից հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու սահմանումով Տիեզերական եկեղեցու վարդապետ: Տիեզերալույս Նարեկացին տասներորդ դարում ապաշխարհության աղերսը երկինք բուրվառեց: Նա հայոց համար պաշտելի իր շնչավոր մատյանով փրկության ուղին ցույց տվեց մեղավորներին ու արդարներին, վեհերին ու փոքրերին, բարիներին ու եղեռնագործներին՝ դեպի Աստված առաջնորդելով բոլոր ժամանակների հավատացյալներին:
Նարեկացի ծնած մեր ժողովուրդը քրիստոնեական հավատքի եւ ազգային ինքնության համար բազում արհավիրքներ է տեսել: Մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում մեր ժողովրդի հանդեպ իրականացվել է ցեղասպանություն՝ ահռելի ոճիր: Կանխամտածված ծրագրով աննկարագրելի դաժանությամբ սպանվեցին մեկ ու կես միլիոն հայեր: Հինավուրց մեր ժողովուրդը արմատախիլ արվեց իր պատմական հայրենիքից եւ տարագիր սփռվեց տարբեր երկրներում: Ավերվեց, ոչնչացվեց մեր քրիստոնեական դարավոր ժառանգությունը: Ոչինչ, սակայն, չսասանեց մեր ժողովրդին եւ չհեռացրեց իր սուրբ հավատքից:
Ազգովի նահատակության հոգեւոր սխրանքի ողջ մեծությունն է այսօր պատկերվում մեր առջև, որը դրսեւորեց մեր ժողովուրդը՝ կրկին հռչակելով դեռեւս 5-րդ դարում սահմանած իր ինքնության բանաձուը, որ Քրիստոնեությունն ունենք ոչ իբրեւ հանդերձ, այլ իբրեւ մաշկի գույն:
Աստծո գթառատ ողորմությամբ մեր ժողովուրդը ուղղել է եղեռնահար մեջքը եւ նոր կյանք սկսել պետականության հովանու ներքո: Վերելքի իր ուղին մեր ժողովուրդը կերտել է՝ դիմակայելով բազմաթիվ զրկանքների ու դժվարությունների : Այսօր էլ ապրում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման մեջ եւ պայքարում ԼՂՀ ժողովրդի ազատ կյանքի համար եւ արդարության հաղթանակի հավատով ջանքեր գործադրում՝ հանուն ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ իր արդար պահանջատիրության համար:
Ժամանակին մարդկությունը չկարողացավ կանխել հայոց ցեղասպանությունը եւ ականատեսը եղավ հոլոքոստի, Կամբոջայի եւ Ռուանդայի ցեղասպանություններին: «Այսօր էլ ահաբեկչությունների պատճառով մարդիկ ու ազգեր նեղության մեջ են, հալածվում եւ իրենց կյանքով են վճարում իրենց հավատքի համար:
Մենք հավատում ենք, որ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը՝ որպես արդարության իրագործման եւ իրավունքների հաստատման ազդեցիկ օրինակ, կնպաստի արդար ու ապահով աշխարհի կերտմանը:
Այս իմաստով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հրավեր է աշխարհին՝ անտարբեր չգտնվելու մարդկային տառապանքի ու նորօրյա նահատակությունների հանդեպ եւ գործադրելու առավել ջանքեր՝ դադարեցնելու եւ կանխելու համար մարդկության դեմ գործվող ոճիրները:
Սա է այն պտուղը, որ պիտի աճի նահատակության արմատից:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ մատուցված այս սրբազան պատարագին մեր նահատակների նվիրական հիշատակի առջեւ մենք երախտագետ զգացումով ենք անդրադառնում, որ Ձերդ սրբության նախորդներից Բենեդիկտոս 15-րդ Պապը բողոքի ձայն բարձրացրեց՝ ընդդեմ հայերի ցեղասպանության, իսկ Հովհաննես Պողոս 2-րդ Պապը մեզ հետ համատեղ հայտարարությամբ 2001 թ-ին ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս առումով կարեւոր նշանակություն ունի նաեւ Վատիկանի արխիվներում պահվող փաստաթղթերի հրապարակումը: Մեր ժողովուրդը շնորհակալությամբ է հիշում բոլոր նրանց , ովքեր ոչ միայն բարձրաձայնեցին Հայոց ցեղասպանության մասին եւ դատապաևտեցին, այլեւ մարդասիրական առաքելություններ իրականացրեցին խնամելով որբերին, ապաստան տալով վերապրածներին՝ օգնելով հաղթահարել բազմատեսակ դժվարություններ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 23-ին աղոթական մասնակցությամբ քույր եկեղեցիների, սրբադասվելու են մեր մարտիրոսացած բյուրավոր նահատակները: Սուրբ նահատակների բարեխոսությունն ենք հայցելու, որ Աստվածային խաղաղությունը հեղվի մարդկային կյանքին եւ աշխարհում տեղ չգտնեն ցեղասպանության ողբերգությունները»,- ասել է Վեհափառ Հայրապետը:
Եվ եզրափակելով իր խոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասել է`
«Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, միանգամայն կիսում ենք Ձեր միտքը, որ նահատակությունը հարանվանական տարբերություններ չի ճանաչում: Արդարև, նահատակները միավորում են մեզ որպես զավակներ ու ծառաներ մեկ Տիրոջ Հիսուս Քրիստոսի՝ համախմբվելու ու միասնական ջանքեր գործադրելու՝ հանուն աշխարհում սիրո, արդարության, խաղաղության հաստատման և քաղաքակրթությունների ու կրոնների երկխոսության՝ որին կոչում է մեզ սուրբգրական պատգամը. «Հոգ տարեք միմյանց սիրոյ և բարի գործերի յորդորելով» (Եբր. 10.24):
Թող Սուրբ Պետրոսի սրբազան այս տաճարում մեր սրտերից երկինք բարձրացող աղոթքն ու հայցը լսելի լինի Երկնավոր մեր Հորը՝ օրհնելու և ճշմարիտ ուղիներով առաջնորդելու բոլոր ջանքերը, որ գործադրվում են հանուն երկրի վրա խաղաղության և մարդկության ապահով ու բարօր կյանքի: Աղոթում ենք Ձերդ Սրբության առողջության, Կաթոլիկ Եկեղեցու պայծառության համար և Աստծո հովանին ու բարիքները հայցում ամենքիս Սբ. Գրիգոր Նարեկացի տիեզերալույս վարդապետի սրտաբուխ խոսքով.
Իսկ Դո՛ւ, առ ամենայն հնարս զօրաւոր,
Մատո՛ ինձ ոգի փրկութեան,
Աջ պաշտպանութեան,
ձեռն այցելութեան,
Հրաման բարութեան,
լոյս ողորմութեան,
Բան նորոգութեան,
պատճառ քաւութեան,
Գաւազան կենաց օգնութեան:
Զի դու ես յոյս ապաւինութեան, Տէր Յիսուս Քրիստոս,
Օրհնեա՜լ ընդ Հօր, Հոգւովդ Սրբով
յաւիտեանս յաւիտենից: Ամէն:»




