

Երևանում է ռուսական «Սատիրիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Կոնստանտին Ռայկինը, ով Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր հանդես կգա «Իմ ձայնով» մոնոներկայացմամբ։
«Առաջին անգամ չեմ Հայաստանում, բայց այստեղ եմ երկար բացակայությունից հետո: Առաջին այցի տպավորությունները բավականին տխուր էին, հրավիրել էին հեռուստահաղորդման մեջ նկարահանվելու, մի կադրը նկարելու համար 28 անգամ ստիպեցին կրկնել ելույթս։ Անկեղծ ասած՝ խիստ զարմացած և զարմացած էի այդ ամենից»,- Երեւանում այսօր հայտարարեց ռուսական <<Սատիրիկ>> թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինը։
Դերասանը նշեց, որ այս անգամ Երևանում է Ռուսասատանի մշակույթի նախարարության առաջարկով: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր հանդես կգա <<Իմ ձայնով>> մոնոներկայացմամբ, որով բեմում է արդեն տասնյակ տարիներ։
<<Ընդհանրապես` կարող եմ ասել, որ սա իմ կյանքի ներկայացումն է, որը խաղում եմ արդեն 40 տարի: Իհարկե` տարիների ընթացքում ինչ- որ բաներ փոխվում են, ինչպես և ես եմ փոխվում: Սա ներկայացում է, որը շրջել է գրեթե ողջ աշխարհը: Այստեղ ես ազատ եմ և անում եմ այն, ինչ ցանկանում եմ: Խորհուրդ եմ տալիս պարզապես գալ ու դիտել այն»։
Թատրոնը թանգարան չէ, այստեղ անընդհատ փոփոխություններ են պետք, ասում է։ Կոնստանտին Ռայկինի համոզմամբ՝ դասականն արժեքավոր է հենց նրանով, որ կարողանում է յուրաքանչյուր ժամանակի մեջ շոշափել կյանքի զարկերակը: <<Թատրոնն իմ սիրո հանգրվանն է, այն տալիս է ինձ այն , ինչ չի կարող տալ կինոն>>,- ասում է Ռայկինն ու հպարտությամբ պատմում, որ հրաժարվել է կինոյում նկարահանվելու Սպիլբերգի 17 միլիոն դոլարանոց առաջարկից։ <<Թատրոնը մեծագույն արվեստ է, որը գոյություն ունի ներկա ժամանակի մեջ: Ես երջանիկ եմ, որ այդ ժամանակի մեջ անում եմ այն, ինչ ցանկանում եմ և թքած ունեմ, որ պատմության մեջ ոչինչ չի մնա՝ ի տարբերություն կինոյի: Դա գուցե հենց այն գինն է, որը վճարելու եմ երջանկության համար>>,- ասում է արվեստագետը:
Խոսելով հոր՝ խորհրդային տարիներին երգիծանքի մեծագույն վարպետ Արկադի Ռայկի մասին, ասում է. <<Ժանրը, որում նա ստեղծագործում էր, ես անվանում եմ պարզապես Արկադի Ռայկին: Այն ավարտվեց հորս հեռանալուց հետո: Այդ ճանապարհը փակվեց և կարծում եմ, որ անհաջողության են մատնվել բոլոր նրանք, ովքեր փորձել են կրկնել նրան և քայլել նույն ճանապարհով: Ինքս երբեք չեմ փորձել դա անել: Հայրս իրականում լուռ ու հանգիստ մարդ էր, ավելի շատ լսում էր, քան՝ խոսում, որովհետև մանկուց սրտի արատ ուներ, երկու անգամ նրան պարզապես մահվան ճիրաններից են հետ բերել: Նա խնայում էր ուժերը միայն բեմի համար: Մայրս հանճարեղ կին էր, բայց ամբողջությամբ իրեն նվիրել էր հորս ՝ մնալով ստվերում: Հայրս չէր ունենա իր հաջողության կեսն անգամ , եթե չլիներ մայրս»։
Կոնստանտին Ռայկինն այսօր խաղում է, բեմադրում ու նաև մանկավարժական գործունեությամբ զբաղվում: <<Որպես մանկավարժ, կարող եմ ասել, բարի դիկտատոր եմ ։ Հավատացեք՝ միայն սիրով աշխարհում ոչինչ չի ստեղծվում>,- ասում է Ռայկինն ու իր մասին ևս մեկ կարևոր տեղեկություն հայտնում։ -Նախավերջին կինս՝ Գուլիա Սալախովան, հայի և ադրբեջանցու խառնուրդ էր, այնպես որ այս տարածաշրջանն ինձ համար բավականին հարազատ է>>,- ասում է Կոնստանտին Ռայկինը։




