

Աշխատել, թե՞ չաշխատել մեռելոց երկուշաբթիներին, հարցը դեռ քննարկվում է, ավելին, վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ են կատարվում՝ հասարակությունում տիրող տրամադրությունները հստակեցնելու համար: Մինչ հայտնի կդառնա հասարակության դիրքորոշումը, այսօր էլ երկուշաբթի է ու ոչ աշխատանքային:
Արդեն մեկ տարի է, ինչ Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետը չէ, ավելին, նա Հայաստանում էլ չէ, սակայն, նրա վարչապետության տարիներին սահմանած «ավանդույթներից» մեկը դեռ հասարակության լայն շրջանակներում ակտիվորեն քննարկվում է: Խոսքը՝ Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող ննջեցյալների հիշատակման օրերը աշխատանքային, թե ոչ աշխատանքային օր սահմանելու մասին է: Խնդիրն այնքան լուրջ է, որ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ են կատարվում՝ հասարակությունում տիրող տրամադրությունները հստակեցնելու համար: Աշխատանքային, թե ոչ աշխատանքային, հարցը քննարկվեց անգամ կառավարության վերջին նիստում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխանցեց տնտեսվարողների դժգոհությունները:
Մեր երկրում ոչ աշխատանքային օրեր հայտարարվում են «ՀՀ Տոների ու Հիշատակի օրերի մասին» օրենքի երկու հոդվածների համաձայն: Օրենքի 17-րդ հոդվածում սահմավում է, որ Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաեւ ավանդական եւ եկեղեցական տոներ, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական եւ այլ տոներ ու հիշատակի օրեր: 18-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:
Եվ ահա 2008թ հունիսին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունն օգտվեց իր հնարավորությունից և Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող օրերը ոչ աշխատանքային հայտարարեց, ընդորում նախ, առանձին -առանձին որոշումներով, հետո արդեն՝ միանգամից՝ մեկ փաթեթով:
2008թ ամռանից մինչ օրս ակտիվ քննարկումները շարունակվում են: Այնքան ակտիվ, որ հարցը կառավարության նիստում քննրակեց նաև հոգևարականը. Արշակ Սրբազանը, ում դիտարկմամբ, մեռելոցների ժամանակ հնարավորություն է տրրվում հաղորդակցվել ննջեցյալներին: Ահա, թե ինչ փոխանցեց Սրբազանը. «Թուրքիայի պատրիարքական փոխանորդի հետ խոսեցի, որ անգամ թուրքական բանակում ծառայող քրիստոնյա զինվորներին հնարավորութուն է ընձեռվում քրիստոնեական տոներին երեք օր ազատ լինել: Անգամ պարսական տիրապետության ժամանակ Երևանի խանը անգամ հայերի համար այդպիսի բացառություն արել է, որ եկեղեցական տոներին, մեռելոցներին ազատ էր թողնում»:
Արշակ Սրբազանի կարծքիով, մեռելոցները ոչ աշխատանքային օր հռչակելուն կողմնակիցներն այնքան էլ ակտիվ չեն:
Պարզվում է, որ մեռելոցները աշխատանքային օր հայտարարելու հարցում իր դերակատարումը կունենա նաև Հայաստանի ընտրած քաղաքական վեկտորը նույնպես:«2015թ հունվարից անդամակցում ենք ԵՏՄ-ին, ու ԵՏՄ անդամ մեր գործընկերները երկուշաբթի օրերը ոչ թե հանգստանում են, այլ՝ աշխատում: Իսկ շաբաթ օրերն աշխատելը արդյունավետ չէ, քանի որ նրանք չեն աշխատում»,- հայտարարում է Հովիկ Աբրահամյանն ու վստահեցնում, որ մեռելոցների օրերին աշխատելու դեպքում որևէ պաշտոնյա չի արգելի իր աշխատողին հանգուցյալներին այցելել:
Իսկ ես հիշեցնեմ, Հայաստանի քաղաքացիներն այս տարվա հունվարին հանգստացան 12 օր: Մեր երկրում միայն տարեսկզբին 12 օր չաշխատեցին պետական կառույցները, պաշտոնյաները բանկերն ու ոչ միայն: Իսկ երբ ԱՎԾ հրապարակեց այս տարվա առաջին ամիսների առևտրաշրջանառության ծավալները, պարզվեց, որ շուրջ 30 տոկոս նվազում էր արձանագրվել: Ոլորտի պատասխանատուները արտահանման ու ներմուծման ծավալների շեշտակի անկումը ոչ ամբողջությամբ, սակայն, պայմանավորեցին նաև հունվարի 12 օրյա հանգստով:
Թերևս Հարության տոնին հաջորդող երկուշաբթին վերջին ոչ աշխատանքային երկուշաբթի — մեռելոցը կլինի: Չնայած հարցը դեռ քննարկվում է,սակայն, շոշափելով պաշտոնական տրամադրությունները, կարող ենք արձանագրել, որ հաջորդիվ մեռելոց երկուշաբթիները մեր երկրում առաջիկայում աշխատանքային կդառան: Դե իսկ իսկ մեզ մնում է հուսալ, որ առաջիկայում մեր երկրում էլ սոցիալական լարվածությունը փոքր ինչ կթուլանա, աղքատության ու գործազրկության իրական մակարդակը թեկուզ չնչին, սակայն, կնվազի:




