Հասարակություն

Մարտի 22-ին աշխարհը նշում է Ջրի համաշխարհային օրը

hasmikdilanyan
Մարտի  22-ին աշխարհը նշում է Ջրի համաշխարհային օրը: Մոլորակի 600մլն բնակիչ զրկված է ջուր ունենալու հնարավորությունից: Բնապահպան Սիլվա Ադամյանի դիտարկմամբ, եթե  Հայաստան էլ շարունակի նման անխնա ձևով օգտագործել  ջրի պաշարները,  բնակիչները  շատ շուտով կհամալրեն  ջուր չունեցողների շարքերը: Վերջին շրջանում բնապահպանների անհանգստություններին ևս մեկն է ավելացել՝ Սևանա լճի տարածքում իռլանդական «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ընկերությունը նավթ ու գազ է փնտրելու: Բնապահպաններին հարցն անհանգստացնում  է, մինչդեռ  բնապահպանության նախարարությունում   պնդում են, որ միայն առաջին փուլի համար են թույլտվություն տվել: Նրանց այս պնդումն էլ   բնապահպան Կարինե Դանիելյանին  հիմք է տվել  կարևորելու  որոշումներ ընդունող պաշտոնյաներին համապատասխան գիտելիքներով զինելու անհրաժեշտության մասին:

 

Բնության ու բնապահպանության նկատմամբ գիտելիքներով կրթել ոչ միայն երեխաներին, այլ հատկապես  որոշումներ ընդունող պաշտոնյաներին: Բնապահպան Կարինե Դանիլեյանը հենց պաշտոնյաներին համապատասխան գիտելիքներով կրթելն է կարևորում, քանի որ մի շատ տխուր օրինակ ունի աչքի առջև. Սևանա լճի տարածքում  նավթ ու գազ  են  փնտրում:

«Մենք նախարարությունում խոսեցինք՝ ինչպես եք թույլ տալիս Սևանում այդպիսի աշխատանքներ անել, ես պատասխան ստացա, որ ընդամենը առաջին փուլն է, դեռ հորատանցքի մասին խոսք չկա, այ, եթե լինի, այն ժամանակ մենք կտեսնենք, ինչպես կարելի էր»:

Տեղեկացնենք, իռլանդական «Բլեքսթերզ Էներջի Արմենիա» ընկերությունը նավթ եւ գազ է որոնելու  Սեւանա լճի տարածքում, իսկ ավելի կոնկրետ՝ Հայրավանք, Ծաղկաշեն եւ Նորատուս ափամերձ գյուղերի տարածքում: Ի դեպ, Կարինե Դանիելյանը, ով ընդգրկված է Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովում, վստահեցնում է. «Սևանի հանձնաժողով հարցը չի էլ եկել»:

Բնապահպանների պնդմամբ, իրենք քննարկումներին չեն մասնակցել, հիշեցնում են՝  «Սևանա լճի ազգային պարկի մասին  օրենքն» արգելում է ազգային լճի տարածքում նման հետազոտություններ իրականացնել: Մինչդեռ բնապահպանության նախարարությունն արդեն դրական եզրակցություն տվել է:  Իհարկե գերատեսչությունում պնդում են, որ միայն առաջին փուլի համար են թույլտվություն տվել:  Բնապահպան Սիլվա Ադամյանն իր գործընկերների հետ  հանդիպել է ընկերության տնօրենի հետ:

«Տեղյա՞կ եք  արդյոք, որ Սևանա լճի մասին օրենք կա, մենք լիճը դիտարկում ենք ոչ միայն ջրի պաշար, այլ՝ որպես բնության կարևոր հուշարձան, աշխարհում հայտնի լիճ է, կազմակերպության տնօրենը ասաց՝ այո, ձեզ համար դա արժեք է:  Եթե գտանք նավթ ու գազ, կանենք հորատումներ: Իհարկե  մեծ գումարներ են ծախսելու հետազոտություն անելու համար, պետք է եկամուտ ստանան»:

Բնապահպանը փոխանցեց նաև ընկերության ներկայացուցիչների  հայտարարություններն այն մասին, որ  «եթե նավթ ու գազ գտնեն,  սկսելու են հորատումներ  իրականացնել»:  Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  հիշեցնում է՝  Սևանա լիճը միայն Հայաստանի համար չէ խմելու ջրի մեծագույն պաշար: Սա մեր երկիրը կտանի կործանման,- ասում է բնապահպանը.

«Եթե այնտեղ ուսումնասիրություններ են կատարվում, նրանք կարող են մտնել խորքերը, որտեղ կխախտվեն ջրային շերտերը, կխառնվեն միմյանց և ընդհանրապես, եթե Հայաստանում փորձում են նավթ ու գազ փնտրել, թող փնտրեն այլ վայրում: Ի՞նչ են նրանք փնտրում 2 հազար մետրում»:

Բնապահպանները, սակայն, դեռ հույս ունեն, որ ընկերությունը Սևանա լճի տարածքում   նավթ ու գազ չեն գտնի:

Կարդացեք նաև

Back to top button