Քաղաքական

ԼՂՀ -ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղում այսօր մեկնարկել է  2015թ. մայիսի 3-ի  խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած պատգամավորական թեկնածուների և կուսակցական ցուցակների գրանցման գործընթացը: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել է  յոթ կուսակցություն:

 

2015թ. մայիսի 3-ի հերթական խորհրդարանական ընտրությունները ինչպես և նախորդ ընտրությունները  անց են կացվելու  մեծամասնական և համամասնական ընտրակարգով: ԼՂՀ սահմանադրության  համաձայն պատգամավոր կարող է դառնալ  քսաներեք տարին լրացած, վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Արցախի տարածքում 11  մեծամասնական ընտրատարածք է ձևավորված:  11 մանդատների համար հայտ ներկայացրել են հիսուն քաղաքացիներ:

Մեծամասնականով առաջադրվածներից  27 քաղաքացի ինքնաառաջադրվել է,  3 թեկնածու առաջադրել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, 4-ական թեկնածուներ` «Ազատ Հայրենիք» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները, 5-ը` Ազգային վերածնունդ կուսակցությունը, 7-ը Շարժում-88 կուսակցությունը:  Ընդ որում  Մեծամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքացիներից 34-ն անկուսակցական են:  Մեծամասնականով առաջադրված քաղքացիներից մեկն արդեն ինքնաբացարկ է տվել:

33 անդամ ունեցող խորհրդարանի համամասնական 22 մանդատները վիճարկելու հայտ ներկայացրել են Արցախում գրանցված 12 կուսակցություններից  7 -ը:  Ընտրապայքարին պատրաստվում են մասնակցել խորհրդանական ուժերը` ԱԺԿ-ն, ՀՅԴ-ն և «Ազատ Հայրենիքը», Կոմունիստները, խորհրդարանակն աշխատանքի փորձ ունեցող  «Շարժում-88»-ը: Մյուս երկու կուսակցություները  «Ազգային վերածնունդ»-ը  և «Խաղաղություն և զարգացում»-ը  բավականին երիտասարդ են առաջինը երկու, իսկ երկրոդը մի քանի ամսվա  պատմություն ունեն:

Կոմունիստական, Շարժում-88 և Ազգային վերածնունդ  կուսակցությունների` ընտրական ցուցակներում 14-ական քաղաքացի է ընդգրկված, Արցախի ժողովրդավարական կուսակցության` 35, Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակում` 34, Ազատ Հայրենիք կուսակցության` 50, Խաղաղություն և զարգացում կուսակցության ներկայացրած ցուցակում  6 քաղաքացի է ընդգրկված: Սրանք վերջական թվեր չեն: Այսօրվանից սկսվել է թեկնածուների և ցուցակների գրանցման գործընթացը: Այն ավարտվելու է մարտի 29-ին: Մայիսի 3-ին ձևավորված խորհրդարանը գործելու է մշտական հիմունքներով:

Կարդացեք նաև

Back to top button