
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները բազմիցս ստել են Ուկրաինայում իրենց գործողությունների մասին։ «Ռուսաստանի իշխանությունները հերքում են, որ Ուկրաինայի տարածքում կռվում է ռուսական զինուժը, հերքում են, որ զենք են մատակարարում անջատողականներին»,- ասել է Քերին՝ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում ելույթի ժամանակ։ Դիվանագետը նաև մեղադրել է Մոսկվային անթաքույց քարոզչություն իրականացնելու և ուկրաինական իրականությունը խեղաթյուրելու մեջ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ շատերն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այդ երկրի սահմաններից դուրս ցանկանում են ձախողել Դոնբասի հրադադարի ռեժիմը: Դիվանագետը նաև անհանգստություն է հայտնել այն առիթով, որ ԵԱՀԿ փորձագետները չեն հետևում Ուկրաինայի արևելքում հակամարտող կողմերի ծանր տեխնիկան հետ քաշելու գործընթացին:
Դեբալցևոյի քաղաքապետ Ալեքսանդր Աֆենդիկովն էլ նշել է, որ հրադադար հաստատելուց հետո քաղաք է վերադարձել մոտ երկու հազար բնակից: Այսպիսով՝ Դեբալցևոյի բնակչությունն այժմ կազմում է 7 հազար մարդ. Մինչև ռազմական գործողությունների մեկնարկը քաղաքի բնակչությունը 25 հազար էր:
Աֆենդիկովն այսօր նշել է, որ քաղաքը 80 տոկոսով ավերված է, չեն գործում պետական հաստատությունները, դպրոցներն ու մանկապարտեզները: Դոնբասում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 15-ից, սակայն դեռ անցած շաբաթ Դեբալցևոյում մարտերը շարունակվում էին:




