


Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանը 2014 թվականի ծրագրերի շրջանակներում քաղաքային բյուջեից հատկացրել է 30 միլիոն դրամ 10 քաղաքային ավտոբուս վերելակներով կահավորելու համար: Պատվիրված հատուկ վերելակները նախորդ տարեվերջին ներկրվել են Երևան: Վերելակներով կահավորված ավտոբուսների ամբողջական շահագործումից առաջ հաշվի են առնվել հատուկ կարիքներ ունեցող անձանց կարծիքներն ու առաջարկությունները: Թվով 5 երթուղիները, ինչպես նաև սպասարկման ժամային գոտիները համաձայնեցվել են հասարակական կազմակերպությունների հետ: Այս ծրագիրը կունենա իր շարունակությունը, ասել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
«2014 թվականին ներկրել ենք 10 վերելակներ, որոնք տեղադրված են ավտոբուսներում: 2015 թվականին ևս 10 վերելակ կունենանք: Դրա համար քաղաքապետի կողմից հաստատվել է բյուջեով նախատեսված համապատասխան գումարը: Բնականաբար, արդեն տարբեր երթուղիների վրա կտեղադրվեն կամ այդ երթուղիներում քանակությունը կշատանա, որպեսզի միջակայքը ավելի փոքր լինի հաշմանդամները կարողանան օգտվել»:




