Քաղաքական

Ժ. Սեֆիլյան. Բերձորի իրադարձությունները չկապել արցախցու հետ

lusinevasilyan

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած իրադարձություններին, դրա արձագանքեներին այսօր  անդրադարձել է Հիմնադիր խորհրդարանի անդամ, Շուշիի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: «Այն, ինչ տեղի ունեցավ Բերձորում, պետք չէ վերագրել արցախցուն»,-  ասել է Սեֆիլյանը,  նաև նշել, որ իրազեկման երթը թեև չի կայացել, բայց նպատակը, որ ունեին, իրականացվել է։ Ժիրայր Սեֆիլյանը խոսել է նաեւ նրա մասին, թե ինչու  է Հիմնադիր խորհրդարանն իր  քաղաքական նպատակները կապում Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ։

Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցածը պետք չէ վերագրել արցախցուն, այդ միջադեպի հետ Արցախի ժողովուրդը կապ չունի, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Սա նրա առաջին հրապարակային անդրադարձն էր Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամների և ԼՂՀ իրավապահների միջև տեղի ունեցածին: Սեֆիլյանն ավելի շատ խոսեց դեպքին նախորդող ժամանակահատվածի, քան՝ բուն միջադեպի մասին:

Իրենց շարժման խնդիրների, անելիքների մասին իրազեկման նպատակով խորհրդարանը որոշել է ր Արցախ գնալ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին: Սեֆիլյանը չի հերքում, որ թե  Արցախից, թե Հայաստանից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ կապվել են իր հետ և համոզել հրաժարվել ավտոերթից:  Մի հանդիպում ԼՂՀ  ղեկավարության հետ Սեֆիլյանն ունցել է հենց Ստեփանակերտում: Ավտոերթի գաղափարից չեն հրաժարվել, բայց հետաձգել են:

Երկու հանդիպում էլ Սեֆիլյանն ունեցել է Հայաստանի պաշտպանության նախարարի հետ: Առաջին հանդիպման ժամանակ խոսել են ընդհանուր թեմներից: «Երկրորդ հանդիպման ժամանակ արդեն Սեյրան Օհանյանը փոխանցել է Բակո Սահակյանի խնդրանքը՝ երթը չիրականացնել, ինչին ես չեմ համաձայնել՝ ներկայացնելով իմ հիմնավորումները»,- ասաց։

Արցախի ճանապարհին  արդեն Ժիրայր Սեֆիլյանը տեղեկություն է ստացել , որ ճանապարհը փակ է,  բայց ինչպես ինքն է ասում, որոշել է  շարունակել, արձանագրել փաստը և հետ վերադառնալ:

Ընդհանուր առմամբ՝ Սեֆիլյանը համարում է, որ ավտոերթը թեև չկայացավ, բայց այն նպատակը, որը դրվել էր, իրազեկել Հիմնադիր խորհրդարանի անելիքների մասին, իրականացվեց։

Ինչ վերաբերում է այս շարժումը ցեղասպանության 100-րդ տարելիցի և ապրիլի 24-ի հետ կապելուն, դրա նպատակահարմարությանը, ապա Սեֆիլյանը կրկնում է արդեն հնչեցրած մոտեցումը. ապրիլի 24-ը ոչ թե սգի, այլ՝ վերածննդի օր է:

Փակագծերն առայժմ չենք բացում. այսպես պատասխանեց Ժիրայր Սեֆիլյանը հարցին, թե  կոնկրետ ինչ գործողություններ, միջոցառումներ է նախատեսում Հիմնադիր խորհրդարանը ապրիլի 24-ին: Ասաց, որ այդ օրը խառնակչություն, խժդժություններ չեն լինելու: Այդ օրը մենք ևս մասնակցելու ենք ծիսակատարությանը, որից հետո սկսվելու է խաղաղ գործընթաց, ասաց Սեֆիլյանը:

Կարդացեք նաև

Back to top button