Միջազգային

Օբամա-Պուտին հեռախոսազրույցում քննարկվել է ուկրաինական հարցը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիրր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում ընթացիկ հակամարտության թեժացումը։ Այս մասին ասված է Սպիտակ Տան տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության համաձայն, Բարաք Օբաման «կարևորել է, որպեսզի նախագահ Պուտինն օգտագործի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը, որն ընձեռում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի միջև ընթացիկ քննարկումները»։

Միաժամանակ նշվում է,  «եթե Ռուսաստանը շարունակի ագրեսիվ գործողություններն Ուկրաինայում, այդ թվում զորք և զինամթերքի փոխադրումը այդ երկրի տարածք, անջատողականների ֆինանսավորումը, ապա Ռուսաստանն ավելի թանկ կվճարի դրա դիմաց»։

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, նախագահներ Պուտինն ու Օբաման կարևորել են «Ուկրաինայի` առանց բացառության բոլոր շրջանների բնակիչների օրինական իրավունքների և շահերի ապահովմամբ երկխոսության ճանապարհով ներուկրաինական խնդիրների լուծումն ու արյունահեղության անհապաղ դադարեցումը»։

Կարդացեք նաև

Back to top button