
Փետրվարի 6-ին Մյունխենում մեկնարկել է անվտանգության հարցերով 51-րդ համաժողովը, որին մասնակցում են տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, պաշտպանության նախարարներ, խոշոր կորպորացիաների և հետազոտական կենտրոնների նախագահներ։
Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։
Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։
Զրուցակիցները անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։
Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերը անհանգստություն հայտնեցին՝ վերջերս իրավիճակի սրման կապակցությամբ, և ընդգծել տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությունը։
Հանդիպման օրակարգում են եղել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցեր։
Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերը անդրադարձել են Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին։




