

Խորհրդարանական 4 ուժերի նախաձեռնած արտահերթ նիստը հետաձգվում է մինչև հաջորդ քառօրյա՝ հայտարարել են ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները այսօր խորհրդարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանի և 6 խմբկացությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո: Կառավարության ղեկավարն ու ոչ իշխանական ուժերը համաձայնության են եկել փոփոխությունների միասնական նախագիծ մշակելու հարցի շուրջ՝ քննարկումից հետո ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Հիշեցնենք՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» խմբակցությունները ստորագրահավաք էին նախաձեռնել՝ այսօր 18.30-ին արտահերթ նիստ հրավիրելու նպատակով, որի ընթացքում պետք է քննարկվեին Շրջանառության հարկի մասին օրենքում ոչ իշխանական ուժերի առաջարկած փոփոխությունները: Դրանց առանցքում երկու առաջարկ է ՝ կամավորության սկզբուքնի կիրառում և շրջանառության շեմի բարձրացում: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ առաջիկա քննարկումներում հենց այս առաջարկներն են պնդելու:
«Բնականաբար, մենք մեր սկզբուքները չենք զիջելու և մեր դիրքորոշումը առաջիկա երկշաբաթյա քննարկումներում հենվելու է հնեցա այդ սկզբուքների վրա: Կգանք համաձայնության՝ լավ, չենք գա՝ հաջորդ քառօրյային արտահերթ նիստ հրավիրելու մեր առաջարկը մնում է ուժի մեջ»:




