ԿարևորՔաղաքական

Հակառակորդի տարածքը ցանկացած պահի կարող ենք վերածել մի թեժ կետի. Սեյրան Օհանյան

լրացված ժամը 15.40-ին

karenghazaryan

Կամ պետք է պահպանենք հրադադարի պայմանագիրը կամ համապատասխան միջոցներով հակառակորդին պարտադրենք խաղաղություն: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը: Նա շեշտել է, որ եթե հակառակորդը քաղաքական առումով չի հասկանում դա, ապա նրա ցանկացած ոտնձգություն արժանի պատասխան կստանա: Նախարարն ամփոփել է անցած 2014 թվականը, խոսել այս տարվա անելիքների մասին, ապա պատասխանել լրագրողների հղած տարաբնույթ հարցերին:

 

 

Սահմանային սադրանքների շարունակական միտումները տեսանելի են: Մեր երկրի պաշտպանության նախարարը վստահեցնում է, որ նման դեպքերում անպայման կիրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ, ինչի հնարավորություններն ունենք:

Անհաջողություններն ու սեփական անձնակազմի կորուստները հակառակորդին չեն ստիպում հետ կանգնել այդ գործելաոճից՝ հավելեց Սեյրան Օհանյանը։ Նա հայտարարեց, որ ՀՀ ռազմական ղեկավարության համար այս իրավիճակն ընդունելի չէ: Պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ հետևում են հակառակորդի շարժին՝ կազմին, դիրքին, վերախմբավորումներին, և թե ինչ նպատակ են հետապնդում՝ հստակ գործողություննե՞ր են, թե՞ ցուցադրական:

«Բայց ինչ նպատակ էլ ունենա հակառակորդը, մեր գործողությունները հստակ են լինելու, նաև կլինեն կանխարգելիչ գործողություններ: Եթե հակառակորդը մտածում է, որ մենք պահպանելու ենք պաշտպանությունը հանուն հրադադարի, ապա սխալվում է՝ մենք պատրաստ ենք ցանկացած գործողությունների, շփման գիծն ու հակառակորդի տարածքը կարող ենք վերածել մի թեժ կետի, որից ինքը գլուխ չի հանի»:

Դիտարկմանը, թե արդյոք դա չի կարող հանգեցնել պատերազմի վերսկսման  վտանգի՝ նախարարը հայտարարեց, որ ոչ մի ռազմական գործիչ իրեն թույլ չի տա եւ չի կարող 100 տոկոսով բացառել այս կամ այն տիպի կամ լոկալ մարտական գործողություններ:

«Բայց մենք ամեն ինչ կանենք, եւ ռազմաքաղաքական ղեկավարությունն է այդ ուղղությամբ աշխատում, որպեսզի այն  չվերածվի լայնամասշտաբ պատերազմի եւ այդ միտումը մենք այսօր չենք տեսնում»:

Մեր երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ՝ մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տվել, որ հակառակորդի կողմից լարվածության ավելացումն ունի մի քանի նպատակ՝ ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ արտաքին հարցերում: Առաջին դեպքում՝ իր հասարակությանը ներքին խնդիրներից շեղելն է, իսկ երկրորդի պարագայում՝  բանակցային գործընթացի վրա ազդելը: Հենց այդ երկու առումով էլ լարվածությունը ցույց է տալիս հակառակորդի գործելաոճը՝ նշեց Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով հայկական ուղղաթիռի խոցմանն առնչվող հարցին՝ նախարարը փոխանցեց, որ ադրբեջանական կողմը անհամաչափ պատասխաններ ստացել է եւ ստանալու է: Բացի այդ. «Մենք անցկացրել ենք նաեւ ծառայողական քննություն եւ համապատասխան մարդիկ տույժ ստացել են. Պաշտոններից ազատումներ են եղել: Հարուցված քրեական գործն էլ ընթացքի մեջ է»:

Պաշտպանության նախարարն ամփոփելով անցած տարին՝ շեշտեց, որ հայկական բանակի համար այն ձեռքբերումների եւ դիրքերի կայունացման ու ամրապնդման տարի էր: Իսկ թե ինչ սպասել այս 2015-ից՝ նախարարը հետեւյալն ասաց. «2015 թ-ին մենք հետեւողական աշխատանքով այս տարի էլ այդ ձեռքբերումները շարունակվելու են՝ ապացուցելով, որ դա պատահականություն չէր»,-ասաց Պաշտպանության ղեկավարը:

Համատեղ ու միասնական աշխատանքի շարունակմամբ, անկասկած, հաջողությունները կամրապնդվեն ու կլինեն նորերը՝ վստահ է նախարարը: Հայոց բանակի 23-րդ տարեդարձի առթիվ ամփոփիչ ասուլիսի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը մի խումբ լրագրողների պարգեւատրեց պատվոգրերով՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը նպաստելու եւ բանակի խնդիրները լավագույնս լուսաբանելու համար: Այնուհետեւ տեղի ունեցավ «Հայոց պատերազմները եւ ռազմարվեստը» մատենաշարի հերթական երեք գրքերի շնորհանդեսը: Մատենաշարը կունենա 40 հատոր:

Կարդացեք նաև

Back to top button