Հասարակություն

Ալկոհոլային թունավորման դեպքերն ավելացել են

sonahakobyan
Մասնագետները խորհուրդ են տալիս ամանորյա տոներին թունավորումից խուսափելու համար կերակուրներ պատրաստելիս պահպանել հիգիենայի կանորները և չչարաշահել ալկոհոլը: Սակայն  ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, զգուշացումը չի օգնում: Հանրապետությունում տարեց տարի ավելանում են թունավորման դեպքերը, մասնավորապես ալկոհոլի չարաշահմամբ պայմանավորված և հատկապես երիտասարդների շրջանում: Հանրապետության գլխավոր թունաբանը, ներկայացնելով ամանորյա օրերի վիճակագրությունը, նշել է, որ ալկոհոլից թունավորման դեպքեր են լինում ողջ տարվա ընթացքում:

 

Մի թասը լավ է, երկուսը բավ է, երեքը ցավ է: Ժողովրդական հայտնի այս արտահայտությանը շատերն, ինչպես ասում են, մատների արանքով են նայում: Այնինչ հնուց եկած այս խոսքերը, թերևս,  ոչ միայն մեծ խորհուրդ են պարունակում, այլև ներկայումս բավականին արդիական դարձած ահազանգ են՝ ուղղված հատկապես երիտասարդներին:  Միայն տոնական օրերին Արմենիա բժշկական կենտրոնում թունավորման 41 դեպք է գրանցվել, որից ավելի քան 30-ը ալկոհոլի չարաշահմամբ պայմանավորված, լրագրողների հետ զրույցում նշեց Հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը: Նրա տեղեկացմամբ, հիմնականում երիտասարդներին անգիտակից վիճակում բերել են ակումբային խնջույքներից:

«Ցավոք պետք է նշեմ, որ եթե նախկինում միջին հասակը 40-ն էր, այժմ երիտասարդներն են գերակշռողը: Անցյալ տարի ունեցել ենք 34 դեպք  ամանորյա նույն օրերին: այս տարի 41»:

Միքայել Գաբրիելյանի տեղեկացմամբ, Հայաստանում ալկոհոլային թունավորումների քանակն 2010-ը թվականից աճել է: Ալկոհոլից թունավորման դեպքերն ի դեպ կապ չունեն խմիչքի որակի հետ, պատճառը միայն օգտագործման քանակն է, չարաշահումը, նկատեց թունաբանը:

«Որակի մասին խոսք չկա իհարկե: Պատճառը խմիչքները խառնելն է ու չարաշահելը»:

Մասնագետը նկատեց, որ ալկոհոլից թունավորումը մեծ դաս է լինում չարաշահողի համար և 2-րդ անգամ կրկնվելու դեպքերը գրեթե բացառվում են , հետևաբար Միքայել Գաբրիելյանը խորհուրդ տվեց  թունավորումից խուսափելու համար պարզապես  ալկոհոլ օգտագործել չափավոր և հիշել, որ ալկոհոլային թունավորումը կարող է սրտխառնոց, գլխապտույտից  հասցնել մինչև անգամ մահացության: Միայն անցյալ տարի ալկոհոլի չարաշահումից մահվան 2 դեպք է գրանցվել:

Կարդացեք նաև

Back to top button