Միջազգային

Թրամփ-Զելենսկի հանդիպումը Սպիտակ տանը. ի՞նչ է քննարկվել

Վաշինգտոնում ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այն անցել է առանց ԶԼՄ-ների ներկայացուցիչների։ Ըստ Reuters գործակալության՝ հանդիպումը տևել է մեկ ժամից մի փոքր ավելի։

Ավելի ուշ Զելենսկին իր Telegram-ալիքում գրել է, որ Օվալաձև կաբինետում նախագահ Թրամփի հետ «լավ հանդիպում» է անցկացրել։ «Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ մենք համատեղ անում ենք ուկրաինացիների կյանքը պաշտպանելու և խաղաղության հասնելու համար։ Նախևառաջ ես նախագահ Թրամփին հայտնեցի մեր ցավակցությունները Լինդսի Գրեմի մահվան կապակցությամբ։ Նա Ուկրաինայի իսկական ընկերն էր», — հայտարարել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների նախագահի հետ քննարկել է «Patriot համակարգերի համար հակահրթիռների արտադրության լիցենզիաների հարցը, ինչպես նաև որոշ այլ գաղափարներ»։ Զելենսկին նաև պատմել է, որ հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայում պատերազմի ավարտին ուղղված դիվանագիտական ջանքերը և այն, թե «ինչպես ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»։

«Մեր թիմերը կհամաձայնեցնեն հետագա փոխգործակցության մանրամասները։ Երախտապարտ եմ Միացյալ Նահանգներին անփոփոխ աջակցության համար», — ասել է Զելենսկին։

Ավելի վաղ, մեկնաբանելով ԱՄՆ ղեկավարի հետ զրույցի հնարավոր թեմաները, Վլադիմիր Զելենսկին հակահրթիռային պաշտպանությունը և ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի ռազմավարական համագործակցությունն անվանել էր «թիվ մեկ առաջնահերթություն»։

Զելենսկու՝ ԱՄՆ կատարելիք այցի նախաշեմին Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ուկրաինայի նախագահը մտադիր է շարունակել պնդել Կիևին ՀՕՊ միջոցների մատակարարման անհրաժեշտությունը, որոնք հրատապ անհրաժեշտ են ռուսական շարունակվող հարվածներից պաշտպանվելու համար։ Ըստ այդ հրապարակման՝ երկու առաջնորդների զրույցի մեկ այլ թեմա պետք է դառնար ԱԹՍ-ների վերաբերյալ գործարքն ավարտին հասցնելը։

Մեկ այլ հաղորդագրության մեջ Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրը, փոխանցել էր, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք քննարկել են օդային տարածքում հրադադար հաստատելու առաջարկ անելու հնարավորությունը՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման հնարավոր պայմանների վերաբերյալ հերթական փաթեթի շրջանակներում։

Կարդացեք նաև

Back to top button