ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Օգոստոսի 23-ին Ղազախստանը կբացի նոր քաղաքական էջ․ արդյունքը կանխորոշված է՝ գրում է մամուլը

Ղազախստանում օգոստոսի 23-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները կլինեն նոր սահմանադրության ընդունումից ի վեր կատարված բարեփոխումների առաջին փորձությունը՝ գրում է միջազգային մամուլը։ Նոր Կուրուլթայը կորոշի, թե սահմանադրական փոփոխությունները ինչ հաջողությամբ կվերածվեն օրենքների, կառավարության որոշումների և երկարաժամկետ զարգացման ծրագրերի։ Դրանով պայմանավորված կլինի ոչ միայն պետական կառավարման արդյունավետությունը, այլև երկրի ապագա դիրքն ու դերակատարումը Կենտրոնական Ասիայում։

«Ընտրություններ, որոնք կփոխեն Ղազախստանը»․ «Ինչո՞ւ է օգոստոսի 23-ը պատմական օր»․ այս վերնագրերով վերլուծականներ են հրապարակել ղազախական լրատվամիջոցները՝ նշելով, որ այդ օրը երկիրը կընտրի առաջին միապալատ խորհրդարանը սահմանադրական բարեփոխումներից հետո։

Լրատվամիջոցները գրում են, որ առաջիկա ընտրությունները Ղազախստանի սահմանադրական վերափոխման ամենակարևոր փուլերից են։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ օգոստոսի 23-ի քվեարկությունը կամփոփի անցումը ​​կառավարման նոր մոդելին և քաղաքական նոր էջ կբացի Ղազախստանի համար։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակվել են մարտի 15-ին հանրաքվեով ընդունված նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո։ Մասնակիցների շուրջ 87 տոկոսը պաշտպանել էր փաստաթուղթը․ հանրաքվեին մասնակցել էր ընտրողների մոտ 73 տոկոսը։ Երկրի հիմնական օրենքը պաշտոնապես ուժի մեջ մտավ հուլիսի 1-ից։ Օգոստոսի 23-ին քաղաքացիները կընտրեն խորհրդարանի 145 պատգամավորներ՝ հինգ տարի ժամկետով։

DW–ի դիտարկմամբ՝ Ղազախստանում նախընտրական գործընթացները եղել են նույն՝ հին սխեմայով՝ պարզ ուրվագծելով, թե ով է հաղթողի հիմնական թեկնածուն։ Պայքարը երկրորդ տեղի համար է՝ գրում է գերմանական պարբերականը․

«2026 թվականի ապրիլին հիմնադրված «Արդարություն» կուսակցության գերիշխանությունը որոշված էր դեռևս քարոզարշավի մեկնարկից առաջ։ Սա պայմանավորված է կուսակցության 800 հզր անդամներով, որոնք ներգրավվել են Նազարբաևի նախագահության տարիներին իշխող «Նուր-Օթան» անունով հայտնի կուսակցության կլանման միջոցով»։

«Արդարություն» կուսակցության թեկնածուների ցուցակը Ղազախստանի ընտրական օրենսդրությամբ թույլատրված առավելագույնն է։ Այն ներառում է 186 մարդ, այդ թվում՝ նախագահական վարչակազմի նախկին աշխատակիցներ, օլիգարխներ, նախկին նախարարներ իշխող կուսակցությունից։

Ընտրություններին մասնակցում է 7 քաղաքական ուժ։ Պատգամավորներն ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով, այսինքն՝ համամասնական ընտրակարգով։

Սահմանադրության փոփոխությամբ՝ Մաջլիսից ու Սենատից բաղկացած խորհրդարանը դառնում է միապալատ։ Ըստ վերլուծաբանների՝ սա թույլ կտա օրենսդիր իշխանությունը կենտրոնացնել մեկ մարմնում, ինչը ենթադրաբար կարագացնի օրենքների ընդունումը և համակարգն ավելի հասկանալի կդարձնի։

Ուշադրությունից չի վրիպել նաև նոր խորհրդարանի անունը, որը պատմական բացատրություն ունի։

«Կուրուլթայներ» էին կոչվում Մեծ Տափաստանի ժողովուրդների ժողովները, որտեղ ընդունվում էին ամենակարևոր որոշումները։ Այս հասկացության վերադարձը խորհրդանշորեն կապում է ժամանակակից քաղաքական համակարգը ղազախական պետականության պատմական ավանդույթների հետ։

Եվրոպայի և Ասիայի միջև ռազմավարական դիրք զբաղեցնող Ղազախստանը Կենտրոնական Ասիայի ամենամեծ տնտեսությունն ունեցող երկիրն է, որը կարևոր դերակատարում ունի նավթի, ուրանի և հանքանյութերի մատակարարման, ինչպես նաև միջմայրցամաքային տրանսպորտային միջանցքների զարգացման գործում։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց՝ տարբեր ազդակներ են ստանում Եվրոպայից և ԱՄՆ-ից ռուս-ուկրաինական պատերազմի հարցում դերակարատում ունենալու․

«Գիտեմ, որ Ալյասկայի Անքորիջում տեղի ունեցած հանդիպման ժամանակ դուք ցուցաբերեցիք առավելագույն դիվանագիտական ճկունություն։ Եվ իմ համեստ կարծիքով, քանի որ ինձ հարցրել են, գուցե ժամանակն է սառեցնել այս հակամարտությունը և վերադառնալ Ստամբուլի «Ֆորմուլա 2.0»-ին, քանի որ այնտեղ նշանակալի արդյունքներ են ձեռք բերվել։ Եվ ապա, իհարկե, մեծ տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի երաշխիքների ներքո, շարժվել դեպի երկար սպասված խաղաղություն»։

Ըստ լրատվամիջոցների՝ նոր խորհրդարանի աշխատանքի որակը կարևոր կլինի ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության համար։

Կարդացեք նաև

Back to top button