ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի տողատակերը․ ի՞նչ նախանշվեց լարված հարաբերություններում

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությունից հետո կողմերը փորձել են վերականգնել երկխոսությունը։ Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի՝ հուլիսի 27-ի հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրությունները երկու կողմից էլ շատ սեղմ էին։ Սակայն անգամ այդ պայմաններում պաշտոնական հաղորդագրությունների տողատակերում կարելի է նկատել մի շարք ուշագրավ նրբություններ։ Ի՞նչ պարզվեց Փաշինյան–Պուտին հեռախոսազրույցից։

Փաշինյան–Պուտին նախօրեի հեռախոսազրույցը հայաստանյան ընտրություններից մոտ երկու ամիս անց էր, երբ արդեն ավարտված էին ընտրությունների հետ կապված բոլոր բողոքարկումները։ Հեռախոսազրույցը եղել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը պաշտոնական հաղորդագրությունների տողատակերում նկատում է հետևյալ նրբությունը․

«Պարզ է՝ Նիկոլ Փաշինյանը ուզում է լուծել հարցը, որ ապրանքները մտնեն Ռուսաստանի շուկա։ Դա առաջին հեռախոսազրույցն է մեր ընտրություններից հետո, բայց հաղորդագրություններում չկա ոչ մի բան նրա մասին, որ Պուտինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այսինքն՝ Ռուսաստանը շարունակում է գիծը, որ չի ճանաչում մեր ընտրությունների արդյունքները, դա ակնհայտ է։ Ակնհայտ է, որ կարճ զրույց էր։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը նորից դրեց հարց ու զրույցը գնում էր միայն մի հարցի շուրջ։ Ռուսաստանը վերաբերմունքը դրանով ցույց տվեց»։

Վերլուծաբանները հայկական և ռուսական կողմերի պաշտոնական հաղորդագրությունների համադրումից ենթադրում են, որ Փաշինյանն ու Պուտինը ԵՄ-ԵԱՏՄ հարցերում ընդհանուր հայտարարի չեն եկել։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանում քննարկել համաժողովրդական հանրաքվեի անցկացումը՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով։ Մինչդեռ պաշտոնական Երևանը հանրաքվեի անցկացումը գործնականորեն հնարավոր է համարում այն դեպքում, երբ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացը դառնա առարկայական, այսինքն՝ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրոպական միությանը, ինչն այսօր իշխանությունները իրատեսական չեն համարում։

Հեռախոսազրույցի գլխավոր նպատակներից մեկը նաև այն էր, որ վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահից ակնկալում էր միջամտություն՝ հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները վերացնելու կամ առնվազն մեղմելու ուղղությամբ։ Սակայն պաշտոնական հաղորդագրությունները չեն վկայում, որ այդ հարցում որևէ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Վերլուծաբանները չեն բացառում, որ հայկական ծագում ունեցող ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումները կարող են պահպանվել նաև առաջիկայում։ Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի համոզմամբ՝ եթե այս իրավիճակը պահպանվի, Հայաստանը կարող է կանգնել ռազմավարական որոշումներ ընդունելու անհրաժեշտության առաջ։

«Քանի դեռ  Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը իրականություն է, քանի դեռ ենթակառուցվածքները մնում են Ռուսաստանի ձեռքի տակ, մինչև–մինչև–մինչև, դու ստանալու ես այն պատասխանները, այն քայլերը, որ այսօր տեսնում ես»։

Այս հարցում արդեն թե՛ վերլուծաբանների, թե՛ հանրության կարծիքները տարբեր են։ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ձևաչափի հստակեցմամբ և շփման արդյունավետ ուղիների որոնմամբ շարունակում է զբաղվել նաև Հայաստանի կառավարությունը։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանը, պատկերավոր ասած, «դուռը բաց» է թողել՝ ընդգծելով գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու՝ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը։ Նրանց գնահատմամբ՝ վերջին շրջանում կառավարության քայլերը ցույց են տալիս, որ որոշ հարցերում մոտեցումները որոշակիորեն փոխվել են, անգամ փոքր-ինչ մեղմվել։

Հայաստանի կառավարությունը դեռ հայկական երկաթուղու որևէ հատված ռուսական կառավարումից դուրս բերելու գործնական քայլ չի արել, սակայն մրցույթ է հայտարարել Գյումրի–Ախուրիկ–Թուրքիայի սահման հատվածի երկաթգծի վերականգնման նախագծի համար։ Նույնը վերաբերում է նաև Երասխի ուղղությանը։ Այսինքն՝ ապաշրջափակման ծրագրերի շրջանակում Հայաստանը փորձում է ինքնուրույն քայլերով վերականգնել երկաթուղային կապերը։ Դեռ մայիսի 25-ին վարչապետ Փաշինյանը հայտարարում էր․

«Մենք նաև Երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու, ընդ որում, Հայաստանի կառավարությունն իր վրա է վերցնելու, չնայած կոնցեսիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու և երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք, և երկաթուղին բացվելու է»։

Հայաստանի և Ռուսաստանի միջև քննարկումները կարող են շարունակվել առաջիկայում։ Օգոստոսի 7-ից 8-ը Ղրղզստանում տեղի կունենա ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Եթե Հայաստանի վարչապետը մեկնի այդ հանդիպմանը, չի բացառվում նրա հանդիպումը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Այդ հանդիպումը կարող է դառնալ երկկողմ քննարկումների ևս մեկ հարթակ։

Հեռախոսազրույցների «պատմության» մեջ, ի դեպ, կա ևս մեկ նրբություն։ Հայկական կողմի նախաձեռնած Փաշինյան–Պուտին հեռախոսազրույցի հաջորդ օրը Պուտինը խոսել է նաև Ադրբեջանի նախագահի հետ և քննարկել տարածաշրջանային հարցեր։ Այս դեպքում հեռախոսազանգի նախաձեռնողը ռուսական կողմն էր։

Կարդացեք նաև

Back to top button