
Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում առաջին անգամ անցկացվել են «Հայկական ջազի օրեր»։ Նախագծի հեղինակն ու կազմակերպիչը ջութակահարուհի, Գերմանա-հայկական երաժշտական միության նախագահ Անի Աղաբեկյանն է։ Ավելի քան 15 տարի Գերմանիայում դասական երաժշտության փառատոն իրականացնող միությունը ջազային առանձին նախագիծ է նախաձեռնել հենց հանդիսատեսի պահանջով։
Գերմանիայում հայկական մշակույթը ներկայացվել է նոր ձևաչափով ու ռիթմերով․ «Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում առաջին անգամ անցկացվել է Հայկական ջազի առաջին փառատոնը։ Նախագծի հեղինակն ու կազմակերպիչը ջութակահարուհի, Գերմանա-հայկական երաժշտական միության նախագահ, Բադեն-Վյուրթեմբերգում ՀՀ պատվավոր հյուպատոսության մշակութային հանձնակատար Անի Աղաբեկյանն է։ Ջութակահարուհին, որն արդեն 15 տարի Գերմանիայում դասական երաժշտության փառատոն է կազմակերպում, նկատել էր հանդիսատեսի մեծ հետաքրքրությունն ու սերը հայկական ջազի նկատմամբ։
«Մեր հանդիսատեսը միշտ հարցնում էր՝ ինչո՞ւ եք այդքան քիչ ջազի համերգներ անում։ Քանի որ դասական փառատոնի շրջանակում չէինք կարող շատ ընդլայնվել, որոշեցինք ստեղծել հայկական ջազի առանձին փառատոն։ Անցկացրինք 3 համերգ․ 3 տարբեր ծրագիր, 3 տարբեր կազմ, որոնց մասնակցում էր 30 երաժիշտ՝ ինչպես Գերմանիայից, այնպես էլ Հայաստանից»։
Եռօրյա փառատոնի համերգներին հայկական մեղեդիներն ու ջազային իմպրովիզները մեկտեղել էին հայտնի երաժիշտների։ Բեմում էին Վահագն Հայրապետյանը, երգչուհի Անի Արոնյանը, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանը, ինչպես նաև գերմանացի հայտնի ջազզմեններ՝ Պետեր Լեհելը, Մինի Շուլցը, Օլիվեր Շտրաոխը և այլք։
Դաշնակահար Վահագն Հայրապետյանի խոսքով՝ նման նախագծերը հրաշալի տոն են երաժիշտների համար․
«Մեծ երախտագիտություն եմ հայտնում բոլորին, ովքեր կազմակերպել են այս փառատոնը: Անին իսկական «մագնիսական» անհատականություն է, որ կարողանում է միավորել բոլորին՝ անկախ տարիքից: Նման նախագծերի համար անհրաժեշտ են նվիրված մարդիկ, ինչպիսին է նաև Բադեն-Վյուրթեմբերգում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունտեր Պիլարսկին: Մեզ համար սա հրաշալի տոն է, նոր ծանոթություններ և մեծ հաճույք»:
Հայկական ու գերմանական մշակույթների միաձուլումն ու համագործակցությունը կարևորում է նաև սաքսոֆոնահար, Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավար Դավիթ Մելքոնյանը․
«Մեծ պատիվ ու ուրախություն է, որ գերմանական հողի վրա տեղի է ունենում հայկական ու գերմանական մշակույթների միաձուլումը՝ մասնավորապես ջազ երաժշտության շուրջ: Այս ընթացքում հրաշալի համագործակցություն ունեցանք նաեւ Պետեր Լեհելի ուսանողական նվագախմբի հետ: Կցանկանայի, որ տարին տարվա վրա էլ ավելի շատ մեր ջազ արտիստները ներգրավվեին նման նախագծերում»:
Երգչուհի Անի Արոնյանը տպավորված է հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ։
«Իսկապես մեծ հաճույք է ելույթ ունենալ նման հրաշալի երաժիշտների հետ նույն բեմում: Հանդիսատեսի ջերմ արձագանքից վստահ եմ, որ շուտով կրկին կվերադառնանք: Միանշանակ խորհուրդ եմ տալիս բոլորին այցելել այս փառատոնը և լսել լավագույն հայ երաժիշտներին»:
Անի Աղաբեկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է`ի տարբերություն դասական համերգների, որոնց ժամանակ հիմնականում նույն հանդիսատեսն է լինում, ջազային այս փառատոնին շատ էին հենց տեղացիները, ինչպես նաև հատուկ ժամանած հյուրեր Ֆրանսիայից ու Գերմանիայի այլ քաղաքներից։
Գերմանիայում Հայաստանի Հանրապետության տնտեսական կցորդ, Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչության նախագահ Ռոբերտ Հուբերն ասում է,որ հայկական մշակույթն ու երաժշտությունն իրենց ուրույն տեղն ունեն Եվրոպայում․
«Որպես ջազի մեծ սիրահար՝ ինձ համար շատ հարազատ է այս ոլորտը: Հայաստանի մշակույթը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն սեփական, այլև եվրոպական, այդ թվում՝ գերմանական մշակութային կյանքի վրա: Իսկ երբ խոսում ենք մշակույթի մասին, երաժշտությունը միշտ առաջատար դիրքերում է»:
Գերմանա-հայկական երաժշտական միությունն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը՝ չորս համերգից բաղկացած հոբելյանական համերգաշարով, որը, ինչպես նախորդ տարիներին, ներկայացնում է հայ և միջազգային երաժիշտների, սակայն այս անգամ անցկացվում է առավել ընդարձակ՝ հոբելյանական ձևաչափով։
Հոկտեմբերի 17-ին Կարլսրուեում կայանալիք բացման համերգին հանդես կգա Պրահայի թագավորական կամերային նվագախումբը «Royal Chamber Orchestra»-ն՝ Բադեն-Բադենի ֆիլհարմոնիայի ղեկավար Հայկո Մաթիաս Ֆյորստերի դիրիժորությամբ: Խաչատրյանի, Բախի և Դվորժակի ստեղծագործությունները կներկայացնեն մենակատարներ Անի Աղաբեկյանն ու Ստրադիվարիուսի ջութակով հանդես եկող Կո Գաբրիել Կամեդան։
Փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 28–ը։ Համերգները տեղի կունենան Բադեն-Բադեն, Բրուխզալ և Կարլսրուե քաղաքներում։
2012 թվականից ի վեր միությունն ամեն տարի համերգային ծրագրով է հանդես գալիս Գերմանիայում, ներկայացվում են հայ և գերմանացի կոմպոզիտորների գործեր: Ելույթ են ունենում տարբեր ազգերի երաժիշտներ:
« Տարիների ընթացքում ձևավորված այս երաժշտական կամուրջը ոչ միայն ներկայացնում է հայկական մշակույթը Եվրոպայում, այլև ամրապնդում է միջազգային երաժշտական կապերն ու բարեկամությունը:
Այս տարվա մշակութային միջոցառման առանձնահատկությունն այն է, որ հրավիրված բոլոր արտասահմանցի երաժիշտները Հայաստանի բարեկամներն են և սերտ կապեր ունեն հայկական մշակույթի հետ: Իսկ հոկտեմբերից դեկտեմբեր անցկացվելիք հոբելյանական այս համերգաշարին կարևոր տեղ է հատկացված հայկական երաժշտությանն ու դրա միջազգային տարածմանը։




