
Արմավիրի մարզի գյուղերում վերջին տարիներին չրագործությամբ գնալով ավելի շատ են զբաղվում, դրան զուգահեռ՝ ավելացել են նաև այն պտղատեսակների այգիները, որոնց մրգերը մեծ պահանջարկ ունեն։ Մինչև անցած տարի չիրը լավ վաճառվում ու արտահանվում էր։ Այս տարի նոր ուղիների փնտրտուքի մեջ են։ Երբեմն արտադրողներն իրենք են գտնում իրացման նոր տարբերակներ՝ ուսումնասիրելով եվրոպական շուկայի պահանջարկը։
Սարգիս Խամիսյանն արդեն 13 տարի իր աճեցրած բերքի իրացման լավագույն տարբերակը գտել է՝ չիր է պատրաստում և իրացնում տարբեր երկրներում։ Արտահանման ուղիները նույնպես իրենք են գտնում․ ուսումնասիրում են շուկան և փորձում ըստ այդմ կազմակերպել արտադրությունը։
«Ինչ սրսկում ես կամ ինչ տալիս ես ծառերին՝ նիտրատներ, թունաքիմիկատներ, մտնում են բերքի բաղադրության մեջ: Դրա համար պետք է կանոնները պահպանվեն»։

Արտահանման հիմնական հարցերով զբաղվում է Սարգիսի դուստրը․ պայմանավորվել, կապեր հաստատել, պայման ու գին ճշտել և կազմակերպել արտահանումը։ Այդպես՝ արդեն մի քանի տարի։ Մինչև այդ հիմնականում իրացրել են տեղական ու ռուսական շուկաներում՝ ծիրանի, սալորի, դեղձի և լոլիկի չրեր։ Վերջինը հիմա շատ են սկսել սիրել, հաճախ նաև օգտագործում են աղցաններում՝ ասում է Սարգիսը։
«Լոլիկի բոլոր սորտերն էլ չիր լինում է, բայց ավելի պրակտիկ է հենց երկար, պինդ ու մսոտ սորտը: Դրա պահանջարկը շատ է Եվրոպայում: Ռուսաստանում էլ էին սովորել, դրանից աղցաններ էին պատրաստում: Շատ համեղ է, շատ գնահատված ուտեստ է»։

Չիր դարձող բոլոր մրգերը սեփական այգուց են։ Հիմա բակում քաղցրահամ Սաթենին է չիր դառնում։ Բերքը քիչ է, աշխատողներն էլ շատ չեն, գործն առաջ են տանում հարևան-բարեկամներով։ Անուշը տեսակավորում է արդեն չորացած ծիրանը։
«Երբ բերքն ընդունում ենք, տեսակավորում, լվանում, տեղավորում ենք ցանցերի մեջ և դնում ծխահարման: Դրանից հետո չորացնում ենք արևի տակ, ցամաքելուց հետո կուտը հանում, փռում չորանալու: Վերջում տեսակավորում ենք, նորից լվանում ու փաթեթավորում»։
Աշխատանքը երբեմն մի քանի օր է տևում, երբեմն՝ շաբաթներ։ Դա կախված է բերքի քանակից ու եղանակից։ Չիր պատրաստողներն օրավարձով են աշխատում՝ ութ ժամ աշխատանքի դիմաց 4000 դրամ։

«Մենք բոլորս այս գյուղից ենք: Մենք այգի չունենք, և արդեն մի տարի կլինի, որ այստեղ օրավարձով եմ աշխատում: Հիմա ես պտղի միջից կուտն եմ հանում»։
Հացիկում չրագործությամբ շատերն են զբաղվում։ Հիմնականում գնորդներն իրենք են գալիս գյուղ և տեղում գնում արտադրանքը։ Սակայն անցած տարի նախորդ տարիների պես վաճառք չկար՝ դժգոհում են արտադրողները։
«Մարդիկ կան, որ բողոքում են: Գիտե՞ք դա ինչի հետ էր կապված. այն ժամանակ, երբ ես եմ վաճառել՝ Ռուսաստանի հետ կոնֆլիկտները չկար, ռուբլու փոխարժեքն էլ հարմար էր: Ես վաճառեցի, բայց մարդ կա, որ մինչև հիմա չրերը սառնարաններում է պահել»։
«Դե, ահագին կա: Էն, որ մեզ պետք է օգուտ լիներ՝ դա մնաց սառնարաններում: Հիմնականում դեղձի չիրը մնաց, իսկ ծիրանի չիրը անցած տարի խոշոր արտահանողները միանգամից տարան, բայց էս տարի էդ տղերքն էլ չկան»։

Սառնարաններում անհրաժեշտ ջերմաստիճանի պայմաններում չիրը չի փչանում և կարող է պահվել մինչև երեք տարի։ Սա բերքի կորստից խուսափելու լավագույն միջոցներից է, բայց պետք է խրախուսել չրագործի աշխատանքը՝ համոզված է Սարգիսը։
«Իրացման պահից ելնելով՝ հիմա կառավարությունը պիտի խթանի արտահանումը, պայմաններ ստեղծի, հեշտացնի արտահանման գործընթացը, թե չէ չրագործությունը կարող է վնասներ կրել: Այսինքն՝ չրեր չանեն, բայց դա ապագա է Հայաստանի համար, որովհետև չիրը չի փչանում, կարող են ամբողջ մրգերը վերածել չրերի»։
Հացիկում շուրջ 300 չրագործական տնտեսություն կա։ Հունիս-հոկտեմբերը եռուն շրջան է։ Երբեմն պահեստավորված խնձորն ու տանձը ձմռանն էլ են չիր դառնում, բայց ոչ թե արևի տակ, այլ էլեկտրական չորանոցներում։




