
Աստրախանում միջին հարստության վաճառական Համբարձում Պապայանի ընտանիքում ծնված Նադեժդա Պապայանը, փոքրուց աչքի էր ընկնում հրաշալի երգեցողությամբ և դերասանական վառ ունակություններով։ Ցավոք, տնային ներկայացումներից մեկի պատրաստության ժամանակ նա ընկնում է մեխի վրա և կորցնում աչքը։ Անգամ Փարիզի առաջադեմ բժշկությունը չի կարողանում օգնել, և նա ստիպված է լինում ամբողջ կյանքում կրել ապակե աչք։
Աստրախան ժամանած իտալական թատերախմբի անդամներից մեկի հետ հանդիպումը, բախտորոշ եղավ։ Լսելով աղջկա ձայնը, նա խորհուրդ է տալիս անպայման շարունակել երաժշտական կրթությունը։ Նադեժդան նախ մեկնում է Սանկտ Պետերբուրգ, ապա՝ Միլան, որտեղ էլ ստանում է «հայկական սոխակ» պատվանունը։
Երգչուհու կյանքն ուսումնասիրած գրող-ազգագրագետ Էդուարդ Մանվելյանը պատմում է նրա մեծ հաջողությունների մասին․ Միլանի, Փարիզի և Սանկտ Պետերբուրգի օպերային թատրոններում, որտեղ նա փայլել է ավելի քան 40 գլխավոր դերերգերով։
Չնայած համաշխարհային ճանաչմանը՝ Նադեժդային միշտ ձգում էր Կովկասը։ Նա տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ նույնպես արժանանում է շռնդալից ընդունելության։ Սակայն, ի տարբերություն բեմական փառքի, նրա անձնական կյանքը դասավորվում է ողբերգականորեն։ Երբ թվում էր, թե շուտով պիտի միանա իր սիրելի Ալեքսանդրին, հարազատ Աստրախանում դաժանորեն սպանվում են թե՛ ինքը, թե՛ հայրը։
Թեև Նադեժդա Պապայանի ձայնագրությունները չեն պահպանվել, սակայն, ժամանակակիցների վկայությունները վառ ապացույցն են նրա բացառիկ ձայնային տվյալների և դերասանական բարձր արվեստի։




