
Երբեմն միջազգային հարաբերությունների հիմքում քաղաքական շահերն ու աշխարհաքաղաքական հաշվարկները չեն, այլ դարերի խորքից եկած հոգևոր, մշակութային և քաղաքակրթական ընդհանրությունները։
Հայաստան-Վատիկան հարաբերությունները ապացուցում են, որ դիվանագիտության կայուն հիմքերից մեկը կարող է լինել ոչ միայն շահերի հավասարակշռությունը, այլ նաև արժեքների և հավատքի ընդհանրությունը։
Հենց այս մասին մի քիչ ավելի մանրամասն զրուցել ենք Վատիկանում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանի հետ։
-Միջազգային պրակտիկա գոյություն ունի, և մի շարք երկրներում ԱԳՆ ընդունվելիս անպայման հաշվի են առնում ոչ միայն ապագա դիվանագետների մասնագիտական կրթությունը, որը, բնականաբար, միջազգային հարաբերություններն են կամ միջազգային իրավունքը, այլ նաև նվազագույնը երկու այլ մասնագիտությունների առկայությունը՝ տնտեսագետները՝ պարտադիր, և ինժեներները, որովհետև համարվում է, որ ինժեներական մտածելակերպը, ինժեների մտածելու ալգորիթմը, եթե այդպես կարելի է արտահայտվել, շատ ավելի ընդարձակ է, շատ ավելի ընդգրկուն և համապարփակ։
Վատիկանում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանը մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրիկ է։ Դեռ մանկուց հասարակությանը օգտակար լինելու ցանկությունը նրան հանգիստ չի տվել։ Սկզբում այն դրսևորվել է էլեկտրական համակարգերի նախագծման, մշակման և սպասարկման մեջ, այնուհետև վերածվել դիվանագիտական կենսագրության, որտեղ ինժեներական մտածողությունը օրակարգային նշանակություն ունի։
-Տենդենցը մի փոքր ավելացել է ինժեներներին աշխատանքի ընդունելու արտաքին գործերի նախարարություն՝ վերջին տարիներին՝ հաշվի առնելով, որ միջազգային հարաբերությունները, իրադրությունը ավելի են պահանջում դիվանագետների ներգրավվածություն այնպիսի գլոբալ հարցերում, ինչպիսին են ենթակառուցվածքների զարգացումը կամ լոգիստիկ խնդիրները և այլն, և ինժեներական մտածելակերպը այստեղ շատ լուրջ օգուտ կարող է տալ հարցի դրական կամ էֆեկտիվ լուծման համար։
1998 թ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած Բորիս Սահակյանի աշխատանքային սեղանով անցել են ամենատարբեր բնույթի, բովանդակության և նշանակության փաստաթղթեր։ Սակայն դիվանագիտական յուրաքանչյուր փաստաթուղթ պարզապես թղթի վրա գրված տեքստ չէ. այն իր մեջ կրում է մի ամբողջ պատմություն, երկար կազմակերպչական գործընթաց, բանակցություններ, որոնումներ ու որոշումներ՝ երբեմն կյանքի կոչված, երբեմն էլ սեղանին մնացած։
-Գիտե՞ք, ինչ-որ մի իրադարձության ավարտին, հատկապես երբ գրանցվում է ինչ-որ հաջողություն, այդ լարվածության շրջանից հետո, երբ, ինչպես ասացի, ամեն ինչը նախապատրաստվում է բավականին երկար ժամանակ, մշակվում է, քննարկվում է, համաձայնեցվում է նաև ղեկավար անձնակազմի հետ, և այդ պահը, երբ արդեն ամեն ինչ անցնում է, և արդյունքը հանրային է դառնում, մարդիկ այն տեսնում են, բայց դա ընդամենը մի մասն է այն աշխատանքի, որը կատարում են դիվանագետները։
2001-2003 թթ. ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի 3-րդ քարտուղար աշխատած Բորիս Սահակյանը սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ հանգստացնող կամ մխիթարող ոչ մի խոսք չունի ասելու։ Ասում է՝ այն եղել է, կա ու կլինի։
-Սպառազինությունների վազք, բնականաբար, միշտ է եղել, որովհետև այդ գործընթացն ունի իր շահառուներին և կողմերին՝ մարդիկ, ովքեր շահագրգռված են, որովհետև համապատասխան օգուտ են ստանում այդ գործընթացից՝ անկախ դրա անմարդկային բնությունից, բայց մենք գիտենք, որ դա միշտ եղել է և միգուցե կլինի։
Մխիթարող են, սակայն, նրա խոսքերը միջազգային հանրության, ավելի շուտ՝ նրա հետևողականության, նախաձեռնողականության ու ապագա փորձանքների կանխարգելման հստակ քայլերի մասին։

-Բնականաբար, ստեղծվել են համապատասխան ռեժիմներ՝ սպառազինությունների վերահսկման, զինաթափման համար, և որպեսզի մեր ռադիոլսողները ավելի հեշտ հասկանան, մի կարճ օրինակով կարող եմ նկարագրել այդ ռեժիմների ուղղություններից մեկը, որը վերաբերում է սովորական սպառազինություններին՝ դրանք տանկերն են, ենթադրենք, հրետանին է, ռազմական օդանավերը, ուղղաթիռները և այլն։ Ցանկացած երկիր ունի իր քանակական շեմը՝ բոլոր կատեգորիաներում ունենալու, պայմանական, մինչև 200 տանկ և ոչ ավել։ Դա հստակ արձանագրված էր համապատասխան փաստաթղթերում, պայմանագրերում։ Կան քաղաքական հանձնառություններ, բնականաբար, պրոցեսն ինքնին վերահսկելի էր, որովհետև նաև վերահսկման վերիֆիկացիոն մեխանիզմներն են գործում։
Իսկ հիմա պարզապես բացեք ձեր հեռախոսն ու նայեք նորություններին. կրկին կրակոցներ, պայթյուններ, պատերազմ։ Թվում է՝ զենքը մի օր անպայման պետք է խոսի, հատկապես այսօր, երբ միջազգային կանխարգելման, զսպման և արձագանքման մեխանիզմներն այլևս չեն գործում նախկին հետևողականությամբ ու արդյունավետությամբ։ Հուսանք, որ այս բռնկումը կլինի ժամանակավոր ու անցողիկ, և խաղաղությունը կրկին կգտնի իր ճանապարհը։
-Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ հիմա լավ են աշխատում սպառազինության կամ զինաթափման ռեժիմները, բնականաբար՝ ոչ։
2024 թ. Բորիս Սահակյանը Վատիկանում ՀՀ դեսպանն է։ Այնտեղ դեսպան լինելը նշանակում է, որ դու առաջին հերթին գործ ունես ոչ թե սովորական դարձած քաղաքական հաշվարկների ու շահերի, այլ ամենապարզ մարդկային հավատի հետ։
-Եկեք տեսնենք՝ ի՞նչ միավորի հետ գործ ունի ցանկացած դեսպան, միայն Հայաստանի դեսպանը չէ, ով հավատարմագրված է Վատիկանում։ Նախ, Վատիկանը՝ Սուրբ Աթոռը, եկեղեցի-պետություն է։ Որպեսզի ավելի պարզ լինի՝ ընդամենը դեսպանի շփումների առումով, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները Վատիկանի բարձրակարգ եկեղեցականներ են։ Բնականաբար, այդ մարդկանց հետ կոմունիկացվելու խնդիրը կամ մոտեցումները բացարձակ այլ են, քան մյուս դասական երկկողմ հարաբերություններում։

Media
Վատիկանում բոլոր պատմությունները սկսվում կամ շարունակվում են Հռոմի պապով։ Մեր ունկնդիրներն այժմ հնարավորություն կունենան առաջին ձեռքից մի քիչ ավելի մանրամասն ու ճիշտ պատկերացնել, թե ով է Հռոմի պապը։
-Ինչ վերաբերում է Հռոմի պապին, պետք է հասկանանք, որ նա ոչ միայն Սուրբ Աթոռի ղեկավարն է որպես այդպիսին, ինչպես, ենթադրենք, նախագահ կամ վարչապետը որևէ այլ երկրում, նա համարվում է կաթոլիկ աշխարհի առաջնորդը։ Կաթոլիկ աշխարհ ասելուց մենք պետք է հասկանանք, որ 1 միլիարդ 4 միլիոն մարդկանց մասին է խոսքը՝ երկրի բնակչության։ Մենք պատկերացնո՞ւմ ենք այդ ազդեցությունը, եթե կարելի է այսպես ասել։
-Իսկ այդ փաստից Դուք լարվո՞ւմ եք։
-Լարվելու հարց չկա, ուղղակի դու, ինչպես ասացի, պետք է պատրաստ լինես լրիվ նոր իրողության մեջ աշխատելուն։ Այն պրակտիկան, որ դու ունեցել ես՝ դիվանագետ աշխատելուց, կամ մյուս դեսպանները՝ դեսպան աշխատելուց, ինչ-որ տեղ այստեղ կիրառելի չեն։ Ինչ-որ չափով լրիվ նորություն է քեզ համար։
Հայաստանի և Վատիկանի ամենահամուզիչ դիվանագիտական փաստարկը մշակույթն է։ Այս հարաբերություններում քաղաքական հաշվարկների, ուժերի հավասարակշռության ու սպառազինության շուրջ ծավալվող դիվանագիտությունն իր տեղը զիջում է մշակութային դիվանագիտությանը, որի բովանդակությունը Հայաստանը ստեղծելու կամ կեղծելու կարիք երբեք չի ունեցել և չունի։
-Մշակութային դիվանագիտությունը միշտ եղել է դիվանագիտության առանձին ուղղություն։ Կան երկրներ, որ, պատկերացրեք, մշակութային դիվանագիտության միջոցով են բացել քաղաքական դռները, եթե կարելի է այսպես ասել։ Եվ պատահական չէ, այդ համատեքստում, որ շատ զարգացող երկրներ, որոնք պայմանական ունեն օգտակար հանածոներ և համապատասխան հնարավորություններ, ահռելի գումարներ են ներդնում իրենց համար պատմություն և մշակույթ ստեղծելու համար։
Մշակույթը իրադարձություններ ու մարդիկ են։ Մի մարդ-իրադարձություն է նաև Գրիգոր Նարեկացին, որը, բացի հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա լինելուց, այսօր արդեն նաև դիվանագիտական գործոն է, հատկապես և հենց Վատիկանում։
-Նարեկացու ճանաչելիությունը նույն Վատիկանում շատ դռներ է բացում մեզ համար։




