ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Փողերի լվացման մեղադրանք, լայնածավալ խուզարկություններ․ ԲՀԿ-ում գործընթացը համարում են քաղաքական

Վաղ առավոտից  ծավալուն ու միաժամանակյա խուզարկություններ են անցկացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, «Մուլտի գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, և  ավելի ուշ իրավապահները հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ։ ԲՀԿ-ում իրավապահների գործողություններն անակնկալ չեն համարում և գործընթացը որակում են քաղաքական:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ՝ «անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ», և որ կոմիտեն ավելի ուշ հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:  

Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Էմին Խաչատրյանին ու Երեմ Սարգսյանին իրավապահները խուզարկությունից ժամեր անց են միայն թույլ տվել մտնել Ծառուկյանի տուն ու մասնակցել խուզարկությանը։ Վերջինիս բերման ենթարկելու և հարուցված քրգործի վերաբերյալ այլ  տեղեկություններ նրանք չեն փոխանցել: 

ԲՀԿ-ում իրավապահների գործողություններն անակնկալ չեն համարում և գործընթացը որակում են քաղաքական: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյան.

«Էս լայնածավալ գործողությունները վկայում են ընդհանուր առմամբ մեկ բանի մասին, որ բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա»։

ԲՀԿ անդամ Արման Աբովյանի գնահատմամբ՝ գործընթացն ուղղված է ընդհանրապես ընդդիմության դեմ․

«Պետք է ֆիքսենք հետևյալը․ այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, դա գործողություն է, որի հիմնական նպատակն է՝ փորձել ջարդել, պայմանական, ընդդիմությանը։ Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ հասարակության արձագանքը, որովհետև, ժողովուրդ ջան, այստեղ միայն Ծառուկյանի խնդիրը չէ, այստեղ բոլորի խնդիրն է, նույնիսկ այն մարդկանց, որոնք այսօր, միգուցե, այսպես ասենք, չեն համակրում օրինակ ԲՀԿ-ին, բայց ընդդիմադիր հայացքներ ունեն։ Բոլորին է սա վերաբերում»։  

Գլխավոր դատախազությունն ավելի վաղ դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ: ԿԸՀ-ից լրատվամիջոցներին փոխանցել էին, որ միջնորդությունը կքննարկեն Սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննությունից հետո՝ «պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությամբ»: ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն, իրավիճակն այլ կերպ է դիտարկում․  

«Հստակ իմանալով, թե ինչ որոշում  է ՍԴ-ն կայացնելու և որ ամսի 4-ից հետո այլևս պարոն Ծառուկյանը որպես պատգամավորության թեկնածու չի ունենալու անձեռնմխելիություն և այլևս ԿԸՀ-ով հարկ չի լինելու այդ հարցը քննարկել։ Հենց դա է պատճառը, որ ՍԴ-ի կայացրած որոշմանը հաջորդող հենց առաջին աշխատանքային օրը վաղ առավոտյան սկսել են այս լայնածավալ գործցողությունների հետ կապված աշխատանքները։ Մենք ևս մամուլից ենք տեղեկացել, անկեղծորեն, թե ինչ հոդվածներ են շրջանառվում կոնկրետ պարոն Ծառուկյանի անձի հետ կապված, ինչպես նաև մի շարք ձեռնարկությունների»։  

Ավելի վաղ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու, նաև փողերի լվացման համար: Ու քանի որ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը, հունիսի 9-ին Գագիկ Ծառուկյանին թույլ չէր տրվել «Զվարթնոց» օդանավակայանից լքել երկիրը։

Դեռ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատ ցեմենտ»–ի գործարանը պետականացնելու մասին, այնուհետև շարունակել էր ցանկը՝ հասնելով Ծառուկյանի առանձնատանը․

«Քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանից տները սկսելու ենք արդեն վերադարձնել ժողովրդին։ Եվ ես ձեզ ասում եմ՝ մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանի սարի գլխին սարքած տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա»։

Վարչապետն «Արարատ ցեմենտ» գործարանը համարել էր Ծառուկյանի «բիզնես ողնաշարը» և նշել, որ արագ կլուծվի գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցը այնպես, ինչպես եղավ էլցանցերի դեպքում: ԲՀԿ առաջնորդն էլ պատասխանել էր, թե «իրեն դրանով չեն վախեցնի»:

Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2000-ականների սկզբին «Արարատ ցեմենտ»–ը խախտումներով է մասնավորեցվել:

Խուզարկություններ են անցկացվել Գագիկ Ծառուկյանին պատկանող հիմնական ընկերություններում՝ «Մուլտի Վելնես»-ում, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատում, «Մուլտի սթոուն»-ում, նաև՝ «Օլիմպավան»-ում և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում:

Կարդացեք նաև

Back to top button