
Թուրքիայի մայրաքաղաքում պատրաստվում են ընդունելու աշխարհի մի շարք երկրների ղեկավարների։ Հուլիսի 7-ից 8–ը Անկարայում կլինի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Նա լրագրողներին ակնարկել է, որ «նվերներով» է գնում Անկարա։ Միջազգային մամուլը կարծում է, որ խոսքը Թուրքիա F-35 կործանիչներ մատակարարելու մասին է։ Գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիայում ոստիկանական հատուկ գործողություններ են կատարվում բողոքի ցույցերը ցրելու և ակտիվիստներին ձերբակալելու ուղղությամբ։ Ձերբակալվում են լրագրողներ, ընդդիմադիրներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, անգամ ակադեմիկոսներ։ Ընդհանուր առմամբ ձերբակալվածների թիվն անցնում է հինգ տասնյակը։ Իրավապաշտպանները սա համարում են մամուլի ազատության ոտնահարում, ազատ խոսքը ճնշելու քայլ։ Իշխանությունը պնդում է, որ դրանք հակաահաբեկչական գործողություններ են։
Անկարայում խստացվել են անվտանգության միջոցառումները․ Թուրքիայի մայրաքաղաքը պատրաստվում է ընդունելու ՆԱՏՕ-ի առաջնորդներին։
Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ գագաթնաժողովի անվտանգությունը կապահովեն հատուկ ուժերի 70 հզր ծառայողներ։ Հուլիսի 5-ից 10–ը արգելվում է ծանր բեռնատարների մուտքը մայրաքաղաք։
Հինգ տասնյակից ավելի մարդ է ձերբակալվել՝ ցուցարարներ, լրագրողներ, քաղհասարակության անդամներ, անգամ ակադմիկոսներ։ Իշխանությունները հայտարարում են, որ դրանք հակաահաբեկչական գործողություններ են։ Իսկ լրագրողներն ահազանգում են, որ ճնշվում է ազատ խոսքի իրավունքը։
«Մարդասպան ՆԱՏՕ, դուրս արի մեր երկրից»․ այսպիսիվանկարկումներով ու պաստառներով լրագրողներն ու ձախակողմյան ուժերը փորձում են բողոքի ակցիաներ կազմակերպել, սակայն նրանց շրջապատում են վահաններով զինված ոստիկաններ ու արգելում են ցույցերը։
ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովը նշանակալի է նրանով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ Անկարա է մեկնում «մեծ նվերների փաթեթով»։
Միջազգային մամուլը կարևորում է հատկապես Թրամփի նախատեսված հանդիպումը Էրդողանի հետ, որին ԱՄՆ նախագահը բազմիցս գովաբանել է՝ անվանելով «դժոխային առաջնորդ»։
Անկարա մեկնելուց առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ լրագրողը հարցրել էր Թրամփին, թե արդյոք նա Էրդողանի համար նվերներ ունի՝ պարզբանելով, որ Անկարան F-35 կործանիչներ է ակնկալում Վաշինգտոնից։
Թրամփը լրագրողի հարցին դրականորեն էր արձագանքել․
«Այո՛, կարծում եմ՝ այո՛։ Հավանաբար կանեմ մի բան, որը նրան շատ կուրախացնի»։
Թուրքիան F-35-ից զրկվեց 2019 թվականին, երբ ձեռք բերեց ռուսական արտադրության հակահրթիռային պաշտպանության S-400 համակարգեր։ Վաշինգտոնը մտավախություն ուներ, որ Մոսկվան այդպիսով կարող էր տեղեկություններ ստանալ F-35-ի հնարավորությունների մասին։
AP գործակալությունը գրում է, որ ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ–ի անցյալ տարվա գագաթնաժողովում ստացավ այն, ինչ ուզում էր։ Դաշինքը մեծ մասամբ համաձայնեց նրա պահանջներին, որ պետք է ավելացվեն պաշտպանական ծախսերը։ Այս շաբաթ, երբ Թրամփը Անկարայում հանդիպի Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների հետ, պետք է համոզվի, որ այդ խոսումը կատարվել է։
ՆԱՏՕ-ի երկրներն արագ արձագանքեցին Թրամփի կոչին՝ հաջորդ տասնամյակում իրենց տարեկան համախառն ներքին արդյունքի 5 %-ը պաշտպանության վրա ծախսելու վերաբերյալ։ Դա ընդգծում է, թե ինչպես է ԱՄՆ նախագահը վերաձևել դաշինքը և ենթարկել իր կամքին։ Եվ դա այն դեպքում, որ Թրամփը շարունակում է վիճել ՆԱՏՕ-ի անդամների հետ Իրանի, Գրենդլանդիայի և այլ հարցերի վերաբերյալ։ Միջազգային մամուլը հիշեցնում է Թրամփի խոսքերը․
«Ես պարզապես հավատարմություն եմ ուզում։ Գիտեք՝ մենք շատ հավատարիմ ենք ՆԱՏՕ-ի անդամներին։ Մենք միշտ պայքարում ենք նրանց համար։ Մենք մեծ զորք ունենք ամբողջ Եվրոպայում։ Գերմանիայում 50 հզր զինվոր ունենք»։
Ահա թե ինչ է ասում AP-ի լրագրող Սընգ Մին Կիմը Թրամփի և ՆԱՏՕ–ի հարաբերությունների մասին․
«Նա բարդ և շատ վիճելի հարաբերություններ է ունեցել ոչ միայն դաշինքի, այլև ՆԱՏՕ-ի դաշինքի առանձին երկրների հետ։ Այժմ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր պարտավորվում է իր ՀՆԱ-ի որոշակի մասը ծախսելու պաշտպանության վրա։ Եվ նախագահ Թրամփը տարիներ շարունակ բարկացած էր, որ ՆԱՏՕ-ի շատ երկրներ իրականում չեն կատարում այդ պաշտպանական ծախսերի խոստումը։ Նա ասում է, որ Միացյալ Նահանգները չափազանց շատ գումար է ծախսում, երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի դաշինքի մյուս անդամների անվտանգության ապահովմանը»։
Այսպիսով, միջազգային հանրությունը հետևելու է, թե ինչպես է Թրամփը շփվելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ և ինչպես է վերաբերվելու նրանց։ Միջազգային մամուլը հետևում է նաև, թե արդյոք Թրամփը կբարձրացնի և քննարկի կնճռոտ հարցեր, ինչպիսին ռուս–ուկրաինական պատերազմն է։
Բացի Էրդողանից՝ Թրամփը Անկարայում կհանդիպի նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ։
Իսկ մինչև հանդիպումը Զելենսկին նոր տվյալներ է հաղորդում․
«Կան նոր հետախուզական տվյալներ, որ ռուսները պատրաստվում են նոր զանգվածային հարվածի: Սա Պուտինի ոգով է. Ամերիկայի անկախության օրվանից անմիջապես հետո և Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Ռուսաստանը ցանկանում է ավելացնել չարիքը: Խնդրում եմ, հոգ տարեք ձեր մասին, ուշադրություն դարձրեք օդային նախազգուշացման ազդանշաններին»:
DW–ն գրում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Անկարան մտադիր է շատ ավելի նշանակալի դեր խաղալու, քան պարզապես հյուրընկալող երկիր լինելը․ Թուրքիան ձգտում է ամրապնդելու իր կշիռը դաշինքում։
Գագաթնաժողովը կանցկացվիԱյ Յըլդըզ նորակառույց համալիրի շրջակայքում, որն արդեն անվանվում է «Թուրքական Պենտագոն»։ Անվտանգության միջոցառումները հասցվել են առավելագույն մակարդակի։ Փողոցներից հեռացրել են թափառող շներին, մուրացկաններին, երթուղիների երկայնքով տեղադրվել են հատուկ վահանակներ, որոնք փակում են քաղաքի աղքատ թաղամասերի տեսարանը: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չափազանց կարևոր նշանակություն ունի Թուրքիայի կառավարության համար: Անկարան մտադիր է օգտագործելու այս հարթակը՝ դաշինքի շրջանակում իր ռազմավարական դերն ընդգծելու համար: Վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիան փորձում է ազդեցության կենտրոն դառնալ ՆԱՏՕ-ում։




