
Ամառվա շոգ օրերին անտառային հրդեհների վտանգը զգալիորեն մեծանում է։ Անգամ անզգույշ նետված մեկ ծխախոտը, չմարված խարույկը կամ կայծը կարող են հանգեցնել մեծ աղետի՝ վտանգելով մարդկանց կյանքը, կենդանական աշխարհը և բնությունը։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին լինել առավել զգոն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները.

• Մի՛ վառեք խարույկներ այն վայրերում, որտեղ դա արգելված է կամ վտանգավոր է։
• Խարույկ վառելու դեպքում համոզվեք, որ այն ամբողջությամբ մարված է՝ նախքան տարածքը լքելը։
• Մի՛ նետեք վառված լուցկիներ, ծխախոտի մնացորդներ կամ այլ այրվող առարկաներ։
• Եթե նկատում եք ծուխ կամ հրդեհ, անմիջապես տեղեկացրեք համապատասխան մարմիններին և հնարավորության դեպքում հեռացեք վտանգավոր տարածքից։
Յուրաքանչյուրիս պատասխանատու վերաբերմունքը կարող է կանխել մեծ կորուստները։ Եկե՛ք միասին պաշտպանենք մեր անտառները, շրջակա միջավայրը և մարդկային կյանքերը։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն չորս տարի է իրականացնում է նաև «Հայաստանում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում․ VolFiRe» ծրագիրը։ Այս նախագիծը կյանքի է կոչվում Ավստրիական զարգացման գործակալության և Ավտրիական Կարմիր խաչի ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության, Ավստրիական Կարմիր խաչի, Հայկական Կարիտասի, Կարիտաս Ավստրիայի և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության սերտ համագործակցությամբ։


Ծրագրի աշխարհագրական ծածկույթն ընդգրկում է Հայաստանի 9 մարզերի 13 համայնքներ, մասնավորապես՝ Արենին, Բաղրամյանը, Ծաղկաձորը, Տեղը, Ապարանը, Ճամբարակը, Գառնին, Կապանը, Նոյեմբերյանը, Սպիտակը, Թալինը, Վայքը և Վեդին։
Հայաստանի քաղաքացիական պաշտպանության համակարգն ավանդաբար հենվել է պետական պրոֆեսիոնալ ծառայությունների վրա, ինչը սահմանափակում է արձագանքման հնարավորությունները հեռավոր շրջաններում և խոշոր աղետների ժամանակ։
VolFiRe ծրագիրը, հիմնվելով նախկինում իրականացված «StrengthVol» պիլոտային նախագծի փորձի վրա, նպատակ ունի ներդնել և ազգային համակարգում ինտեգրել Կամավորական հրշեջ-փրկարարական խմբերի մոդելը, որը թույլ կտա ձևավորել համայնքահեն և կայուն արձագանքման մեխանիզմ։
Այս մոդելի շրջանակներում կամավորները պայմանագրեր են կնքում Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ և ՆԳՆ Փրկարար ծառայությունում ատեստավորման քննություններ հանձնելուց հետո ստանում փրկարարի պաշտոնական վկայական։ Կամավորական խմբերը գործում են մշտական 24/7 ռեժիմով՝ արձագանքելով 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերին:
Ծրագրի մեկնարկից ի վեր գործող կայանների թիվը 2-ից հասել է 13-ի, իսկ կամավորներն արձագանքել են շուրջ 190 իրական պատահարների, որոնք ներառում են անտառային և կենցաղային հրդեհներ, ջրհեղեղներ ու ճանապարհատրանսպորտային պատահարներ։
Ծրագրի ընթացքում զգալի աճ են գրանցել նաև կամավորների ներգրավվածության և ներառականության ցուցանիշները։ Եթե 2024 թվականի սկզբին ցանցն ուներ ընդամենը 80 ակտիվ կամավոր, ապա 2025-2026 թվականների դրությամբ համայնքներում ներգրավված է արդեն 190 կամավոր, որոնցից 124-ը լիարժեք որակավորված փրկարարներ են։
Կամավորների պաշտպանվածությունն ապահովելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից 190 անձի տրամադրվել է կյանքի ապահովագրություն։ Դրական փոփոխություն է արձանագրվել նաև գենդերային կազմում. կանանց թիվը 3-ից հասել է 23-ի՝ կազմելով ընդհանուր թվի 12 տոկոսը։ Բացի այդ, խմբերում ներգրավվել է հաշմանդամություն ունեցող 2 կամավորներ, ինչը փաստում է համակարգի ներառականության մասին։
Կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվել է դասընթացավարների վերապատրաստման 3 փուլ, իսկ Ավստրիական Կարմիր խաչի փորձագետների մասնակցությամբ անցկացվել են գործնական սիմուլյացիոն վարժանքներ և առաջին օգնության դասընթացներ։ Տեխնիկական հագեցվածության ապահովման շրջանակներում ՀՀ ՆԳՆ ՓԾ-ի կողմից հրշեջ-փրկարարական մեքենաներ են տրամադրվել 13 համայնքների, իսկ ծրագրի կողմից անհրաժեշտ մասնագիտական գույք ու հանդերձանք ստացել են բոլոր խմբերը:
Ենթակառուցվածքների բարելավման նպատակով Նոյեմբերյան, Սպիտակ և Բաղրամյան համայնքներում իրականացվել են կայանների վերանորոգման աշխատանքներ, իսկ Վեդիում, Ապարանում ու Վայքում կառուցվում են նոր կայաններ:
Արտակարգ դեպքերի, հատկապես անտառային հրդեհների կտրուկ աճը, որը 2025 թվականի առաջին կիսամյակում գերազանցել է 2000-ը, հիմնավորում է տեղական մակարդակում արագ արձագանքման ուժերի հրատապ անհրաժեշտությունը։ Այս մոդելի երկարատև կայունությունն ու ինստիտուցիոնալացումն ապահովելու նպատակով ներկայումս կնքվում են քառակողմ համաձայնագրեր ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության, Հայկական Կարմիր խաչի ընկերության, համայնքապետարանների և մարզպետարանների միջև։
Բացի այդ, ՆԳՆ Փրկարար ծառայության հետ համատեղ մշակվում են օրենսդրական փոփոխություններ՝ Կամավորական հրշեջ-փրկարարական խմբերի մոդելը քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգում պաշտոնապես և վերջնականապես ներառելու համար։




