ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վերադարձ ղեկին՝ նոր կանոններով․ ովքե՞ր կստանան վարելու իրավունք առանց քննության

Հայաստանում վարելու իրավունքի վերականգնման  և վարորդական քննությունների անցկացման կարգերում փոփոխություններ են իրականացվել։ Նոր կարգավորումներով վարելու իրավունքը որոշ դեպքերում կվերականգնվի առանց քննության՝ սահմանված գումարը վճարելու և մեկ տարվա փորձաշրջանի պայմանով։ Փոփոխությունները, ըստ ՆԳՆ-ի, ուղղված են ինչպես վարչական գործընթացի պարզեցմանը, այնպես էլ վարորդների վարքագծի վերահսկման ուժեղացմանը։

Վարելու իրավունքն առանց քննության վերականգնելու հնարավորությունը չի տարածվի բոլոր դեպքերի վրա։ Եթե վարորդական իրավունքից զրկվել եք 2020 թվականի հունվարի 1-ից հետո ու սահմանաված ժամկետն արդեն ավարտվել է, ապա 2026-ի հուլիսի 6-ից կարող եք դիմել հաշվառման քննական բաժիններ, կատարել համապատասխան տուրքի վճարումն ու ստանալ վկայականը։

ՆԳՆ-ում ասում են՝ վարելու իրավունքը կվերականգնվի առանց քննությունների, իսկ անձի համար կսահմանվի մեկ տարվա փորձաշրջան՝ 13-ի փոխարեն 6 միավորով։

Այս փոփոխությունը վերաբերում է այն անձանց, որոնց վարելու իրավունքը դադարել է ուժի մեջ մտած վարչական ակտի հիմքով։

ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը բացատրում է՝ այս կարգավորումը վարորդի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու նպատակ ունի․

«Այս փոփոխությունը որևէ աղերս չունի անվտանգության նշաձողն իջեցնելու հետ։ Որևէ բան Ներքին գործերի նախարարությունը չի անում և չի անելու անվտանգության հաշվին»։

Ռուսլան Մարանդյանի խոսքով՝ եթե փորձաշրջանի ընթացքում անձը սպառի տրամադրված 6 միավորը, կրկին կզրկվի վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով։ Այս հնարավորությունից նա կարող է օգտվել միայն մեկ անգամ։

Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանն էլ բացատրել է, թե ինչու է ընտրվել 2020 թվականի հունվարի 1-ը․ այդ օրվանից է Հայաստանում ներդրվել բալային միավորների համակարգը։

«Մենք այդ օրվանից սկսած ունենք որոշակի վիճակագրություն և վերլուծություններ անձանց վարքագծի վերաբերյալ, ինչպես նաև ավելի ստույգ անհատականացնող տեղեկատվություն վարորդների զրկումների վերաբերյալ»։

Պարեկային ծառայության պետի տեղակալի խոսքով՝ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ վարորդական իրավունքից զրկված և այդ իրավունքը դեռևս չվերականգնած շուրջ 18 հզր քաղաքացի կա։

Ներկայացնելով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների անելիքները՝ Արման Չիլինգարյանը հիշեցնում է՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված և զրկման ժամկետը սպառած անձինք հուլիսի 6-ից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կարող են դիմել հաշվառման-քննական ստորաբաժանում՝ վերականգնելու վարորդական իրավունքը․

«Վարելու իրավունքը վերականգնելու համար անձինք պետք է հերթագրվեն ՆԳՆ կայքում՝ ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» կոճակը, ապա ընտրեն իրենց նախընտրելի ստորաբաժանումը, օրը և ժամը։ Նշված օրը և ժամին ներկայանալ տվյալ ստորաբաժանում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և պետական տուրքի անդորրագիր, որը 50 հզր դրամ է»։

Այն քաղաքացիները, որոնց վարորդական վկայականների ժամկետն արդեն լրացել է, 50 հզր դրամ պետական տուրքից բացի պետք է վճարեն նաև նոր վարորդական վկայական ստանալու համար նախատեսված տուրքը։

Ըստ այդմ՝ պլաստիկ վկայականի համար քաղաքացիները կվճարեն 12 հզր, իսկ թվային վկայական ստանալու համար՝ 6 հզր դրամ պետական տուրք։ Գործող վկայականներ ունեցող անձինք հավելյալ վճարում չեն կատարի։

ՆԳՆ ներկայացուցիչը պարզաբանում է նաև, որ որակավորման քննությունների միջոցով վարելու իրավունքը վերականգնելու նախկին կարգը պահպանվում է մի քանի դեպքերում։ Մասնավորապես՝ այն կշարունակի կիրառվել, եթե վարելու իրավունքի դադարումը կապված է անձի անգործունակ ճանաչվելու, առողջական որոշակի խնդիրների, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կամ օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշման հետ։ Ռուսլան Մարանդյանի խոսքով՝ փոփոխությունների հիմքում միջազգային փորձի ուսումնասիրությունն է, որում շեշտադրում է արվում ոչ միայն քննությունների, այլև վարորդի վարքագծային փոփոխության վրա։

Կառավարության մեկ այլ որոշմամբ տեսական քննությունը նախկինում հանձնած անձինք նույնպես կկարողանան օգտվել գործնական քննությունը 2 տարվա ընթացքում հանձնելու հնարավորությունից, եթե նրանց համար նախկինում սահմանված 1 տարվա ժամկետը դեռ չի լրացել։

Նախկին կարգավորմամբ՝ տեսական քննությունը դրական հանձնելուց հետո անձին տրվում էր 1 տարի՝ գործնական քննությունը հանձնելու համար, և եթե այդ ընթացքում քննությունը չէր հանձնվում, ապա տեսական քննության արդյունքը համարվում էր ուժը կորցրած։ Նոր կարգավորմամբ՝ գործնական քննությունը հանձնելու ժամկետը երկարացվել է՝ հասցվելով 2 տարվա։

«Տեսական քննությունը հանձնելուց հետո անձը հնարավորություն կունենա 2 տարվա ընթացքում հանձնելու գործնական քննությունը։ Կառավարության որոշումն արդեն հրապարակված է և հունիսի 4-ից ուժի մեջ է մտել»։

ՆԳՆ իրավաբանական վարչության պետի խոսքով՝ փոփոխությունը պայմանավորված է նաև քաղաքացիներից ստացված արձագանքներով։ Նրա խոսքով՝ Հայաստանում ձևավորվել է միտում, երբ քաղաքացիները նախ մասնակցում են վարորդական դասընթացներին, ապա հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանում միայն այն ժամանակ, երբ, իրենց գնահատմամբ, լիարժեքորեն պատրաստ են լինում գործնական քննությանը։

Կարդացեք նաև

Back to top button