ԿարևորՀասարակություն

ՊԵԿ-ում քննարկվել է «Մաքսային հսկողություն» էլեկտրոնային համակարգի նախատիպը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ այսօր կայացել է ՊԵԿ թվայնացման խորհրդի արտահերթ նիստը։

Հանդիպման առանցքում եղել է «Մաքսային հսկողություն» էլեկտրոնային համակարգի նախատիպի ներկայացումը։ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը հարթակի նախատիպի միջոցով ներկայացրել է էլեկտրոնային համակարգի աշխատանքի տրամաբանությունը, հիմնական գործառույթները, հնարավորություններն ու այն առավելությունները, որոնք ակնկալվում է ապահովել համակարգի ներդրման արդյունքում։

Նախագծի իրականացմամբ նախատեսվում է ձևավորել ժամանակակից, ամբողջությամբ թվային և առավել արդյունավետ մաքսային միջավայր, որը կնպաստի մաքսային գործընթացների թափանցիկության բարձրացմանն ու ընթացակարգերի պարզեցմանը։ Համակարգը հնարավորություն կտա անցնել անթուղթ փաստաթղթաշրջանառության, ամբողջությամբ թվայնացնել մաքսային փաստաթղթերը և էապես պարզեցնել մաքսային վարչարարությունը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել համակարգի բովանդակային կատարելագործմանը, կիրառական լուծումների ընդլայնմանը, գործող թվային հարթակների հետ փոխգործակցության և օրենսդրական կարգավորումների հետ համապատասխանության հարցերին։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը դրական է գնահատել ներկայացված լուծումները՝ ընդգծելով, որ նման հարթակի ներդրումը կարևոր քայլ է մաքսային ոլորտի արդիականացման և թվայնացման ճանապարհին։ Էդուարդ Հակոբյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ հաշվի առնելով նաև նիստի ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները։

Նիստին քննարկվել են նաև համապատասխան օրենքներից բխող թվայնացման ընթացիկ նախագծերն ու դրանց իրականացման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական և կազմակերպչական մարտահրավերները։ Նիստի ավարտին նախանշվել և հստակեցվել են կատարման ժամկետներն ու հետագա անհրաժեշտ քայլերը՝ ծրագրերի լիարժեք, ժամանակին և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։

Կարդացեք նաև

Back to top button