ԿարևորՍպորտ

Հուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը

Հուլիսի 4-ից 12-ը Երևանում կանցկացվի բասկետբոլի մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը, որին կմասնակցեն 9 երկրների հավաքականներ։

Հայաստանը վերջին տարիներին արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում ՖԻԲԱ-ի այսպիսի խոշոր միջազգային մրցաշար։

Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը գլխավորում է ԱՄՆ-ում աշխատող հայ մասնագետ Նարեկ Կապուշյանը, որը վերջին տարիներին զգալի հաջողություններ է գրանցել Լոս Անջելեսում։ Նրա գլխավորած «Titans» թիմը հաջողությամբ հանդես է գալիս Կալիֆոռնիայի դպրոցական առաջնությունում: Կապուշյանը նաև անհատական մարզումներ է անցկացնում NBA-ում հանդես եկող մի շարք բասկետբոլիստների հետ։

Մարզչական շտաբը մրցաշարի համար ընտրել է 12 խաղացողների։ Նրանցից 3-ը ներկայացնում են ԱՄՆ-ը, 3-ը՝ Ռուսաստանը, մյուս 6-ը՝ Հայաստանի ակումբները։ Հավաքականում տեղ գտնելու համար մրցակցությունը չափազանց մեծ է եղել. ընդլայնված ցուցակում ընդգրկված էր շուրջ 60 բասկետբոլիստ, և վերջնական ընտրությունը մարզչական շտաբի համար բավականին բարդ էր։

Հատկանշական է, որ հավաքականի երկու առաջատար խաղացողներ 18 տարին լրանալուց հետո հնարավորություն կունենան համալրելու Երևանի ԲԿՄԱ-ի կազմը, ինչը կարևոր քայլ կլինի նրանց մասնագիտական զարգացման ճանապարհին։

Մրցաշարի բոլոր հանդիպումները կանցկացվեն Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (հասցե՝ Մանանդյան 41)։

Հայաստանի հավաքականի խաղացանկը.

  • Հուլիսի 4, 19:00 – Հայաստան – Անդորրա
  • Հուլիսի 5, 19:00 – Ջիբրալթար – Հայաստան
  • Հուլիսի 8, 19:00 – Հայաստան – Մալթա
  • Հուլիսի 9, 19:00 – Մոնակո – Հայաստան

Խաղերի մուտքն ազատ է, և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան բոլոր մարզասերներին հրավիրում է աջակցելու մեր պատանի բասկետբոլիստներին Եվրոպայի առաջնության տնային մրցաշարում։

Հիշեցնենք, որ անցած 2 տարիներին Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձել է այս մրցաշարի բրոնզե մեդալակիր:

Կարդացեք նաև

Back to top button