
Հունիսի 12-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հաղորդմամբ՝ հաշվետու տարում նախարարությունն իրականացրել է 24 ծրագիր՝ 234 միջոցառումով: Ոլորտին ուղղվել է շուրջ 374.4 մլրդ դրամ, ինչը ապահովել է 93.5% կատարողական:
Փաստացի բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել է 31%-ով կամ շուրջ 88.75 մլրդ դրամով:
Նախարարի խոսքով՝ 2018 թվականի համեմատ 2025 թվականին ոլորտային ծախսերը 154.5 մլրդ դրամից հասել են 372.3 մլրդ դրամի: 7 տարվա ընթացքում ֆինանսավորումն ավելացել է շուրջ 217.8 մլրդ դրամով կամ 141%-ով:
Աճի միտումը կպահպանվի նաև հաջորդիվ. 2026 թվականի պլանավորված բյուջեով նախատեսվել է 422.9 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է ևս 13.6%-ով:
Նա պարզաբանել է, որ այս աճի հիմնական կրողը կրթության ոլորտն է: «Եթե 2018 թվականին կրթության ֆինանսավորումը կազմել էր շուրջ 128.3 մլրդ դրամ, ապա 2025 թվականին մենք խոսում ենք արդեն 311.4 մլրդ դրամի մասին: Այսինքն՝ ավելացումը կազմում է 183.1 մլրդ դրամ կամ 143 տոկոս»,- հավելել է նախարարը:
Հիմնական զեկուցողն անդրադարձել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին՝ տեղեկացնելով, որ նշված ծրագրի իրականացման համար վերջին տարիներին 1 մլրդ դոլարի չափով գումար է հատկացվել:
Հանրակրթության ոլորտին 2018 թվականին հատկացվել է 103.1 մլրդ դրամ, 2025 թվականին այն հասել է 269.5 մլրդ դրամի: Հավելյալ ֆինանսավորումը կազմել է 166 մլրդ դրամ:
Էապես ավելացել է նաեւ նախադպրոցական կրթության ֆինանսավորումը:
Նախարարի խոսքով եթե 2018 թվականին կապիտալ ծախսերի համար հատկացվել է 1.3 մլրդ դրամ, ապա 2025 թվականին հատկացումներն այստեղ աճել են՝ հասնելով մինչեւ 129.2 մլրդ դրամի:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաեւ գիտության ոլորտում էական առաջընթացը ֆինանսավորման ծավալների ավելացման առումով: «Գիտության ֆինանսավորման 180 տոկոս աճ ունենք»,- պարզաբանել է նախարարը:
Ֆինանսավորման ծավալներն աճել են նաեւ սպորտի, մշակույթի, երիտասարդության ոլորտներում:
Ժաննա Անդրեասյանը պատասխանել է պատգամավորների բազմաբնույթ հարցերին:




