ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վնասված Շիկահողը դեռ կսպասի․ ադրբեջանական վանդալիզմն ու հայկական կառուցողական օրակարգը

Սյունիքի մարզի Շիկահող արգելոցին ադրբեջանցիների հասցրած վնասի փաստը ԱԺ–ում հաստատել է շրջակա միջավայրի նախարարը։ Հայկական կողմը, սակայն, դեռ հնարավորություն չունի գնահատելու վնասի չափը։ Սա, մեծ հաշվով, նաև քաղաքական որոշման հետևանք է, քանի որ Հայաստանն այս պահին ավելի կարևոր օրակարգ ունի։ Նախարարը պնդում է, որ իրավիճակը էկոլոգիական աղետ լինելուց շատ հեռու է և նման գնահատականները ճիշտ չի համարում։ Թեև որոշում է կայացվել այս խնդրին անդրադառնալ խաղաղության պայմանագիրը կնքելուց և սահմանազատումն իրականացնելուց հետո, վնասների ոչ պաշտոնական գնահատում արվել է դեռ 2025 թվականին։  

2021 թվականին ՀՀ հանդեպ ադրբեջանական ագրեսիայի, ինչպես նաև ադրբեջանական դիրքերի փոփոխության, Սյունիքի մարզի տարածքում ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման հետևանքով Շիկահողի արգելոցի տարածքի սահմանամերձ հատվածներում ունեցել ենք էկոհամակարգի խափանում և վնասում։ Փաստը հաստատում է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ 2025–ին նախարար նշանակված Մաթևոսյանը հիմնավորում է, թե ինչու պետությունը դեռ չի գնահատել կրած վնասները։

«Էկոհամակարգը բացատներն են, էկոհամակարգը կենդանիներն են, էկոհամակարգը անտառներն են։ Այդ ամբողջականությունը արգելոցի խաթարվել է, այսինքն՝ ունեցել ենք վնասներ։ Ես տեղեկացված եմ, որ այդ ժամանակահատվածում փորձ է եղել երկու կողմից ուսումնասիրել վնասները, բայց քանի որ այս պահին ունեցած իրավիճակը տվյալ հատվածում մեզ հնարավորություն չի տալիս, որպեսզի մենք իրականացնենք ավելի խորը ուսումնասիրություն և, օրինակ, վնասի գնահատում անենք, այդ հարցը առկախվել է մեկ շատ–շատ ավելի կարևոր հարցի պատճառով, սահմանազատման աշխատանքների իրականացման համար»։

Վնասների գնահատումը պետությունը թողնում է սահմանազատումից և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կքնելուց հետո։ Համբարձում Մաթևոսյանը վստահեցնում է, որ այդ աշխատանքները կարվեն հնարավոր գործիքակազմերով, բայց նաև փակագծեր է բացում,այն է՝ Հայաստանը չի մտածում փոխհատուցում ստանալու մասին։ Այլ լուծում են դիտարկում․  

«Իմ համար, որպես շրջակա միջավայրի նախարարի, բնապահպանական հարցերը անչափ կարևոր են, բայց որպես ՀՀ քաղաքացի, որպես կառավարության անդամ, մենք ունենք շատ ավելի կարևոր օրակարգ։ Դա խաղաղության օրակարգն է, և ես վստահ եմ, որ մենք դե ֆակտո խաղաղությունը, որը այս պահին ունենք, երբ ամբողջությամբ հաստատվի դե յուրե և ամբողջությամբ ունենանք սահմանազատված սահմաններ մեր հարևանների հետ, այդ ժամանակ արդեն, կարծում եմ՝ այն միջազգային հարթակներում, որտեղ որ ես հանդես եմ գալիս որպես COP նախագահ, ես նաև այդ հնարավորությունը կօգտագործեմ, որպեսզի գործընկերների հետ աշխատենք, քննարկենք, առաջարկություններով հանդես գանք, որպեսզի իրականացնենք, օրինակ, անդրսահմանային հատվածներում միասնական բնապահպանական ծրագրեր»։

Ինչ տարածքի և մոտավոր ինչ վնասի մասին է խոսքը՝ չեն հրապարակում ոչ Շրջակա միջավայրի նախարարությունը, ոչ էլ Հայաստանի Զինված ուժերը։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցնում է, որ Հայաստան ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների հետ հայկական կողմը ոչ մի կապ չի պահում։ Ասրյանը նաև մասնագիտորեն՝ ռազմական գործի տեսանկյունից է բացատրում, թե ինչ է իրենից ներկայացնում ամրաշինական աշխատանքներ ասվածը։

«Քանակական ես չեմ կարող ասել` ինչքան է։ Զինված ուժերը, Գլխավոր շտաբի պետը և Գլխավոր շտաբի ենթակա ոչ մի զինվորական ադրբեջանական զինուժի զինծառայողների հետ կապ չի պահում։ Նայեք, երբ ինժեներական ամրաշինական կառույց է սարքվում, այնտեղ որտեղ ծառը պետք է հատել, հատվում է, այնտեղ, որտեղ պետք է արհեստական, ոչ պայթյունային արգելափակոց ստեղծել, ծառերի հատումներով իրականացնել։ Դա ինժեներական ապահովման տեսակի բաղկացուցիչ մաս է, որը զորքը այս կամ այն վայրում տեղակայվելուց պետք է իրականացնի»։

Հետաքննող լրագրողները և անտառագետները դեռ 2025 թվականին Planet-ի արբանյակային քարտեզներով և Google Earth-ի արբանյակային լուսանկարներով ուսումնասիրել էին արգելոցի տարածքի հատումները և անտառային ոլորտի մասնագետների ու այդ ոլորտի ծրագրային գործիքների օգնությամբ փորձել էին հաշվարկել հատումները։ Արձանագրված պատկերը, ըստ բնապահպանների, հետևյալն է․ հակառակորդի բացած ճանապարհները 7-8 մ լայնությամբ են։ Հատվել են հատկապես կաղնի և բոխի ծառատեսակներով ձևավորված ծառուտներ, ավերվել են նաև թփուտային տարածքներ։ Ընդհանուր առմամբ, հողային աշխատանքներ իրականացվել են 90 հեկտարի վրա, որից անտառածածկ տարածքները կազմում են մոտ 60 հեկտար։ Ոչ թե այս տվյալների, այլ ստեղծված իրավիճակի մասին, ընդհանրապես, շրջակա միջավայրի նախարարը հայտարարում է․

«Մի անգամ ես լսեցի, որ բնութագրվեց գործընկերների կողմից` էկոլոգիական աղետ։ Ես ձեզ վստահեցնում եմ` էկոլոգիական աղետ չի, էկոլոգիական աղետը այլ բան է»։

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է պնդել, որ խնդիրը լուծվելու է բացառապես խաղաղ ճանապարհով և սահմանազատման աշխատանքների միջոցով։ Որևէ պետության տարածքում ամրաշինական և ինժեներական աշխատանքների իրականացումը չի նշանակում, որ հակառակորդը տեղակայվում է չհեռանալու միտումով, վստահեցնում է ԶՈՒ ԳՇ պետը։

«Ճիշտ գնահատական չէ, որովհետև, եթե նաև անցած ոչ միայն մեր փորձը, այլև համաշխարհային փորձը ուսումնասիրում ենք, այդպիսի շատ–շատ դրվագներ կան, որ տարածքից դուրս են գալիս և գնում։ Բազմիցս լսել եք, որ ասել ենք ես էլ եմ ասել, գերատեսչության ղեկավարն էլ, Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ, որ մենք աշխատելու ենք, որ սահմանազատման, սահմանագծման արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքը, ամբողջականությունը վերականգնվի, իսկ մեր նաև պարտականությունն է, որ դրա մասին, այսինքն` ՀՀ տարածքում ադրբեջանական զորքերի, զինուժի կողմից աշխատանքներ իրականացնելուց ահազանգենք։ Ու մենք դա ահազանգում ենք համապատասխան ճանապարհներով»։

Սահմանազատման հանձնաժողովի կազմում, ի դեպ, ընդգրկված է նաև ԶՈՒ ներկայացուցիչը, որը լավ է տիրապետում ռազմական քարտեզագրությանը, ասում է Գլխավոր շտաբի պետը՝ շրջանցելով հարցը, թե արդյո՞ք պատահում են դեպքեր, որ ԶՈՒ ներկայացուցիչը իր անհամաձայնությունը հայտնի հանձնաժողովում այս կամ այն հատվածի հետ կապված։

«Սահմանազատման աշխատանքն ունի հիմք, իսկ հիմքը հանդիսանում է համապատասխան տարեթվի քարտեզը։ Գլխավոր շտաբը տիրապետում է այդ քարտեզին և այդ քարտեզի պահանջներով մենք մեր աշխատանքները իրականացնում ենք։ Հանձնաժողովի կազմում նաև կա Զինված ուժերի կազմից ներկայացուցիչ, ով շատ լավ է տիրապետում ռազմական քարտեզագրությանը և լավ գիտի այդ քարտեզի բոլոր պահանջները։ Ինչո՞ւ համաձայն չլինեմ, եթե ինքը կատարում է ճիշտ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պետական սահմանով։ Դուք Կիրանցում եղե՞լ եք։ Վա՞տ է, երբ սահմանազատված է և այնտեղ ծառայությունը իրականացվում է նույնիսկ առանց պահունակը զենքին միացնելու հակառակ կողմում և մեր կողմում և այնտեղ ոչ մի կրակոց չկա»։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատումը աշխատանքային այն փուլում է, որտեղ կողմերը քննարկում են հանձնաժողովների համատեղ գործունեության ուղեցույցներն ու ընդհանուր սահմանագծի տարբեր հատվածներ։

Բանակցային վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 29-ին, Աղվերանում՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։

Հայկական կողմը շարունակաբար պնդում է, որ ոչ մի թիզ չի հանձնելու 29 743 քառակուսի կմ ինքնիշխան տարածքից։

Կարդացեք նաև

Back to top button