
2025-ին Գյումրիում տեղի ունեցած ավագանու ընտրություններից մեկ տարի անց կրկին օրակարգում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների հարցը: Դրա անհրաժեշտության մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա գնահատմամբ՝ քաղաքային իշխանությունը պատշաճ չի կատարում իր գործառույթները, և Գյումրին մատնված է անուշադրության: Փաշինյանը նշել էր նաև, որ հարցն իրավական հարթությունում քննարկում է, իսկ մինչ այդ երկրում կառավարող ուժը քաղաքական պատասխանատվություն է ստանձնում Գյումրիում իրավիճակի համար։ Գյումրիի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները, սակայն, կարծում են, որ այս պահին քաղաքում կառավարման ճգնաժամ չկա, հետևաբար չկան նաև գործող ավագանին լուծարելու հիմքեր:
2024 թվականի հոկտեմբերին` Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք»-ի անդամների կողմից մանդատները վայր դնելուց և քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականից հետո, դեկտեմբերին անցկացված փրայմերիզից արդյունքներով քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սարիկ Մինասյանը: Ապա ավագանու արտահերթ ընտրություն նշանակվեց, որը տեղի ունեցավ 2025 թվականի մարտի 31-ին: Ընտրության արդյունքներով ավագանու 33 մանդատները բաշխվեցին քաղաքական 5 ուժերի միջև: Թեև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մյուսներից ավելի շատ՝ 14 մանդատ ստացավ, բայց քաղաքի կառավարումը ստանձնեց միասնական ընդդիմությունը՝ 19 մանդատներով:
Ընտրության արդյունքները չեն բողոքարկվել, դրանք ընդունելի են եղել թե իշխանության, թե ընդդիմության համար, և մեկ տարի անց նոր ընտրությունների մասին խոսելն անընդունելի է՝ նշում է Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը:
«2025 թվականին Գյումրիում եղել են թափանցիկ,արդար ընտրություններ, և դա իշխանությունն ընդունել է։ 30 հազար ու ավելի մարդ քվե է տվել ընդդիմությանը, միասնական ընդդիմությանը, որը ձևավորել է քաղաքապետարանի հաջորդ իշխանությունը և Գյումրու քաղաքապետ է ընտրել Վարդան Ղուկասյանին, իսկ փոխքաղաքապետ,այսինքն առաջին տեղակալ,որը ընտրովի է ինձ՝ Ավետիս Առաքելյանին: Առաջին մանդատով օժտված ավագանիները ընտրություն են արել,պարզ,թափանցիկ էտ ամեն ինչը տեսել են: Ես հիմա Նիկոլ Փաշինյանից կխնդրեի, որ անհարկի այս հետապնդումները դադարեցնի»:
Գյումրիում արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական հանրահավաքի ժամանակ, ապա համապետական ընտրություններից հետո։ Վարչապետը հայտարարել էր, որ Գյումրի կատարած այցի ընթացքում տեսած պատկերները, մասնավորապես քաղաքի որոշ թաղամասերի բակերի և փողոցների վիճակը, եղել են անսպասելի և նույնիսկ շոկային։
«Այն, ինչ տեսա Գյումրիի թաղամասերում, ճիշտն ասած, ինձ համար անսպասելի էր և նաև ինչ-որ տեղ հենց շոկային ազդեցություն ունեցավ։ Ես չէի կարող պատկերացնել, որ այն երկրում, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես 58-րդ թաղամասում կարող են լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր և փողոցներ, որոնք խայտառակ տեսարան են: Մենք պիտի գտնենք ձևերը, որ եթե անհրաժեշտ է, նույնիսկ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմինները, այնտեղ արագ գործողություններ իրականացնենք»»:
Քաղաքում կառավարման ճգնաժամ չկա՝ չնայած այն փաստին, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 8 ամսից ավելի արդեն կալանավորված է՝ նշում է ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության քարտուղար Սուսաննա Մոսոյանը: Նրա կարծիքով՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու նախադրյալներ Գյումրիում չկան։
«Օրենքով ձևավորված ավագանուն անընդհատ սպառնալ նոր ընտրություններով, ինչ հիմք կարող է լինել նոր ընտրության: Դա զուտ սպառնալիք է ու ինչ տարբերակով էլ դրան հասնեն կդիտվի անօրինական, կլինի ոչ լեգիտիմ: Ավագանին ընտրվել է, դեռ ունի իր գործունեության ժամկետը, որևէ խնդիր չկա: Քանի դեռ նիստերը գումարվում են, ավագանին լուծարելու որևէ օրինական հիմք չկա»:
Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ, «Ռադիոլուրի» հարցին պատասխանելով, վարչապետ Փաշինյանը նշել էր, որ հարցն իրավական հարթությունում դեռ քննարկվում է, սակայն ինքը, առանց դրանց արդյունքներին սպասելու, անձնական պատասխանատվություն է ստանձնում քաղաքի բարեկարգման համար։
«Ինչպես հայտնել եմ, ես Գյումրիում անձնական պատասխանատվություն եմ վերցնում՝ անկախ նրանից ՏԻՄ-ի հարթությունում խնդիրներ ինչպես կլուծվեն։ Դա ուրիշ հարց է։ Այսինքն՝ ես քաղաքական դիրքորոշում եմ արտահայտել, իրավական ընթացակարգերը պետք է նայենք։ Ես էս պահին պատրաստ չեմ կոնկրետ սցենար ներկայացնել, բայց պատրաստ եմ ներկայացնել մի սցենար, որ էնտեղ, որտեղ ՏԻՄ-ը մեզ կխոչնդոտի ,մենք ձև կգտնենք շրջանցումով Գյումրին բարեկարգելու»:
Գյումրիի ամենամեծ՝ 58 հեկտար տարածք ընդգրկող «Անի» թաղամասում Վերակառուզման և զարգացման Եվրոպական բանկի միջոցներով իրականացվող փողոցաշինական ծրագրի մեկնարկը տրվել էր դեռևս 2016 թվականին՝ ասում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը։
«Մենք իշխանության ենք 2025 թվականի ապրիլից,8 տարի է Քաղաքացիական պայմանագիրը իշխանության է, ինչ են արել: Եթե չեմ սխալվում 25 մլն եվրոյանոց ծրագիր է եղել ՎԶԵԲ-ի ծրագիրը: Թող իրենք պատասխանեն, թե ինչն է պատճառը, որ էս 8 տարիների ընթացքում ամբողջ ծրագիրը չի իրականացվել: Մենք եկել ենք այն փուլում, որ հայտարարված է եղել նոր մրցույթ, նախագծման մրցույթ»:
Ծրագրի ընդհանուր արժեքը 11 մլն եվրո է: Նախագծման փուլն արդեն ավարտվել է, հայտարարվել է շինարարության մրցույթը։ Մրցույթում հաղթող կազմակերպությունների հայտնի դառնալուց հետո թաղամասի փողոցներում կմեկնարկեն շինաշխատանքները:




