ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

7 տրիլիոնի սահմանագիծը․ օնլայն խաղադրույքների աճն ու արգելքները շրջանցելու փորձերը

2025 թվականին օնլայն կազինոներում կատարված  խաղադրույքների ընդհանուր ծավալը հատել է  7 տրիլիոն դրամի սահմանը, իսկ վերջին 8 տարիներին ցուցանիշն   աճել է 35 անգամ։ Այս վիճակագրությունը փոխելուն են միտված օրենսդրական խիստ արգելքները, որոնք փորձում են  կանխել կամ սահմանափակել շահումով խաղերով տարվելու գայթակղությունը։ ՊԵԿ-ի իրականացրած մշտադիտարկումը ցույց է  տվել, որ վերջին շրջանում աճել են սահմանված արգելքները շրջանցելու փորձերը։ Դա, ի դեպ, կատարվում է տարբեր մեխանիզմներով։                                                 

Այսօր օնլայն կազինոներն ու շահումով խաղերը հազարավոր մարդկանց գրպաններում են՝ 24/7 ռեժիմով հասանելիությամբ: Շատերի համար սա պարզապես հոբբի է, մյուսների համար՝ արագ վաստակելու հնարավորություն, իսկ մասնագետների ձևակերպմամբ՝ հոգեկան ու հոգեբանական լուրջ կախվածություն, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ: Ինչո՞ւ է ուղեղը հեշտությամբ ընկնում դոֆամինային այս թակարդը, որտե՞ղ է այն սահմանը, որից հետդարձի ճանապարհ չկա և ինչպե՞ս չհասնել այդ գծին: ԵՊՀ դոցենտ Ամալյա Սողոմոնյանը նշում է, որ

«Մեկ սեղմումով հարստանալու պատրանքն իրականում շատ հրապուրիչ է։ Լոտոների, բախտը փորձելու այդ «կախարդանքի» միջոցով արագ հաջողության հասնելու գայթակղությունը չափազանց մեծ է, և շատերն էմոցիոնալ առումով պարզապես չեն կարողանում հաղթահարել այն։ Խաղամոլի համար ամենամեծ թակարդը հենց պարտություններից հետո խաղը շարունակելն է։ Երբ պարտվում ես, քեզ թվում է՝ ահա հիմա բախտը կբերի, հերթական պարտությունից հետո հաստատ կգա հաղթանակը։ Ու այդ հաղթանակն այնքան մեծ է լինելու, որ կփոխհատուցի բոլոր նախորդ կորուստները»։

Շահումով խաղերի հարթակները թիրախավորում են հատկապես նրանց, ովքեր առավել խոցելի են՝ ֆինանսական ծանր դրության մեջ են,  էմոցիոնալ խնդիրներ կամ պարզապես իրականությունից փախչելու ցանկություն ունեն։ Հենց այս խմբերն են,  ըստ մասնագետի,  առաջինը դառնում շահումով խաղերի ինդուստրիայի զոհը:

«Խոցելի խմբերի մեջ են նաև դեռահասները։ Նրանք չունեն ֆինանսական պատասխանատվության զգացում և հեշտ են տրվում «արագ ու հեշտ» փողի գայթակղությանը։ Բայց մյուս կողմից՝ ունենք սոցիալական ծանր վիճակում գտնվող մեծահասակների, որոնց մոտ խաղալը հուսահատության քայլ է։ Վարկերի, պարտքերի ճնշման տակ մարդու սթափ բանականությունն անջատվում է։ Նա այլևս չի խաղում ժամանցի համար, նա խաղում է՝ փրկվելու պատրանքով, ինչն էլ հենց ամենակործանարար թակարդն է»։

Ամեն ինչ սկսվում է սովորական հետաքրքրությունից ու ավարտվում մեծ խնդիրներով։ «Ռադիոլուրը» զրուցել է մարդկանց հետ, որոնք ժամանակին տարվել են այս խաղերով ու տուժել դրանցից։ Մեր զրուցակիցների ձայները իրենց ցանկությամբ փոխված են։

«Մոտավորապես մեկ տարի առաջ ընկերուհուս խորհրդով ներբեռնեցի հավելվածը հեռախոսիս մեջ։ Ինքն օգտվել էր անվճար պտտելու հնարավորությունից ու մի քանի անգամ հաջողություն էր գրանցել։ Դրանից հետո, երբ իրեն տեսա, որոշեցի ես էլ գրանցվել՝ որպես հեշտ գումար աշխատելու միջոց։ Ու այդպես գրանցվեցի։ Սկզբում ամեն ինչ լավ էր, մի քանի անգամ շահում էի, բայց հետո միանգամից ուժեղ տանուլ տվեցի՝ շատ մեծ գումարներ։ Դրանից հետո ստիպված էի վաճառել իմ անձնական ոսկիներից մի քանիսը, որպեսզի կարողանամ պարտքը փակել»։

«Կյանքումս շատ վատ շրջան էր (մանրամասն ներկայացնել չեմ կարող), ու դրանից հետո սկսեցի խորանալ դրա մեջ։ Սակայն հետո, շրջապատիս օգնությամբ, կարողացել եմ մի կերպ դուրս գալ դրա միջից»։

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ նման պատմությունները մի քանիսը չեն։ 2023 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարվել է շուրջ 6 տրիլիոն 320  միլիարդ  դրամի խաղադրույք, 2024 թվականին այդ թիվը հատել է 7 տրիլիոնի սահմանագիծը։ Ընդհանուր առմամբ՝ վերջին 8 տարիներին խաղադրույքների ծավալն աճել է 35 անգամ։ Այս վիճակագրությունը փոխելու նպատակով օրենսդրական տարբեր արգելքներ են  գործում, նաև սահմանվում են նորերը։  «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով, մասնավորապես,  սահմանափակված է որոշ քաղաքացիների՝ խաղերին մասնակցելու իրավունքը։  Օրինակ, արգելվում է այն անձանց մասնակցությունը, որոնք օգտվում են պետական աջակցության ծրագրերից, կամ սնանկ  են ճանաչվել, կամ չմարված պարտավորություններ ու վարկային վատ ունեն։

 «Գովազդի մասին» օրենքի էլ  Հայաստանում արգելվում է շահումով բոլոր տեսակի խաղերի, ինչպես նաև դրանց կազմակերպիչների վերաբերյալ ցանկացած գովազդ։ Այն  կարող են տեղադրվել միայն կազմակերպիչների  պաշտոնական կայքում և խաղատների շենքերի կամ սրահների վրա։

Սակայն վերջին շրջանում ՊԵԿ-ի իրականացրած մշտադիտարկումը ցույց է տվել, որ աճել են սահմանված արգելքների շրջանցման փորձերը։  Դրանք, ըստ կառույցի, կատարվում են  տարբեր մեխանիզմներով։

Մեջբերում ՊԵԿ–ի հաղորդագրությունից․ «Չնայած խիստ արգելքներին՝ սոցիալական ցանցերում պարբերաբար տարածվում են անուղղակի և քողարկված գովազդային բնույթի նյութեր։ Բլոգերները, երգիչներն ու մարզիկները հաճախ կրում են խաղային բրենդների տարբերանշաններով հագուստ, կամ նկարահանվում են կազինոների տարածքներում՝ ընդգծված բրենդավորմամբ։Խաղային գործունեությամբ զբաղվող ընկերությունները ևս փորձում են տարատեսակ մեխանիզմների կիրառմամբ շրջանցել գովազդի արգելքը»։

Պետական եկամուտների կոմիտեն նկատում է, որ ակտիվացել են նաև արտասահմանյան խաղային կայքերը, որոնք Հայաստանում ծառայություններ են առաջարկում բոնուսների ու թաքնված հաղորդագրությունների միջոցով։  Կառույցը հիշեցնում և զգուշացնում է ՝ օրենսդրական արգելքի շրջանցումը՝ քողարկված կամ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ, ենթակա է իրավական գնահատման և առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

Կարդացեք նաև

Back to top button