ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ռազմավարական օրակարգից՝ գործնական քայլերի․ ինչով է զբաղվելու ԵՄ-ՀՀ աշխատանքային նոր խումբը

Իր աշխատանքն է սկսել Հայաստան-Եվրամիություն նոր համատեղ աշխատանքային խումբը, ինչի մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Սա անցած տարվա վերջին ընդունված «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի» կյանքի կոչման գործնական մեխանիզմներից է՝ խորացնելու երկկողմ գործակցությունը։ Ինչ է հայտնի այս խմբի մասին, ու ինչ է ակնկալվում:

Հունիսի 8-ին իր աշխատանքը սկսած ԵՄ-Հայաստան աշխատանքային նոր խմբի  ստեղծման մասին կողմերը պայմանավորվել էին ընդամենը օրեր առաջ՝ հունիսի 4-ին։ Որ խումբը սկսում է գործել՝  հայտարարեց Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ Հայաստանի վարչապետի վերընտրման առիթով շնորհավորական իր խոսքում։ Ուշագրավ է, որ Կոսը կիրառել է Task Force տերմինը, ոչ թե պարզապես Working Group։ ԵՄ փաստաթղթային լեզվում Task Force-ը սովորաբար ավելի բարձր մակարդակի, կոնկրետ նպատակ ունեցող համակարգող մեխանիզմ է, քան սովորական աշխատանքային խումբը։

Հրապարակային աղբյուրներում այդ աշխատանքային խմբի մասին տեղեկատվությունը սահմանափակ է, բայց մի քանի եզրակացություն կարելի է անել։  

Ի՞նչն է պաշտոնապես հայտնի։

Կոսը հայտարարել է, որ Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի ստեղծման նպատակը «Երևանի և Բրյուսելի միջև գործընկերության հետագա խորացումն է»։ Այլ մանրամասներ՝ կազմ, համանախագահներ, նիստերի պարբերականություն կամ մանդատ, դեռ չեն հրապարակվել։

Ինչո՞ւ է այն ստեղծվում։

Ժամանակագրությունը հուշում է, որ խումբը ստեղծվում է երեք առանցքային քաղաքական որոշումների ֆոնին.

  1. 2025-ի դեկտեմբերին ընդունվեց Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը (Strategic Agenda)։
  2. 2026-ի մայիսին Երևանում  Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին կողմերը հայտարարեցին հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու մասին՝ հատկապես կապուղիների, էներգետիկայի, թվայնացման, տնտեսական ինտեգրման և անվտանգության ոլորտներում։
  3. Ռազմավարական օրակարգն ինքնին շատ ծավալուն քաղաքական փաստաթուղթ է, և դրա իրականացման համար անհրաժեշտ է համակարգող մշտական հարթակ։ Հենց այդ դերը,  հավանակաբար, կկատարի աշխատանքային նոր խումբը։

Հրապարակված տեղեկություններից կարելի է ենթադրել, որ Task Force-ի ստեղծման  առիթներից մեկը ռուսական սահմանափակումներին ԵՄ-ի արձագանքն է։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հունիսի 4-ին Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր ոչ միայն ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթի մասին, այլև, որ ԵՄ-ն կտրամադրի առևտրի դյուրացման միջոցներ, կօգնի հայկական արտադրողներին նոր շուկաներ գտնել, և որ ստեղծվում է համատեղ ԵՄ-Հայաստան աշխատանքային խումբ, որը պետք է համակարգի այդ նախաձեռնությունների իրականացումը։

Նույն հայտարարության մեջ ֆոն դեր Լայենը փաստացի կապում է երեք բան.

  1. ֆինանսական աջակցությունը,
  2. հայկական ապրանքների համար նոր շուկաների բացումը,
  3. Task Force-ի ստեղծումը, որը և, ըստ ամենայնի, պետք է «հետևի այս նախաձեռնությունների իրականացմանը»։

Բայց այստեղ կա մի կարևոր ճշգրտում։

Եթե խոսքը գնում է, օրինակ, ծաղիկների, մրգերի կամ գյուղմթերքի ԵՄ շուկա արտահանելու, լոգիստիկ խնդիրների, մաքսատուրքերի կամ նոր գնորդներ գտնելու մասին, ապա Task Force-ը կարող է զբաղվել այդ քաղաքականության համակարգմամբ։ ԵՄ-ն արդեն հայտարարել է հայկական ծաղիկների արտահանմանը աջակցելու, Լատվիայի և Նիդերլանդների շուկաների հետ կապեր ստեղծելու մասին։

Սակայն եթե հարցն այն է, թե ԵՄ-ն կօգնի՞, որ հայկական բեռները կրկին Ռուսաստան հասնեն, ապա, ընդհակառակը, ԵՄ պաշտոնյաները խոսում են արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, նոր շուկաների որոնման և ԵՄ շուկա մուտքի հեշտացման մասին։

Ինչով է այս խումբը տարբերվում գոյություն ունեցող ձևաչափերից

Սա շատ կարևոր նրբություն է։ Հայաստան-ԵՄ հարաբերություններում արդեն կան պաշտոնական կառույցներ՝ CEPA-ի շրջանակում գործող Գործընկերության խորհուրդը (Partnership Council), տարբեր ենթակոմիտեներ և ոլորտային  շփման հարթակներ։ Նոր աշխատանքային խումբը դրանց փոխարեն չի ստեղծվում, այլ, ըստ ամենայնի, պետք է զբաղվի հենց ռազմավարական օրակարգի քաղաքական առաջնահերթությունների   համակարգմամբ։ Այլ կերպ ասած՝ եթե ռազմավարական օրակարգը սահմանում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ռազմավարական ուղղությունը, ապա նորաստեղծ աշխատանքային խումբը պետք է ապահովի այդ նպատակների գործնական իրականացումը։

2025 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունված ռազմավարական օրակարգը սահմանում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման առաջնահերթությունները առաջիկա տարիների համար։ Փաստաթուղթը նախատեսում է գործակցության խորացում ժողովրդավարության, արդարադատության, տնտեսական զարգացման, էներգետիկայի, թվայնացման, կապուղիների, ինչպես նաև անվտանգության և դիմակայունության ոլորտներում։

Մարտին Երևանում հանձնակատար Մարթա Կոսն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել էին ռազմավարական օրակարգի շուրջ պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ այն պետք է դառնա երկկողմ հարաբերությունների խորացման հիմնական ուղենիշը։ Օրակարգի իրագործումը կապվում է նաև ԵՄ-ի 270 միլիոն եվրոյի «Դիմակայունության և աճի ծրագրի» հետ, որը նախատեսված է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանն աջակցելու համար։

Կարդացեք նաև

Back to top button