
ԵՄ–ԵԱՏՄ և Հայաստան–Ռուսաստան առճակատման այս փուլում կողմերը դեռևս շոշափում են իրավիճակը և հայտարարությունների մակարդակով պաշտոնապես իրար զգուշացնում հետագա հնարավոր քայլերի և դրանց հետևանքների մասին։ Հայաստանը արդեն նաև փակագծեր է բացում, թե ինչ քայլերի կարող է դիմել ի պատասխան ռուսական սահմանափակումների։
Ուշագրավ է, որ դեպքերի նման ընթացքը դեռևս տարվա սկզբին կանխատեսել էր Արտաքին հետախուզության ծառայությունը ռիսկերի տարեկան գնահատման ժամանակ։ Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշել է, որ ընտրություններից հետո ուշադրություն պետք է դարձնեն անվտանգության ամրապնդմանը։
2026–ի ընտրությունների շրջանը հաղթահարելուց հետո կառավարող ուժը իր առաջնային աշխատանքներում ընթանալու է կոնկրետ ուղղությամբ։ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է․
«Մենք մեծ ծրագրեր ենք սկսել և ակնհայտ է, որ մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք անվտանգության ամրապնդմանը, խաղաղության այն գործընթացների տրամաբանության մեջ, որ տեղի են ունեցել»։
Ասածն ակնհայտորեն Ադրբեջանի հետ հաստատվող խաղաղության և տարածաշրջանային փոխկապակցվածությանն ուղղված ծրագրերի մասին է։ Հայաստանի հիմնական արտաքին մարտահրավերները դեռ 2026–ի սկզբին ձևակերպել էր Արտաքին հետախուզության ծառայությունը։ Կառույցը գրեթե անհավանական էր համարել Հայաստան–Ադրբեջան ռազմական էսկալացիան։ Գնահատման սանդղակում այդ «գրեթե» ձևակերպումը նշանակում է 10 %–ից ցածր հավանականություն։ Կառույցի ղեկավար Քրիստինե Գրիգորյանը 2026–ի համար արտաքին ռիսկերը ավելի նվազ է համարել, քան ներքինը․
«Ռազմաքաղաքական ռիսկերի իմաստով, միանշանակ, այո, շատ ավելի խաղաղ, շատ ավելի հանգիստ տարի ենք սպասում, բայց ներքին կայունության և ժողովրդավարական ընտրությունները պատշաճ կերպով ապահովելու և ժողովրդավարությունը պաշտպանելու իմաստով, իհարկե, ռիսկեր կան։ Գաղտնիք չէ, որ ընտրությունները ժողովրդավարական հասարակություններում արտաքին դերակատարների համար պարարտ հնարավորություն են ստեղծում իրենց ազդեցությունը կամ իրենց ցանկալի ազդեցությանը փորձել հասնելու տվյալ երկրում` օգտագործելով ժողովրդավարական ընտրական համակարգերը և դրանց ստեղծած հնարավորությունները։ Մեր առանձնահատկությունները դրանք մեր արտաքին քաղաքական և տնտեսական, ինչպես նաև անվտանգային են, միջավայրն է, որոնք կարող են ստեղծել հնարավորություն նման վնասակար գործողությունների կամ միջամտության փորձերի համար»։
Արդեն ընտրությունների ընթացքում հիբրիդային սպառնալիքների, հեղափոխություն անելու տարբեր ուժերի մտադրությունների մասին բացահայտումների և գաղտնալսումների փաստերի մասին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը ԱԺ–ում հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանելուց․
«Ես ասացի, չէ՞, քաղաքական հարցեր չտաս ինձ։ Ֆինանսական, տնտեսական հարցեր եթե ունեք, խնդրեմ, տվեք, պատասխանեմ»։
Նախընտրական շրջանում տեսանելի և զգալի կերպով լարվեց Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ընտրություններից առաջ Կրեմլը աննախադեպ սահմանափակումներ կիրառեց հայ գործարարների հանդեպ, նաև Հայաստանին բացահայտորեն զգուշացրեց դեպի ԵՄ գնալու տնտեսական վտանգների և վնասների մասին։ Հայաստանի թե՛ ղեկավարությունը, թե՛ վերլուծական դաշտի մի մասը համոզված են, որ հունիսի 7–ից հետո կոշտ հռետորաբանությունը կմեղմվի և քայլ առ քայլ իրավիճակը կշտկվի։ Հանրային ռադիոյի եթերում նույնը պնդել է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․
«Ստեղծված իրավիճակում, երբ ակնհայտ կլինի, թե ինչպիսի որոշում է կայացրել հայ հանրությունը, կհաջողվի աշխատանքային կարգով մեր ռուսաստանյան գործընկերների հետ հարթել այդ իրավիճակները»։
Թեև Հայաստանի վարչապետը ավելի վաղ հաստատել էր ընտրություններից հետո Մոսկվա մեկնելու մտադրությունը, Կրեմլը հաղորդում է, որ Փաշինյան–Պուտին հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռ չկա։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է․
«Համապատասխան որոշումները կընդունվեն՝ կախված ընտրական գործընթացների ավարտից։ Գիտեք, որ հունիսի 14-ին ընտրությունների արդյունքների մասին հայտարարություն է սպասվում։ Գիտեք նաև, որ այնտեղ ընտրությունների շատ մասնակիցներ մտադիր են բողոքարկելու, վերահաշվարկ կլինի և այլն, այսինքն՝ բավական բարդ է և երկար»։
Ռուսաստանի նախագահը նաև շնորհավորանքի համար է սպասում հայաստանյան ընտրությունների պաշտոնական արդյունքներին։
Մինչև այս պահը Ռուսաստանի հետ հարաբերություններում և շփումներում Հայաստանը առաջնորդվել է տարբեր պայմանական սցենարներից առաջինով՝ ասում է Արայիկ Հարությունյանը, հաստատելով, որ կան նաև այլ սցենար և քայլերի հաջորդականություն, եթե չհաջողվի Ռուսաստանի հետ հարթել խնդիրները․
«Մենք գործել ենք «պլան Ա»–ով։ «Պլան Ա»–ն այն է, որ այս իրավիճակը կհարթվի նաև, որովհետև մենք ԵԱՏՄ–ի անդամ ենք և ԵԱՏՄ–ում ունենք նույնպիսի իրավունքներ ինչպես մյուս երկրները և ունենք նույնպիսի գործիքակազմ, ինչպիսին ունեն մյուս երկրները։ Մենք այդ գործիքակազմի տրամաբանության մեջ պատրաստվում ենք պաշտպանելու մեր շահերը, և կարծում եմ` կկարողանանք պաշտպանել»։
ԵԱՏՄ գործիքակազմը տարբեր հնարավորություններ է տալիս միության անդամ պետություններին։ Մասնավորապես՝ կա ինստիտուցիոնալ վետոյի և ձայնի իրավունք։ ԵԱՏՄ բարձրագույն և միջկառավարական խորհուրդներում որոշումներ ընդունելը կոնսենսուս է պահանջում: Հայաստանը, օգտագործելով իր իրավունքները, կարող է արգելափակել կամ բանակցությունների միջոցով չեզոքացնել իր շահերին հակասող որոշումները։ Կան նաև վեճերի կարգավորման իրավական մեխանիզմներ՝ ընդհուպ ԵԱՏՄ դատարանը։ Կամ, օրինակ, պատժամիջոցային ճնշումները կարող են որակվել որպես Մաքսային միության և ազատ տեղաշարժի սկզբունքների խախտում: Հայաստանը պահանջում է հարգել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի դրույթները՝ ապրանքների անխոչընդոտ տարանցման և արտահանման համար։ Ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը թույլ է տալիս երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարթելու քաղաքականացված հարցերը՝ կանխելով միության գործիքների օգտագործումը երկրի դեմ։ Ընտրություններից հետո լայն գործիքակազմից օգտվելու մեծ հավանականության մասին խոսել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
6 – «Ուղիղ ասեմ` ոչ միայն Հայաստանը այս պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ–ից, այլև ես ԵԱՏՄ–ի միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամ է երկու բարձրագույն կառավարման մարմինների։ Այդ լծակները ես պատրաստվում եմ օգտագործել և կօգտագործեմ։
Ինչ հայտարարություններ հնչում են, դրանք սին հայտարարություններ են։ Նրանք, ովքեր այդ հայտարարությունները անում են, պարզապես, մեր ժողովուրդը ասում է` տաք են, չէ՞, չեն հասկանում, որ նրանք փորում են Եվրասիական տնտեսական միության գերեզմանը բառիս բուն իմաստով»։
Փակագծերն ավելի շատ չբացելով՝ կառավարության աշխատակզմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պնդում է, որ իրականում ուռճացված են նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ–ից դուրս գալու հետևանքները։ Եվ դա առաջին հերթին բերում է հենց գազի գնի օրինակով․
«Իրենք անընդհատ 600, 700 դոլարի մասին են խոսում Եվրոպայում։ Նախ՝ այդպիսի գին հիմա Եվրոպայում չկա։ Երկրորդը՝ Հայաստանի սովորական սպառողը իր գազը գնում է ոչ թե սահմանին, այլ ռուսական «Գազպրոմ Արմենիա»–ից, և գնում է ոչ թե 165 $–ով, այլ գրեթե 2.5–3 անգամ ավելի թանկով։ Դա նշանակում է, որ եվրոպական գներից սովորական սպառողը գնում է ոչ թե մի քանի անգամ տարբերությամբ, այլ ընդամենը մի 20–30 % տարբերությամբ»։
Ի դեպ, մեկ այլ կառույց, որի շարժիչ ուժը հենց Ռուսաստանն է, պատրաստ է նոր սանկցիա կիրառելու Հայաստանի դեմ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պայմանավորվել են դիտարկել կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու հարցը։ Պատճառը Հայաստանի՝ երկու տարի անդամավճար չվճարելն է։
ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ երկրները երկու տարվա ընթացքում չեն կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու իրենց պարտավորությունները, խորհուրդը որոշում է ընդունում կասեցնելու այդ պետության քաղաքացիների՝ կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում առաջադրվելու իրավունքը, ինչպես նաև նրանց զրկելու կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։
Հայաստանն իր հերթին բազմիցս քննադատել է կառույցը անգործության համար, հատկապես Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների և տարածքներ օկուպացնելու պատճառով։ Այդ օրերին Հայաստանը դիմել էր կառույցին, բայց իրավիճակին անգամ քաղաքական գնահատական չտրվեց։ Սա հայկական կողմին թույլ տվեց հայտարարել, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ–ից, այլ ՀԱՊԿ–ը՝ Հայաստանից։ Ըստ պաշտոնական Երևանի՝ երկու տարի կառույցի աշխատանքներին չմասնակցելը հենց պատասխանն է ՀԱՊԿ–ի անգործությանը։




