
Իրավապահ մարմինների պատասխանատուները խորհրդարանում էին՝ ներկայացնելու նախորդ տարվա բյուջեի կատարողականը։ Պատգամավորների և լրագրողների հարցերը, սակայն, գլխավորապես ընտրական գործընթացների մասին էին․ ո՞վ, ինչպե՞ս և ե՞րբ կձևավորի նոր խորհրդարանը, ինչո՞ւ է անհամապատասխան թվեր հրապարակել ԿԸՀ-ն, և որքանո՞վ բացահայտվեցին ընտրական հանցագործությունները։
Սահմանադրության վերանայված տեքստը կհրապարակվի 1-2 շաբաթից՝ հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Այս ընթացքում բոլոր պատասխանատուներն իրենց դիտարկումները պետք է ներկայացնեն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին։ Գալյանն ընդգծեց՝ մայր օրենքի վրա աշխատում են ամենօրյա ռեժիմով, վերջին նիստը ճեպազրույցից ժամեր առաջ է եղել․
«Եվս մեկ կամ երկու քննարկում կունենանք և կորոշենք` պատրաստ ենք հրապարակելու, թե ոչ։ Տեքստը պատրաստ չէ, որովհետև մեր մի շարք գործընկերներ ուղղակի չեն հասցրել դիտարկումներ ներկայացնել, և սա միանձնյա որոշում չէ՝ հրապարակելը կամ չհրապարակելը»։
Սահմանադրության նոր տեքստը ընդունել-չընդունելու թեման նոր երանգներ է ստանում հատկապես այս օրերին, երբ «Քաղաքացիական պայմանագիրը»-ը, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, չի ստացել 50+1 տոկոս ձայն։ Լրագրողները նախարարից հետաքրքվեցին՝ ի՛նչ այլընտրանքային սցենար ունի կառավարությունը։
«Ասում եմ, որ հիմա էլ չունենք սահմանադրական մեծամասնություն, բայց ձեր հարցի պատասխանը ժամանակն է։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի։ Մենք մեր աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափենք։ Կչափեն նաև մեր գործընկերները, որոնք այսօր մտածում են` ընդդիմադիր գործընկերները։ Նկատի ունեմ` ապագայում եթե կորոշեն, վերցնեն մանդատը, կչափեն նաև հանրային պահանջը իրենք և կկայացնեն որոշումը»։
Ընդդիմադիր ուժերը պատգամավորական մանդատը վերցնել-չվերցնելու որոշումը կհրապարակեն հունիսի 14-ից հետո։ Սա այն ժամկետն է, երբ ԿԸՀ-ն կներկայացնի ընտրությունների վերահաշվարկի արդյունքը։ Գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանցնի ԱԺ։ Այս ուժը նախնական արդյունքներով 0,03 տոկոսային կետով չի հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոս անցողիկ շեմը։ Եվ մինչև ԿԸՀ-ն կհրապարակի հարցի պատասխանը, Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել ուժի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար՝ խափանման միջոց ընտրելով երկրից բացակայելու արգելքը։ Հարցին՝ արդյոք Ծառուկյանը դեռ մնում է պատգամավորի թեկնածու, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն արձագանքեց․
«Ըստ էության՝ պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը»։
Այդ դեպքում ինչպե՛ս է Գլխավոր դատախազությունը պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել՝ Հովակիմյանը չմեկնաբանեց ։ Ընդգծեց միայն, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն հունիսի 14-ին՝ ըստ էության բացառելով հնարավոր վրիպումները կամ անհամապատասխանությունները․
«Հունիսի 14–ին մենք ունենալու ենք իդեալական արդյունքներ»։
Ընտրություններին մասնակցած երեք ուժ է դիմել վերահաշվարկի համար՝ «ԲՀԿ»-ն, «Միասնության թևեր»-ը և «Ուժեղ Հայաստանը»։ Հովակիմյանի խոսքով՝ ԿԸՀ-ն ընդհանուր առմամբ 555 տեղամասի արդյունքները վերահաշվարկելու դիմում է ստացել։ Վստահեցրեց՝ սխալ մուտքագրված թվերը ոչ թե քաղաքական ճնշման, այլ մարդկային սխալի հետևանք են․
«Եղել է սխալ մուտքագրում, տողեր են թռցրել, այսպես ասենք, մարդկային գործոն։ Անգիր չեմ հիշում, թե որերորդ ընտրատեղամասում, բայց հաստատ մարդկային հոգնածությունն է պատճառը»։
Վերահաշվարկը թափանցիկ է, քանի որ բոլոր հանձնաժողովներն աշխատում են ուղիղ եթերում, բացի այդ՝ ԿԸՀ-ն բոլոր ուժերի պատգամավորների թեկնածուներին տրամադրում է բոլոր արձանագրությունների քաղվածքներն ու այլ տեղեկություններ՝ ասում է Հովակիմյանը․
«Օրինակ, «Ուժեղ Հայաստան»-ը մեզանից խնդրել է, որպեսզի հնարավորություն տանք, որ արձանագրությունների պատճենները ձեռք բերեն, որովհետև մի քիչ մեծ թիվ է։ Մենք այդ հնարավորությունը տվել ենք։ Այսինքն՝ ամեն ինչ թափանցիկ գնում է»։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը մինչդեռ պնդում է․
«Հավասարությունը, արդարությունը, թափանցիկությունը, ընտրողի ընտրական իրավունքի գաղտնիությունը էականորեն խախտվել են»։
Մելոյանի խոսքով՝ նախընտրական շրջանում շատ են եղել իրենց ուժից ձերբակալությունները, ինչն էապես ազդել է ընտրությունների արդյունքի վրա․
«Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, կալանավորվել, այդ թվում, օրինակ, տարեց կանայք, ովքեր ընդամենը եկել և գրանցվել էին որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ։ Առավոտյան մտնում էին տներ, բերման էին ենթարկում՝ բացառապես ահաբեկելու նպատակով տանում, հարցաքննում էին և այնուհետև բաց էին թողում»։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի խոսքով՝ այդ բոլոր մարդիկ կանչվում են հարցաքննության՝ ընտրակաշառքների բացահայտման դեպքերով ցուցմունք տալու, և հարյուրավոր վկաներից որևէ մեկը դեռ չի հերքել իր մասնակցությունը․
«Ունենք 115 քրեական վարույթ, հարցաքննվել են հարյուրավոր անձինք, և որևէ անձ չունենք, ով հարցաքննության ընթացքում հերքած լինի և տվյալներ տրամադրած լինի, որ ձայնագրությունը կեղծված է, ասի՝ այդ խոսակցության հեղինակը ես չեմ կամ պահանջի, որ նշանակվի փորձաքննություն։ Նման որևէ տվյալ որևէ վարույթով մենք չունենք»։
Որևէ ձայնագրություն չի հրապարակվել ընդհանուր բովանդակությունից կտրված՝ մանրամասնեց Նահապետյանը։
«Նախաքննական մարմինը ե՞րբ է դրանք հրապարակում, երբ արդեն անցնում է բացահայտ գործողությունների։ Այսինքն, եթե մինչև այս պահը Հակակոռուպցիոն կոմիտեն կամ այլ իրավապահ մարմին գործել է գաղտնի՝ որևէ արտահոսք բացառելու համար, որ որևէ անձ որևէ տեղեկություն չունենա, ապա այն պահից սկսած, երբ արդեն իրականացվում են բացահայտ գործողություններ, այսինքն` խուզարկություն, հարցաքննություններ, դրանք արդեն հայտնի են էն շրջանակին, ովքեր ներգրավված են էդ վարույթի մեջ, այդ փուլից սկսած նոր հրապարակում է»։
Գոհար Մելոյանն այդ ձերբակալությունները քաղաքական հետապնդում է բնորոշում․
« Բոլոր դեպքերում, օրինակ, երբ մենք ինչ֊-որ գյուղում կամ ինչ֊-որ համայնքում ունենք նախընտրական քարոզչության իրավիճակ, եթե այն հաջող էր անցնում և բազմամարդ, անմիջապես նախորդ օրը մեր գրասենյակը հարձակման էր ենթարկվում ու, այո, հարձակման, որովհետև մեծածավալ իրավապահներներ էին ներխուժում, մարդկանց ձերբակալում էին, բնակարաններում խուզարկություններ էին տեղի ունենում»։
Նահապետյանի խոսքով՝ ձերբակալության կամ հարցաքննության կանչելու որոշումը մեկ օրում չի կարող ընդունվել։ Իրավապահները որոշում են խուզարկել կամ հարցաքննել, երբ ունեն բավարար հիմքեր․
«Մենք ունենք ավարտված քրեական վարույթներ։ 14 քրեական վարույթ 54 անձի վերաբերյալ արդեն իսկ ավարտվել և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան»։
Միաժամանակ, Նահապետյանի խոսքով, ընտրական հանցագործությունները դեռ լիարժեքորեն բացահայտված չեն։ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է հանցագործությունների մասին նոր հաղորդումներ ստանալ։ Սակայն կոմիտեի աշխատանքը Արթուր Նահապետյանը արդյունավետ է գնահատում հատկապես այն դեպքում, երբ կոմիտեում այս պահին կան թափուր հաստիքներ, 132 քննիչի փոխարեն այս պահին աշխատում են 72-ը, քննիչի 60 հաստիք թափուր է։




