
Անցած գիշեր ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Օգտագործված միջուկային վառելիքի կենտրոնական պահեստարանի՝ ՕՄՎԿՊ շենքերից մեկին եւ այնտեղ հրդեհի պատճառ դարձել, հայտնել են ուկրաինական «Էներգոատոմ» պետական ընկերությունն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:10-ին։ Մասնակիորեն վնասվել է բեռնարկղերի ընդունման շենքը, որտեղ օգտագործված միջուկային վառելիք չէր պահվում։
«40 քմ տարածք ընդգրկած հրդեհի օջախն օպերատիվորեն մեկուսացվել եւ ամբողջությամբ մարվել է։ Անձնակազմի շրջանում տուժածներ չկան։ ՕՄՎԿՊ-ի տարածքում ճառագայթային իրավիճակը նորմայի սահմաններում է», — ասվում է «Էներգոատոմ»-ի հաղորդագրության մեջ։
Օգտագործված միջուկային վառելիքի կենտրոնական պահեստարանը գտնվում է Չեռնոբիլի ատոմակայանի օտարման գոտում։ Այնտեղ պահվում է Ուկրաինայի բոլոր ԱԷԿ-երի օգտագործված վառելիքը։




