
Հայաստանում սպասվող ընտրությունների դիտարկումը թեև քաղաքական գործառույթ չէ, բայց հայտնվել է քաղաքական քննարկումների առանցքում։ Մոսկվան ու Երևանը տարաձայնություններ ունեն դիտորդական առաքելությունների կազմերի առնչությամբ։ Ռուսական կողմը զգուշացրել է, որ Երևանի այս դիրքորոշումը հաշվի կառնի հարաբերություններում։ Ընդհանուր առմամբ՝ հունիսի 7-ին սպասվող ընտրությունները դիտարկելու է շուրջ 400 տեղացի և 200ից ավելի միջազգային դիտորդ։
Հունիսի 7–ի ԱԺ ընտրությունները Հայաստանում դիտարկելու է շուրջ 600 դիտորդ։ Տեղական դիտորդների թիվը 370–ից ավելի է, ԱՊՀ-ից Հայաստան գործուղված դիտորդների թիվը հասնելու է 120–ի, իսկ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակությունը Հայաստանում աշխատելու է շուրջ 100 դիտորդով։ Դիտորդների թիվը դեռ կարող է փոփոխվել, քանի որ ընտրական գործընթացի կանոնակարգի համաձայն՝ դիտորդական առաքելությունները մինչև հունիսի 4-ը ներառյալ հնարավորություն ունեն իրենց հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու։
Եվրոպական դիտորդական առաքելության հետ այս պահի դրությամբ որևէ խնդիր արձանագրված չէ։ Առաքելության ղեկավարը Երևանում օրերս հանդիպեց ԿԸՀ նախագահի հետ։ Չեռնոգորիայի խորհրդարանի պատգամավոր Ջևրոսիմա Պեյովիչը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և անվտանգության գլխավոր հանձնաժողովի փոխնախագահն է։ Ակտիվորեն ներգրավված է եվրոպական ինտեգրման, անվտանգության ու պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովների աշխատանքում։
Քաղաքական աղմուկով է ուղեկցվել ԱՊՀ դիտորդական առաքելության գրանցումը։ Հայաստանը ոչ պաշտոնապես տեղեկացրել է դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի որոշ քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին։ Խոսքը Պետդումայի երեք պատգամավորների և Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետության ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների մասին է։ Թեև Ռուսաստանը չի հրապարակում նրանց անունները, բայց արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան որոշակի ենթադրություններով փակագծեր է բացում։ Նա հաստատում է, որ մերժված անձինք Հայաստանի համար անցանկալի գործիչների ցանկում ընդգրկված չեն։
Ռուս պաշտոնյան ենթադրում է, որ գրանցման մերժման պատճառ կարող է լինել ԵՄ պատժամիջոցների կիրառումը տվյալ անձանց նկատմամբ։ Պաշտոնական Մոսկվան սա որակել է որպես ոչ բարեկամական քայլ և զգուշացրել, որ մեջբերում․«պատրաստ չէ ընդունել այս տրամաբանությունը և ստիպված կլինի հաշվի առնել դա Երևանի հետ իր ապագա աշխատանքում»։ Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես դեռ չի արձագանքել Մոսկվայի գնահատականներին։
Ինչ վերաբերում է տեղական դիտորդներին, ապա ԿԸՀ–ում գրանցվել է տեղական 13 կազմակերպություն։ Այս պահի դրությամբ հավատարմագրված տեղական դիտորդների ընդհանուր թիվը 373 է։
«Ականատես»–ը դիտորդական ամենամեծ առաքելությունն է։ Այն միավորում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» և «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը»: Առաքելության կազմում ընդգրկված է 93 դիտորդ: Ամենափոքր դիտորդական առաքելությունում ընդգրկված է երկու անձ։ Այս հնարավորություններով են աշխատելու «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան կազմակերպությունը և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»–ը։
Դիտորդական կազմակերպությունները սովորաբար աշխատում են երկու փուլով՝ երկարաժամկետ և կարճաժամկետ։ Առաջինը սկսում է աշխատել ընտրություններից մեկ ամիս առաջ և դիտարկում է նախընտրական շրջանը, կարճաժամկետ առաքելությունը դիտարկում է բուն ընտրական գործընթացը։
Նախընտրական փուլում տեղական և միջազգային դիտորդական առաքելությունները հիմնականում ահազանգել են վարչական ռեսուրսի չարաշահման, ատելության խոսքի անթույլատրելի մակարդակի, կազմակերպչական թերացումների և ընտրողների վրա ճնշումների գործադրման մասին: «Արդար Քվե» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձությանը երեք խմբի է բաժանում մտահոգությունները։
«Մեզ հետ աշխատում է նաև իրավաբանական փորձագիտական խումբ, և այդ խմբի միջոցով կարողանում ենք վերլուծության ենթարկել, որ դեպքերը բացահայտ առերևույթ կապ ունեն ընտրախախտումների հետ։ 71 դեպքից 16 դեպք մենք արձանագրել ենք պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսների չարաշահման առումով, 12 դեպք` ատելության խոսքի նվաստացման, քաղաքական անհանդուրժողականության առումով և իհարկե, երրորդ տեղում անչափահասների և երեխաների ներգրավումն է քարոզարշավին, որը կազմել է 7 դեպք։ Այս ամենը ընդամենը 7–8 օրվա պատմություն է։ Մնացած դեպքերը և այդ դեպքերի հստակ նկարագրությունները կարող եք գտնել մեր վերջնական զեկույցում»։
Իրավապաշտպանները պարբերաբար հիշեցնում են քարոզչական բովանդակության մեջ երեխաներին ներառելու անթույլատրելիության մասին։ «Երեխայի իրավունքի մասին» ՄԱԿ–ի Կոնվենցիան արգելում է երեխաներին շահագործել և մանիպուլյացնել քարոզարշավի ընթացքում։ Նրանք չեն կարող վանկարկել կարգախոսներ, բաժանել քարոզչական նյութեր կամ մասնակցել քաղաքական միջոցառումներին։
2026–ի նախընտրական շրջանն առանձնացավ ատելության խոսքի մեծ չափաբաժնով։ Այս դրսևորման կանխարգելումը Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական գործառույթներից է։ Անահիտ Մանասյանը հիշեցնում է, որ այս խնդրով օմբուդսմենի գրասենյակը նույնիսկ հատուկ հայտարարություններ է տարածել։
«Չէի ասի, որ այդ խոսքի տեսակները բացառվել են ընդհանուր խոսույթից, բայց երբ ընդհանուր դաշտն ենք մշտադիտարկում, առնվազն ատելության խոսքի տեսակների տարածելիության առումով, մի փոքր ավելի քչացել են, և ես կարծում եմ, որ դրանում կարևոր դերակատարություն է ունեցել թե՛ մեր, թե՛ մի շարք այլ դերակատարների, այդ թվում` ակտիվ, հրապարակային խոսքը հակազդեցության այս հարցերի հետ կապված։ Բայց, իհարկե, որպես մարդու իրավունքների պաշտպան, չեմ կարող հատուկ չշեշտադրել, որ նույնիսկ խոսքի այն տեսակները, որոնք միգուցե օրենքի տեսանկյունից պատժելի չեն, այսպես ասած, բայց դրանք չեն ընդգրկվում խոսքի ազատության սահմանների շրջանակներում, ես կոչ եմ անում նորից հորդորում եմ ուղղակի չօգտագործել քաղաքական գործիչներին, որովհետև դա ընդհանուր միջավայրի վրա շատ մեծ ազդեցություն է ունենում»։
2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավը միջազգային և տեղական դիտորդների, ինչպես նաև քաղաքական վերլուծաբանների կողմից բնութագրվում է հետևյալ հիմնական միտումներով. բարձր մրցակցության և բևեռվածության մթնոլորտը հանգեցրել են կոշտ հռետորաբանության։ Նախընտրական շրջանում շատ է խոսվում նաև ֆինանսական թափանցիկության խնդիրների մասին։ Տեղական դիտորդները, օրինակ՝ «Ականատես» դաշինքը, մտահոգություններ է հայտնել քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկության և նախընտրական հիմնադրամներից դուրս կատարվող ծախսերի վերաբերյալ։ Առաքելությունների ուշադրության կենտրոնում են նաև պաշտոնական դիրքի հնարավոր չարաշահումները և քարոզչության նպատակով վարչական ռեսուրսների ներգրավումը։ Դիտորդներն արձանագրում են նաև, որ քարոզչության զգալի մասը տեղափոխվել է սոցիալական ցանցեր, ինչն ուղեկցվում է ապատեղեկատվության և թիրախային արշավների մեծ ծավալով։




