Հասարակություն

«ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչը կանցկացվի Վանաձորում

Մայիսի 30-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 11-րդ մրցույթի եզրափակիչ հանրապետական փուլը։ Մրցույթի մարզային փուլերն այս տարի ունեցել են 1320 մասնակից, որոնցից հանրապետական փուլ են անցել 147-ը։

2015 թվականից անցկացվող «ԴիջիԿոդ»-ը դարձել է Հայաստանի կարևորագույն տեխնոլոգիական և կրթական իրադարձություններից մեկը՝ միավորելով ծրագրավորմամբ հետաքրքրված պատանիներին Հայաստանի բոլոր անկյուններից։ Մրցույթն անցկացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ճարտարագիտական կրթության «Արմաթ» ազգային ծրագիրը։

«ԴիջիԿոդ 2026»-ն անցկացվում է մի շարք անվանակարգերով՝ ընդգրկելով հետևյալ ուղղությունները՝ վիրտուալ լաբորատորիաներ, սարքերի ինտեգրում, հեքիաթներ, պատմումներ, համակարգչային խաղեր, ինտերակտիվ անիմացիա
ֆինանսական գրագիտություն, KTurtle/Կրիայ օլիմպիադա, Python օլիմպիադա։

«Ֆինանսական գրագիտություն» անվանակարգն այս տարի անցկացվում է առաջին անգամ։

Մրցույթի ծրագրում ներառված «KTurtle/Կրիայ» և «Python» օլիմպիադաներն ուղղված են լավագույն ալգորիթմական լուծումների բացահայտմանը։ Մասնակիցները կարող են ներկայացնել նաև սարքերի ինտեգրման նախագծեր՝ Python կամ C++ ծրագրավորման լեզուների կիրառմամբ։

Կրիայ և Python օլիմպիադաներին մասնակցությունը նախատեսված է անհատական ձևաչափով, իսկ մյուս անվանակարգերում երեխաները մասնակցում են ինչպես անհատապես, այնպես էլ թիմերով։

Հաղթողներին, ինչպես միշտ, սպասում են դրամական մրցանակներ, «Արմաթ» տեխնոճամբարի ուղեգրեր և արժեքավոր այլ նվերներ։

Կարդացեք նաև

Back to top button